05.29.2026
Կատեգորիա
Դիմանկար
Ռաֆայել

Չորաթանի տներից մեկում խառնաշփոթ էր։ Տատիկը հացամանի մոտ մկնիկ էր նկատել ու շփոթված հետ քաշվել։ Մի քանի վայրկյան անց պարզվել էր՝ մկնիկը պլաստիլինից է, իսկ հեղինակը՝ Ռաֆայելն է, որը մի կողմ կանգնած հետևում էր՝ ինչ արձագանքի կարժանանա իր փոքրիկ փորձը։

Ռաֆայելի կապը արվեստի հետ ձևավորվել է ընտանիքում։ Նրա առաջին ուսուցիչը տատիկն է եղել՝ մասնագիտությամբ նկարչուհի, ով առաջիններից էր նկատել թոռան հետաքրքրությունն արվեստի հանդեպ ու օգնել զարգացնել այն։ Փոքր տարիքից Ռաֆայելն անընդհատ ինչ-որ բան էր ստեղծում՝ նկարում, կերպարներ պատրաստում, փորձարկում։ Տանը մինչ օրս հիշում են նրա պատրաստած մանր, բայց շատ իրական դետալներով աշխատանքները։

17 տարեկանում Ռաֆայելն արդեն սարսափ ժանրի գիրք էր գրել՝ դառնալով հեղինակ այն տարիքում, երբ շատերը դեռ փորձում են հասկանալ՝ ինչ մասնագիտություն ընտրել։

Հետո ընդունվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, բայց շուտով զորակոչվեց Հայոց բանակ։ Մի քանի ամիս անց որոշեց մնալ ու անցնել պայմանագրային ծառայության։

Իր ընտրությունը բացատրում է առանց ավելորդ բառերի․

«Պայմանագրային ծառայությունն ընտրեցի, որովհետև դա ինձ չէր խանգարում շարունակել իմ ստեղծագործական աշխատանքը»։

Հետո հանգիստ տոնով շարունակում է․

«Այսպես ես ավելի մեծ օգուտ եմ տալիս և՛ իմ երկրին, և՛ իմ գյուղին։ Միաժամանակ օգնում եմ ընտանիքիս, հետո էլ հնարավորություն կունենամ ներդրում անել իմ կրթության ու մասնագիտական զարգացման մեջ»։

Ծառայությունից դուրս նրա առօրյայում կարևոր տեղ ունի Մեյլիսը՝ իր ձին։

Ռաֆայել

Մեյլիսի մասին խոսելիս Ռաֆայելն անմիջապես փոխվում է․ ժպտում է, ձեռքերով ցույց տալիս՝ ոնց է շարժվում ձին։
«Անունը ընտրեցի «Վիշապի տունը» սերիալից․ Մեյլիսը վիշապներից մեկի անունն է, նշանակում է՝ Կարմիր թագուհի»,- ասում է նա։

Հետո ավելացնում է՝ անունը նաև շատ համապատասխան էր իր ձիու տեսքին՝ կարմրավուն նախշերով ու նուրբ կառուցվածքով։

Ձիերի հանդեպ սերը վաղուց է․

«Փոքրուց եմ սիրել ձիերին, միշտ երազել եմ ունենալ, նույնիսկ մի ամբողջ երամակ»։

Սկսել է մեկից, բայց արդեն հստակ պատկերացում ունի, թե ինչ է ուզում անել հետո։ Ապագայի մասին խոսելիս կանգ չի առնում՝ ձեռքերով ցույց է տալիս, բացատրում, թե ինչպիսին է պատկերացնում իր ֆերման։ Ասում է՝ ուզում է ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ կսովորեն ոչ միայն ձիավարություն, այլ նաև՝ ինչպես ճիշտ շփվել ու խնամել ձիերին։
Միաժամանակ շարունակում է աշխատել իր նոր գրքի վրա։

«Հիմա ծառայության մեջ եմ, աշխատում եմ, բայց դա չի խանգարում շարունակել նոր գրքիս աշխատանքները»։

Խոսքը «Էմիլի» սարսափ-միստիկ պատմության մասին է։ Արդեն պատկերացնում է նաև, թե ապագայում ֆիլմի դեպքում ովքեր կարող են մարմնավորել իր հերոսներին։

Իրական կյանքն էլ աննկատ մտել է գրքի մեջ․ Մեյլիսը դարձել է նրա պատմության հերոսներից մեկը։

Գյուղում էլ արդեն բոլորը գիտեն Մեյլիսին։ Ռաֆայելը ժպտալով պատմում է․

«Մեր գյուղում չեն ասում՝ ինչ-որ մեկի ձին այգին է մտել… ասում են՝ Ռաֆոյին ասեք՝ Մեյլիսը հրես մեր չփարումն ա»։
Նրանք, ովքեր Ռաֆայելին ճանաչում են դպրոցից, ասում են․

«Եթե Ռաֆայելը դասի չէր գալիս, դպրոցը միանգամից լռում էր»։

Այսօր նույն ակտիվությունն ու էներգիան պահպանվել են։ Պարզապես հիմա նրա կյանքի կարևոր մաս է դարձել նաև ծառայությունը, որը հաջողությամբ համատեղում է ստեղծագործական ծրագրերի ու նպատակների հետ։
 

Մանե Ասատրյան