Մայրաքաղաքի խցանումների խնդրի լուծման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մեկուկես տարվա ընթացքում ներդնել արհեստական բանականությամբ աշխատող լուսացույցներ, ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց ավտոբուս և կառուցել «Աջափնյակ» մետրոյի կայարանը։
Այս մասին մեր գրավոր հացմանն ի պատասխան տեղեկացրին քաղաքապետարանից՝ հավելելով, որ ստեղծվել է «Երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ, որի նպատակն է զբաղվել մայրաքաղաքի երթևեկության կառավարման և խցանումների նվազեցման հարցերով։
«Խցանումների հարցի լուծման ուղղությամբ առաջին քայլը երթևեկության կառավարումն է արհեստական բանականությամբ աշխատող լուսացույցների ներդրմամբ. ծրագիրը կտևի մոտ 1,5 տարի»,-նշում են քաղաքապետարանից:
Երկրորդ քայլով նախատեսվում է ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց ավտոբուս, իսկ երրորդը՝ «Աջափնյակ» մետրոյի կառուցումն է։ ««Աջափնյակ» մետրոյի կառուցումը 22 տոկոսով կավելացնի մետրոյից օգտվողների թիվը»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում։
Կառույցը նաև արձանագրում է, որ մայրաքաղաքում մարդատար մեքենաների քանակը մեծ տեմպերով աճում է, ինչն էլ ազդում է ճանապարհային ծանրաբեռնվածության վրա։
Հասարակական տրանսպորտի աշխատանքը բարելավելու և տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ արդեն կատարվել են մի շարք փոփոխություններ։ Այդուհանդերձ, որոշ քաղաքացիներ նշում են, որ առանձին գոտիների ներդրումը դեռևս ամբողջությամբ չի լուծել ընդհանուր խցանումների խնդիրը։
«Ամեն օր նույն գծերով եմ երթևեկում, խցանումները չեն պակասել․ 20 րոպե հեռավորությամբ ճանապարհը ամեն օր 1 ժամում եմ անցնում»,- ասում է Երևանի բնակիչ, ուսանող Անուշ Ստեփանյանը:
«Հասարակական տրանսպորտն, ունենալով առավելություն երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, երթևեկում է առանց հապաղումների»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։
Քաղաքապետարանը տեղեկացնում է նաև, որ առանձին փողոցներում սահմանվել է միակողմանի երթևեկություն, իսկ որոշ ճանապարհահատվածներում արգելվել է մեքենաների կանգառն ու կայանումը։
Ճանապարհային երթևեկության բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները շարունակական են և իրականացվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ համաձայնեցումից հետո։
Այսպիսով, քաղաքապետարանը խցանումների լուծման հիմնական ուղղությունները կապում է ինչպես նոր տեխնոլոգիական լուծումների, այնպես էլ հասարակական տրանսպորտի ընդլայնման հետ։ Սակայն Երևանի փողոցներում առկա իրավիճակը ցույց է տալիս, որ փոփոխությունների իրական ազդեցությունը դեռևս սպասվող փուլում է։