06.01.2026
Կատեգորիա
Կրթություն
ԱԲ

Վերջին տարիներին արհեստական բանականությունն արագորեն ներթափանցել է կրթական ոլորտ։ Հատկապես ուսանողների շրջանում լայն տարածում է ստացել ChatGPT-ն, որը դարձել է ոչ միայն տեղեկատվություն գտնելու, այլև առաջադրանքներ կատարելու, տեքստեր գրելու և գաղափարներ մշակելու գործիք։ Սակայն դրա ակտիվ կիրառումը առաջացրել է կարևոր հարց․ արդյոք ChatGPT-ն օգնում է ուսանողներին զարգանալ, թե աստիճանաբար ձևավորում է կախվածություն։ Արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր, և այսօր աշխարհի բազմաթիվ համալսարաններ փորձում են գտնել դրա ճիշտ օգտագործման սահմանները։

Աշխարհի առաջատար բուհերը սկսել են ակտիվորեն ուսումնասիրել ուսանողների կախվածությունը ԱԲ գործիքներից։ Օրինակ՝ King’s College London-ը ChatGPT-ն ամբողջությամբ չի արգելում, բայց նշում է, որ եթե ուսանողը ԱԲ է օգտագործել հանձնարարության մեջ, ապա պետք է նշվի։ Nottingham-ի համալսարանը թույլ է տալիս ԱԲ օգտագործել՝ գաղափարներ ստեղծելու, պլան կազմելու, քերականություն ստուգելու, հետազոտության համար, բայց արգելում է ամբողջական էսսե գրել։ 

Ըստ Higher Education Policy Institute և Kortext կազմակերպությունների 2025 թվականի հետազոտության՝ Մեծ Բրիտանիայի ուսանողների 92%-ը օգտագործում է ԱԲ գործիքներ ուսման ընթացքում, ինչը ցույց է տալիս, որ արհեստական բանականությունը աստիճանաբար դառնում է կրթական գործընթացի անբաժանելի մասը։ 

ԱԲ-ն ունի նաև կարևոր առավելություններ։ Այն օգնում է արագ գտնել տեղեկատվություն, թարգմանել նյութեր, մշակել գաղափարներ և խնայել ժամանակ։ Մայքլ Վուլդրիջը, ով արհեստական ​​բանականության ոլորտի առաջատար մասնագետ է, նշում է, որ ճիշտ կիրառման դեպքում ChatGPT-ն կարող է դառնալ ուսանողի օգնական, այլ ոչ թե նրա փոխարինողը։ Այդ պատճառով մի շարք համալսարաններ այժմ մշակում են կանոններ, թե ինչպես կարելի է կիրառել ԱԲ-ն կրթության մեջ՝ պահպանելով ակադեմիական էթիկան։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մեդիալաբի հետազոտող-գիտնական Նատալյա Կոսմինայի կատարած հետազոտության համաձայն՝ ChatGPT-ի չափազանց հաճախ օգտագործումը կարող է նվազեցնել ուսանողների քննադատական մտածողությունը, ստեղծագործական մոտեցումը և տեղեկատվությունն ինքնուրույն վերլուծելու կարողությունը։ 

ԱԲ-ի կիրառումը կրթական ոլորտում արդեն նկատվում է նաև Հայաստանում։ Ի տարբերություն միջազգային մի շարք համալսարանների, որտեղ արդեն գործում են արհեստական բանականության կիրառման հստակ կանոններ և սահմանափակումներ, Հայաստանում այս ոլորտը դեռ ամբողջությամբ կարգավորված չէ։ Հայաստանի բուհերի ուսանողները լայնորեն օգտագործում են ChatGPT-ն դասերի, պրեզենտացիաների և հետազոտական աշխատանքների պատրաստման ընթացքում, սակայն դեռևս չկան միասնական մեխանիզմներ, որոնք կհստակեցնեն՝ ինչ չափով է թույլատրելի ԱԲ-ի կիրառումը ուսումնական գործընթացում։ Մինչ միջազգային համալսարանները փորձում են համատեղել տեխնոլոգիական առաջընթացն ու ակադեմիական էթիկան, Հայաստանում այս քննարկումները դեռ ակտիվ ձևավորման փուլում են։

«Շատ հաճախ օգտագործում եմ պրեզենտացիաների և տեքստերի կառուցվածքը կազմելու համար։ Դա մեծ ժամանակ է խնայում, բայց փորձում եմ ամբողջ աշխատանքը չվստահել ԱԲ-ին»,- նշում է ուսանողուհի Աննա Գասպարյանը։

Այսօր կարևոր է ոչ թե ամբողջությամբ արգելել ԱԲ-ի օգտագործումը, այլ սովորեցնել այն կիրառել գրագետ ձևով։ 

«ChatGPT-ն հիմնականում օգտագործում եմ, երբ չեմ հասկանում բարդ թեմաները։ Երբեմն այն ավելի պարզ է բացատրում, քան դասագրքերը»,-ասում է նա։

Ուսանողները պետք է հասկանան, որ ChatGPT-ն կարող է օգնել սովորելու գործընթացում, բայց չի կարող փոխարինել մարդու մտածողությանը, վերլուծությանը և ստեղծագործական մոտեցմանը։ Կրթության ապագան, հավանաբար, հիմնված կլինի մարդու և արհեստական բանականության համագործակցության վրա, որտեղ տեխնոլոգիան կծառայի որպես աջակցող միջոց, ոչ թե հիմնական մտածող ուժ։

Հիմնական հարցը այլևս այն չէ՝ ուսանողները կօգտագործե՞ն ԱԲ, թե ոչ, այլ այն, թե արդյոք նրանք կկարողանա՞ն պահպանել սեփական մտածողությունը տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում։

Վիկտորյա Հարությունյան