06.01.2026
Կատեգորիա
Առողջապահություն
ուսանող

Ուսանողական և աշխատանքային ծանր գրաֆիկ, բաց թողնված նախաճաշեր և օրական մի քանի բաժակ սուրճ ճանապարհին: Արագ ռիթմով կյանքն այսօր թելադրում է նոր կանոններ, որտեղ առողջ սնունդը հաճախ մնում է երկրորդ պլանում։

Պարզելու համար, թե որքանո՞վ է այս միտումը տարածված Հայաստանում, իրականացրել ենք օնլայն ուսումնասիրություն՝ շուրջ 150 երիտասարդների շրջանում: Պարզվում է՝ հարցվածների զգալի մասը կանոնավոր չի նախաճաշում, օրը չի պատկերացնում առանց սուրճի, իսկ հիմնական սնունդը հաճախ փոխարինում է արագ սննդով։

Մասնակիցների գրեթե մեկ երկրորդը նշել է, որ նախաճաշելու սովորություն չունի։ Ամենատարածված պատճառը ժամանակի պակասն է․ շատերը պարզապես չեն հասցնում սնվել մինչև տնից դուրս գալը։ Ոմանք նշում են, որ առավոտյան ախորժակ չեն ունենում, մյուսներն էլ ասում են՝ այդ ռեժիմին արդեն սովորել են։

Նախաճաշը բաց թողնելը, սակայն, հաճախ անդրադառնում է ինքնազգացողության վրա։ Շատ մասնակիցներ նշել են, որ նման օրերին ունենում են թուլություն, էներգիայի պակաս, գլխացավ կամ կենտրոնանալու դժվարություն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հարցումների համաձայն՝ դեռահասների և երիտասարդների գրեթե 40-50%-ը կանոնավոր չի նախաճաշում։ Առավոտյան լիարժեք սնունդը հաճախ փոխարինվում է ավելի ուշ ժամի թխվածքով, բրդուճով կամ պարզապես սուրճով։

Սննդաբան Մարինե Գևորգյանի խոսքով՝ նախաճաշը պարբերաբար բաց թողնելը ժամանակի ընթացքում կարող է լուրջ հետևանքներ ունենալ։  

«Եթե մարդը չի հետևում ինտերվալային սովի հստակ ծրագրի, ապա նախաճաշի պարբերաբար բաց թողնելը կարող է բերել հորմոնալ փոփոխությունների, ինսուլինային տատանումների, իմպուլսիվ սնվելու և աղեստամոքսային խնդիրների։ Դա կարող է նպաստել նաև քաշի տատանումների, իմունային համակարգի թուլացման և ուշադրության նվազման»,- նշում է մասնագետը։

Արագ սնունդը ևս շատերի առօրյայի մասն է դարձել։ Մասնակիցների զգալի մասը նշել է, որ շաբաթվա ընթացքում առնվազն մի քանի անգամ օգտվում է արագ սննդից, իսկ մի մասը՝ գրեթե ամեն օր։

Պատճառները հիմնականում նույնն են՝ արագ է, հասանելի և հարմար։ Շատերը նշում են, որ ծանր գրաֆիկի պատճառով պարզապես չեն հասցնում տանը սնվել։

2026 թվականի փետրվարին ԱՀԿ-ի կողմից հրապարակված FEEDcities հետազոտության համաձայն՝ Երևանում 18-44 տարեկան անձինք շաբաթական միջինում երկու անգամ արագ սնունդ են օգտագործում։ Հետազոտությունը նաև փաստում է, որ փողոցային սննդի և արագ սննդի կետերում վաճառվող ուտեստները հաճախ պարունակում են աղի, շաքարի և տրանսճարպերի բարձր մակարդակներ։

Նշվում է, որ երիտասարդներին գրավում է ոչ միայն արագությունն ու հասանելիությունը, այլև սոցիալականացումը՝ ընկերներով արագ սննդի կետերում հանդիպելը և առաքման հավելվածների հասանելիությունը, ինչի հետևանքով սնունդ պատվիրելը դարձել է ամենօրյա սովորություն։

Մարինե Գևորգյանի խոսքով՝ խնդիրը ոչ այնքան արագ սնունդ օգտագործելն է, որքան դրա հաճախականությունը։ «Արագ սնունդը սովորաբար պարունակում է մեծ քանակությամբ կալորիաներ և տրանսճարպեր։ Դրանք կարող են նպաստել ճարպակալման, շաքարային դիաբետի զարգացման, ինչպես նաև տարբեր սննդային դեֆիցիտների առաջացմանը։ Կարող են առաջանալ նաև աղեստամոքսային խնդիրներ, մկանային թուլություն և հենաշարժողական համակարգի խնդիրներ։ Սակայն եթե արագ սնունդը օգտագործվում է ոչ հաճախ, օրինակ՝ շաբաթական մեկ անգամ, և մնացած սնունդը բալանսավորված է, դա այդքան վտանգավոր չէ»,- ասում է նա։

Եթե մի քանի տարի առաջ երիտասարդների առօրյան դժվար էր պատկերացնել առանց գազավորված ըմպելիքների, ապա այսօր դրանց տեղը հաճախ զբաղեցրել են սրճարաններից գնված սուրճերը։

Մասնակիցների գրեթե կեսը նշել է, որ օրական խմում է առնվազն մեկ-երկու բաժակ սուրճ, իսկ մոտ 20%-ը՝ երեք և ավելի։ 
Հարցվողների 51%-ը խոստովանել են, որ չեն պատկերացնում իրենց օրը առանց սուրճի և, չօգտագործելու պարագայում, հաճախ ունենում են քնկոտություն, էներգիայի պակաս կամ աշխատունակության անկում։ Ըստ հարցման արդյունքների՝ երիտասարդների մոտ 40%-ը միայն սուրճի վրա ամսական ծախսում է 15,000-30,000 դրամ։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի՝ 2025 թվականին հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանում տարեկան մեկ շնչի հաշվով սպառվում է մոտ 8 կիլոգրամ սուրճ, ինչը մոտ 80 անգամ գերազանցում է թեյի սպառման ծավալները։

Մասնագետների խոսքով՝ սուրճի օգտագործման մշակույթը փոխվել է։ Եթե նախկինում առավել տարածված էր ավանդական հայկական սուրճը, ապա այսօր երիտասարդների շրջանում մեծ տարածում ունեն քաղցրացված և կաթնային սուրճերը։
ԱՀԿ-ի տվյալներով՝ նման ըմպելիքների ընդամենը մեկ բաժակը կարող է պարունակել միջինը 23 գրամ շաքար, ինչը մեծահասակի օրական առաջարկվող առավելագույն չափի գրեթե կեսն է։

Միևնույն ժամանակ, սրճարաններից կամ փողոցային ավտոմատներից սուրճ գնելիս, սպառողը չի տեսնում, թե որքան շաքար կամ կալորիա է օգտագործում, քանի որ օրենսդրությունը չի պարտադրում նմանատիպ մակնշում պատրաստի սննդի համար:

Սննդաբան Մարինե Գևորգյանի խոսքով՝ բնական սուրճի օրական 3-4 բաժակը կարող է համարվել ընդունելի, եթե մարդը նորմալ սնվում է և չունի առողջական խնդիրներ։

«Եթե մարդը սուրճ է օգտագործում առանց նորմալ սնվելու, դա կարող է բերել թերսնման, սրտխփոցի, անքնության, նյարդային լարվածության և ճնշման տատանումների։ Պետք է տարբերել բնական սուրճը տարբեր հավելանյութերով և քաղցրացուցիչներով լուծվող ըմպելիքներից։ 

Բացի այդ, շատերը մոռանում են ջրի մասին. ծարավը ջրով հագեցնելու փոխարեն օգտագործում են քաղցր հյութեր կամ քաղցրացուցիչներով հարուստ ըմպելիքներ։ Սա օրգանիզմի համար ստեղծում է բարձր տոքսիկացիոն ծանրաբեռնվածություն (պարզ ածխաջրերի ավելցուկ), ինչը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների և ընդհուպ մինչև օնկոլոգիական հիվանդությունների առաջացման»,- զգուշացնում է սննդաբանը։

Մասնագետը խորհուրդ է տալիս այն երիտասարդներին, ովքեր ծանր և ակտիվ գրաֆիկ ունեն՝ նախապես պլանավորել սնունդը և խուսափել իմպուլսիվ սնվելուց։

«Մարդու առողջությունն իր ափսեի մեջ է։ Կարևոր է նախապես պլանավորել օրվա սնունդը, ունենալ առողջ միջուտեստներ, լանչբոքսեր և հնարավորինս բաց չթողնել նախաճաշը»,- ասում է Գևորգյանը։

Այս խնդրին արձագանքում է նաև պետական համակարգը: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարզերում իրականացվում են «Առողջ ապրելակերպի իրազեկման դպրոցական արշավներ»: Երիտասարդների և դեռահասների հետ անցկացվում են կրթական հանդիպումներ ճիշտ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության, առողջ քնի և վնասակար սովորությունների կանխարգելման թեմաներով:

Ի վերջո, երիտասարդների շրջանում առողջ սնվելու մշակույթի ձևավորումը կարևոր է ոչ միայն այսօրվա լավ ինքնազգացողության, այլև ապագայում առողջական լուրջ խնդիրները կանխարգելելու համար:
 

Մարիամ Հակոբյան