05.29.2026
Կատեգորիա
Հասարակություն
ինքնություն

Սոցիալական ցանցերում մարդիկ ամեն օր ցույց են տալիս երջանիկ կյանք, հաջողություն, վստահություն ու «կատարյալ» իրականություն։ Բայց այդ փայլուն կադրերի հետևում հաճախ թաքնված է մի հարց, որը շատերը բարձրաձայն չեն տալիս՝ «իսկ ո՞վ եմ ես իրականում»։   

Ժամանակակից աշխարհում ինքնության ճգնաժամը դարձել է ավելի տեսանելի։ Արագ փոփոխվող կյանքը, արտաքին սպասումները և մշտական համեմատությունը մարդկանց ստիպում են ապրել ոչ թե իրենց, այլ հասարակության թելադրած կերպարով։ 

Հոգեբան Իռենա Մաթևոսյանի խոսքով՝ ինքնության ճգնաժամը նոր երևույթ չէ, սակայն այսօր այն ավելի խորքային բնույթ է ստացել։ Եթե նախկինում մարդու ինքնությունը հիմնականում ձևավորվում էր ընտանիքի, համայնքի և հասարակության հստակ դերերի միջոցով, ապա այսօր մարդը կանգնած է անընդհատ ընտրության առաջ։ 

«Այսօր մարդը ապրում է չափազանց արագ փոփոխվող միջավայրում, որտեղ սոցիալական ցանցերը, տեղեկատվության մեծ հոսքը, համեմատության մշակույթը և մշտական կատարյալ լինելու պահանջը հաճախ խաթարում են ներքին կայունությունը։ Եթե նախկինում մարդու ինքնությունը մեծապես ձևավորվում էր ընտանիքի կամ մշակութային հստակ դերերի միջոցով, ապա այժմ մարդը կանգնած է անընդհատ ընտրության առաջ՝ ո՞վ լինել, ինչպե՞ս ապրել և ինչին հավատալ։ Միաժամանակ ժամանակակից աշխարհը մարդկանց տվել է ավելի մեծ ազատություն ինքնաարտահայտման համար, բայց այդ ազատության հետ հաճախ գալիս է նաև անորոշություն՝ ներքին տատանում և սեփական եսի կորուստ», -նշեց է հոգեբանը։ 

Հատկապես երիտասարդների շրջանում սոցիալական ցանցերը դարձել են ինքնության ձևավորման հիմնական գործոններից մեկը։ Շատերը սկսում են իրենց գնահատել լայքերի, հավանության և հանրային ընդունման միջոցով։ Արդյունքում մարդը հաճախ փորձում է լինել այնպիսին, ինչպիսին սպասում է արտաքին աշխարհը, ոչ թե ինքն է ցանկանում։ 

«Մարդը կարող է զգալ շփոթություն, ներքին դատարկություն, ինքնագնահատականի անկում, հուզական անկայունություն։ Հաճախ նա սկսում է ապրել արտաքին սպասումներով, սոցիալական դերերով կամ ուրիշների հավանությունը ստանալու փորձով՝ աստիճանաբար հեռանալով իր սեփական ինքնությունից։ Այս փուլում մարդը սկսում է հարցնել՝ ո՞վ եմ ես, ի՞նչ իմաստ ունի իմ կյանքը, ի՞նչն է իրականում իմը»,-բացատրեց  Մաթևոսյանը։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք նաև բլոգերների հետ, ովքեր ամեն օր ապրում են սոցիալական ցանցերի ճնշման ու հանրային ուշադրության տակ։

Բլոգեր Անի Մուրադյանի խոսքով՝ սոցիալական ցանցերում մշտապես «լավը» ցույց տալու ճնշումը իրական խնդիր է, որի հետ բախվում են շատ բլոգերներ։  

«Որպես բլոգեր՝ ես շատ լավ հասկանում եմ այդ ճնշումը։ Մի շրջան կար, երբ եթե իմ կյանքում երկար ժամանակ ինչ-որ «բում», մեծ հաջողություն կամ վառ իրադարձություն չէր լինում, ես ինձ արժեզրկված էի զգում։ Թվում էր՝ եթե անընդհատ առաջընթաց, գեղեցիկ կադրեր կամ երջանկության ապացույցներ չկան, ուրեմն ես հետ եմ մնում։ Բայց ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ սոցիալական ցանցերը մարդկանց կյանքի ամբողջական պատկերը չեն: Վերջերս սկսել եմ հետ գալ իրականություն, ավելի քիչ համեմատվել ու ավելի շատ լսել ինքս ինձ։ Կարծում եմ՝ ամենավտանգավոր պահը գալիս է այն ժամանակ, երբ հանրությանը ցույց տված կերպարն այնքան է հեռանում իրական քեզնից, որ սկսում ես մոլորվել հասկանալու մեջ, թե իրականում ով ես»»,- ասաց բլոգեր Անի Մուրադյանը։

Բլոգեր Էդիտա Մարտիրոսյանի խոսքով՝ սոցիալական ցանցերում տարածված «իդեալական կյանքի» պատկերները հաճախ հեռու են իրականությունից, և ժամանակն է նորմալիզացնել իրական, սովորական պայմաններում ապրելը։

«Ես ուզում եմ, որ մարդիկ վերջապես հասկանան՝ նորմալ է ապրել հասարակ բնակարանում, ունենալ սովորական առօրյա, չապրել շքեղության կամ ցուցադրական կյանքի ստանդարտներով։ Ինստագրամում շատ հաճախ ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե հաջողությունն ու արժեքը չափվում են միայն շքեղ տներով, ճանապարհորդություններով կամ կատարյալ կադրերով, բայց իրական կյանքը այդպիսին չէ։ Կարևոր է ընդունել, որ յուրաքանչյուրի իրականությունը տարբեր է, և հասարակ, սովորական կյանքը ոչ թե թերություն է, այլ լիարժեք ու արժանապատիվ ընտրություն»»,- նշեց բլոգեր Էդիտա Մարտիրոսյանը։ 

Անանուն մնալ ցանկացող բլոգերի խոսքով՝ սոցիալական ցանցերում մշտապես «իդեալական» պատկեր ստեղծելու ճնշումը հաճախ աննկատ կերպով փոխում է մարդու ներքին աշխարհը։  

«Երբ սկսում ես բովանդակություն ստեղծել, կարծես կամաց-կամաց ընկնում ես այն թակարդը, որ պետք է միշտ լավ, հաջողակ ու հետաքրքիր երևաս։ Մի պահ նույնիսկ ինքդ քեզ սկսում ես չափել լայքերով ու արձագանքով, ու դա կարող է քեզ հեռացնել իրական զգացողություններից։ Ես հասկացել եմ, որ երբ փորձում ես միշտ կատարյալ երևալ, սկսում ես կորցնել իրական կապը քեզ հետ, և հենց դա է ամենավտանգավորը»»,- հավելեց անանուն բլոգերը։ 

Ըստ հոգեբանի՝ ինքնության ճգնաժամը հաճախ ակտիվանում է կյանքի բարդ փուլերում՝ հարաբերությունների ավարտից, մասնագիտական փոփոխություններից կամ ներքին արժեքային կորուստներից հետո։ Այդ պահին մարդը սկսում է զգալ, որ այլևս չի ճանաչում իրեն։

«Ինքդ քեզ գտնելու գաղափարը չի նշանակում գոյություն ունեցող իդեալական եսի որոնում։ Ավելի առողջ մոտեցմամբ խոսքը սեփական զգացմունքների, արժեքների, սահմանների և իրական կարիքների ճանաչման մասին է։ Սակայն երբ այս գաղափարը ներկայացվում է չափազանց ռոմանտիկացված ձևով, մարդը սկսում է մտածել, թե պարտադիր պետք է ամբողջությամբ գտնի իրեն և երբեք չկասկածի: Իրականում ինքնությունը կայուն մեկ անգամ ձևավորվող բան չէ, այն զարգանում և փոփոխվում է կյանքի փորձի, հարաբերությունների, ճգնաժամերի և ընտրությունների ընթացքում»,- նշեց հոգեբանը։ 

Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ հիասթափվում են հենց այն պատճառով, որ սպասում են «վերջնական պատասխանների»։ Սակայն ինքնությունը, ըստ մասնագետի, մշտական փոփոխվող գործընթաց է, և կասկածները բնական մասն են մարդու զարգացման։

Ինքնաճանաչման որոնումների ընթացքում շատ մարդիկ սկսում են դիմել մեդիտացիաների, էներգետիկ պրակտիկաների կամ տարբեր հոգևոր մեթոդների։ Վերջին տարիներին դրանք մեծ տարածում են ստացել հատկապես սոցիալական ցանցերում։

«Որոշ մարդկանց համար նման պրակտիկաները կարող են օգնել ավելի լավ լսել սեփական հույզերը, նվազեցնել ներքին լարվածությունը և վերականգնել կապը իրենց ներքին աշխարհի հետ։ Սակայն լինում են նաև իրավիճակներ, երբ մարդը այդ պրակտիկաներին դիմում է ոչ թե ինքնաճանաչման, այլ իրական խնդիրներից խուսափելու նպատակով: Երբեմն մարդը փորձում է հոգևոր բացատրություններով շրջանցել ցավը, չբախվել ներքին կոնֆլիկտներին կամ չլուծված տրավմատիկ փորձին»,- ասաց հոգեբանը։ 

Մասնագետի խոսքով՝ եթե մարդը փորձում է միայն «դրական մտածողությամբ» փակել իր ներքին ցավը, ապա խնդիրը սովորաբար մնում է չլուծված։ Իրական փոփոխությունը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը պատրաստ է առերեսվել սեփական դժվարություններին։

Շատերն են խոսում գիտակցված կյանքի, հոգևոր զարգացման և ներքին աճի մասին։ Սակայն հոգեբանի խոսքով՝ իրական ինքնաճանաչումը հեշտ ու հաճելի գործընթաց չէ։

«Առողջ ինքնաճանաչման դեպքում մարդը սկսում է ավելի ազնիվ տեսնել իրեն՝ ոչ միայն իր ուժեղ կողմերը, այլ նաև վախերը, սահմանափակումները և ցավոտ փորձը։ Իսկ ինքնախաբեության դեպքում մարդը կարող է շատ խոսել գիտակցվածության մասին, բայց շարունակել նույն դեստրուկտիվ օրինաչափությունները։ Հոգեբանական տեսանկյունից ինքնաճանաչումը ոչ թե հաճելի պատրանք ստեղծելու, այլ սեփական իրականությանը հնարավորինս հասուն և ընդունող ձևով մոտենալու գործընթաց է»․- եզրափակեց հոգեբանը։

Իրական ինքնաճանաչումը ժամանակի ընթացքում արտահայտվում է մարդու կյանքի մեջ՝ հարաբերություններում, սահմաններում, ընտրություններում և ներքին կայունության ձևավորման մեջ։

Այսպիսով, ինքնության ճգնաժամը թվային դարաշրջանում դարձել է լայն տարածում ունեցող երևույթ, որտեղ սոցիալական ցանցերը, համեմատությունը և «իդեալական կյանքի» պատկերները հաճախ ազդում են մարդու ինքնագնահատականի ու սեփական «ես»-ի ընկալման վրա։ Միաժամանակ այն կարող է դառնալ ինքնաճանաչման կարևոր փուլ՝ ստիպելով մարդուն վերանայել իր արժեքներն ու իրական ցանկությունները։ Ի վերջո, ինքնությունը մշտական փոփոխվող գործընթաց է, և կարևոր է սովորել մնալ իրական սեփական կյանքի ու ընտրությունների մեջ՝ առանց արտաքին ճնշումների։

Շուշան Ղազարյան