Մեկնարկի կրակոցից հետո աշխարհը կարծես լռում է։ Չկան հանդիսատեսի ձայներ, չկան մրցակիցներ՝ միայն ուղիղ գիծն է և ժամանակը, որը չի ներում ոչ մի սխալ։ Այդ մի քանի վայրկյանների մեջ Մարտին Նավասարդյանի համար խտացած են ամիսների աշխատանքը, ցավը, սպասումը և այն հավատը, որը նրան ստիպել է նորից ու նորից վերադառնալ վազքուղի։ Վազքից հետո նա չի շտապում ուրախանալ։ Նախ նայում է ժամանակացույցի թվերին, որոնք նրա համար ավելի խոսուն են, քան ցանկացած մեդալ։ Յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր հարյուրերորդական նրա համար պատմություն է՝ թե որտեղ էր, ինչ հաղթահարեց և ինչ դեռ պետք է փոխի։
Կապանցի Մարտին Նավասարդյանը զբաղվում է սպրինտ վազքով՝ հանդես գալով 100 և 200 մետր մրցատարածություններում։ Նրա մրցումային ճանապարհը սկսվել է 2024 թվականի հունիսից։ Առաջին պաշտոնական մրցումը տեղի է ունեցել Գյումրիում՝ 2024թ. հունիսի 1-2-ին։ Այդ մրցումներում նա 100 մետր վազքում զբաղեցրել է 3-րդ տեղը և նվաճել իր առաջին մեդալը։ Սակայն դրանից առաջ նա արդեն մասնակցել էր մի քանի փոքր մրցումների, որտեղ հիմնականում զբաղեցրել էր 4-րդ տեղը՝ մնալով մրցանակային եռյակից մի քայլ հեռու։
«Մասնակցել էի մի քանի փոքր ու ոչ կարևոր մրցումների, և գրեթե բոլորում զբաղեցրել էի 4-րդ տեղը։ Սպրինտում դա ամենացավոտ տեղերից մեկն է՝ 2-րդի ու 4-րդի միջև տարբերությունը շատ փոքր է»,- պատմում է Մարտինը։
Նրա խոսքով՝ առաջին մեդալը կարևոր էր նաև մեկ այլ պատճառով. «Երբ ստացա առաջին մեդալը, նաև գրանցեցի երկրորդ կարգ՝ 11.8 արդյունքով։ Առանց դրա չէի կարողանա մասնակցել հաջորդ մրցումներին։ Այդ պատճառով այն ինձ համար ամենակարևոր և ամենաերկար սպասված մեդալն էր»։
2025 թվականի փետրվարին Վանաձորում անցկացված մրցումներում Մարտին Նավասարդյանը կարողացավ գրանցել իր առաջին հաղթանակը՝ զբաղեցնելով 1-ին տեղը։ Սա նրա առաջին ոսկե մեդալն էր։ Նույն տարվա մայիսին Արտաշատում անցկացված երեք մրցումների ընթացքում նա կրկին հաջող ելույթներ ունեցավ՝ նվաճելով մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ։
Հուլիսի 7-8-ին անցկացված Հայաստանի պատանիների առաջնությունում Մարտինը նվաճեց երեք մեդալ՝ մեկ ոսկե և երկու արծաթե։ Ավելի ուշ՝ սեպտեմբերին, Արտաշատում անցկացված մրցումներում նա կրկին կանգնեց պատվո հարթակին՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։
Մարզական ճանապարհին եղել են նաև դժվարություններ։ Մարտինը որոշ ժամանակ չի կարողացել շարունակել մարզումները ծնկի վնասվածքի պատճառով։ Դադարից հետո վերադարձը հեշտ չի եղել։
«Վնասվածքի պատճառով երկար ժամանակ չէի կարող մարզվել։ Երբ վերադարձա, ցավը դեռ մնում էր։ Երբեմն նույնիսկ հուսահատվում էի, երբ ցավը մի փոքր ուժեղանում էր։ Բայց շարունակում էի մարզվել, որովհետև նպատակներ ունեի»,- ասում է նա։
Չնայած այդ դժվարություններին՝ մարզումները շարունակվել են։ Ժամանակի ընթացքում նա հարմարվել է վնասվածքի հետևանքներին և փորձել կանխել դրա զարգացումը։ Ներկայումս Մարտին Նավասարդյանը պատրաստվում է մայիսին նախատեսված երկու կարևոր մրցումների։ Նշում է, որ ֆիզիկապես պատրաստ է մրցումներին, սակայն մրցակցությունը միշտ անկանխատեսելի է. «Ֆիզիկապես պատրաստ եմ մրցմանը, բայց սպասում եմ, որ մրցակիցներն էլ առաջընթաց կունենան։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչ պայքար կլինի։ Բայց մարզիչս ասում է, որ լավ արդյունք եմ գրանցելու»։
Մարտին Նավասարդյանն արդեն չորս անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Նրա արդյունքները ցույց են տալիս, թե ինչպես կարող է մեկ տարվա ընթացքում երիտասարդ մարզիկը անցնել մրցումային առաջին փորձերից մինչև երկրի արագավազքի խոստումնալից ներկայացուցիչներից մեկը դառնալու ճանապարհը:
Վերջին տարիներին մրցուղիները կարծես ավելի հաճախ են «հիշում» Կապանի անունը։ Հայաստանի տարբեր առաջնություններում ու մրցումներում նույն քաղաքից եկած երիտասարդների ներկայությունը այլևս պատահականություն չէ, այլ ձևավորվող միտում։ Փոքր քաղաք, բայց մեծ արագություն՝ այս հակադրությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում։
Մարտին Նավասարդյանը գալիս է այդ նույն քաղաքից՝ իր հետ բերելով նոր արագություն, նոր սպասումներ և նոր արդյունքներ։ Նրա հաջողությունները դեռ ճանապարհի սկիզբն են, բայց արդեն վկայում են մի բանի մասին՝ Կապանը սպրինտ վազքում ասելիք ունի։ Եվ երբ հերթական մեկնարկը տրվի, գուցե կրկին հնչի նույն անունը՝ ոչ միայն որպես մարզիկ, այլ որպես մի քաղաքի շարունակվող արագության պատմություն։
Մրցումներին մասնակցելու համեմատաբար կարճ ժամանակահատվածում նրա արդյունքները ցույց են տալիս կայուն առաջընթաց։ Սպրինտ վազքում, որտեղ յուրաքանչյուր վայրկյանի հարյուրերորդականը կարող է որոշել արդյունքը, նման առաջընթացը ձևավորվում է երկար մարզումների, փորձի և մրցումային մասնակցության շնորհիվ։ Երիտասարդ մարզիկի համար սա մրցումային ճանապարհի միայն սկիզբն է, որտեղ արդեն գրանցված արդյունքները ցույց են տալիս նրա հնարավորությունները սպրինտ վազքում։