06.01.2026
Կատեգորիա
Դիմանկար
Անի

Համալսարանի գրադարանի լուսավոր անկյունում, որտեղ միայն թղթերի խշխշոցն է խախտում լռությունը, Անին կենտրոնացած սովորում է: Նրա առջև դրված են պատմության և քաղաքական տեսությունների մասին դասագրքեր, որոնց կողքին տեղ են գտնում բիզնեսի կառավարման բարդ հաշվարկներով լի նոթատետրերը: Այս անցումը հումանիտար մտքից դեպի թվերն ու տրամաբանությունը նրա առօրյա իրականությունն է:

Ժամանակակից աշխարհում, որտեղ մասնագիտական կողմնորոշումը հաճախ սահմանափակվում է մեկ ուղղությամբ, 19-ամյա Անի Խաչատրյանի պատմությունը հնչում է որպես յուրօրինակ ընտրություն՝ ուղղված սեփական հնարավորությունների անսահմանությանը։ Այսօր նա միաժամանակ կրթություն է ստանում երկու տարբեր մասնագիտական ոլորտներում՝ Հայաստանի Ֆրանսիական համալսարանի «Կառավարում» և Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Քաղաքականություն և պետական կառավարում» ֆակուլտետներում։

Անին այն կերպարն է, ում արտաքին զսպվածությունն ու նուրբ ընդգծվածությունը թաքցնում են ներքին հզոր պարադոքսների մի ամբողջ համակարգ։ Նա չի սիրում վառ գույներ կամ արհեստական շեշտադրումներ։

«Ինձ թվում է՝ հենց իմ արտաքնից երևում է իմ ներքինի փակ ու զուսպ լինելը,– ասում է նա,– սիրում եմ, երբ ամեն ինչ նուրբ ընդգծվում է, ինչն էլ հենց արտացոլում է հոգիս»։

Նրա էությունը բացահայտվում է քննադատական մտածողության և ամեն ինչ հարցականի տակ դնելու անդադար ձգտման մեջ։

Դեռ Երևանի թիվ 130 հիմնական դպրոցի նստարանից նա փնտրում էր ոչ թե պատրաստի պատասխաններ, այլ երևույթների պատճառահետևանքային կապերը։

«Ես բոլոր առարկաների մեջ միշտ ոչ թե ճիշտ պատասխաններն էի փորձում գտնել, այլ այն, թե ինչու են դրանք ճիշտ»,– հիշում է Անին։

Մինչ հասակակիցները դասերից հետո շտապում էին խաղալու, նա արդեն երկրորդ կամ երրորդ պարապմունքին էր։ Այսօր էլ նա կարող է երեխայի պես անկեղծ ուրախանալ մի փոքրիկ հաջողությամբ, բայց միևնույն ժամանակ կայացնել այնպիսի որոշումներ, որոնք փոխում են կրթական համակարգի մասին պատկերացումները։

Անիի կյանքում բեկումնային էր այն պահը, երբ նա ստիպված եղավ առերեսվել «անհնարինի» հետ։ Արտասահմանյան առաջատար բուհերի ընդունելության նամակներն ու կրթաթոշակները ձեռքին՝ նա հանգամանքների բերումով մնաց Հայաստանում։

Ամերիկյան համալսարան դիմելիս նրան սկզբում մերժեցին՝ ասելով, որ նա «չափից շատ ներկայացուցչական էր» իրենց համար, և հիշեցրին «Less is more» կարգախոսը։

Այդ ձախողումը դարձավ ոչ թե պարտություն, այլ ինքնաճանաչման դաս։ Անին ոչ միայն երկրորդ անգամ դիմեց և ընդունվեց, այլև որոշեց չընտրել Հայաստանի երկու ամենապահանջված բուհերի միջև.

«Ես չէի ուզում ընտրել դրանց միջև, որովհետև առհասարակ իմ կյանքում տարբեր ուղղվածությունների միջև սահմաններ չեմ դրել, միշտ փորձել եմ համատեղել»։

Դիմելով Կրթության նախարարություն՝ նա ստացավ պատասխան, ըստ որի նման դեպք Հայաստանում դեռ չի գրանցվել, և, հետևաբար, չկա իրավական հիմք դա արգելելու համար։ Սակայն վճռորոշը ոչ միայն օրենքի բացակայությունն էր, այլ նաև նրա ընտրած կրթական ուղիների կառուցվածքը։

Ֆրանսիական համալսարանում կրթությունը ենթադրում է երկու դիպլոմ՝ հայկական և միջազգային, որոնցից վերջինը չի կրում նախարարության կնիք։ Մյուս կողմից, Ամերիկյան համալսարանում տրվող դիպլոմը ամբողջությամբ միջազգային է։ Այս հանգամանքը ձևավորեց մի իրավիճակ, որտեղ երկու բուհերի կրթական արդյունքները իրավական առումով չեն բախվում նույն կարգավորման դաշտում։ Նա դարձավ նախադեպը ստեղծողը՝ ապացուցելով, որ եթե չկա արգելող օրենք, ուրեմն կա հնարավորություն։

Այսօր նրա առօրյան նման է երկու զուգահեռ իրականությունների հերթագայության։ Առավոտյան նա Ամերիկյան համալսարանում է, որտեղ քննարկում է քաղաքականություն ու պատմություն, իսկ կեսօրից հետո տեղափոխվում է Ֆրանսիական համալսարան, որտեղ հումանիտար մտքին փոխարինելու են գալիս խիստ հաշվարկները, բիզնես քեյսերն ու ակադեմիական կարգապահությունը։

«Ես կարծես երկու կյանքով ապրեմ,– պատմում է Անին,– սկսում եմ ամերիկյան մշակույթից, անցնում ֆրանսիականին։ Ամբողջ հումանիտար պատկերը քանդվում է ու սկսվում է բնագիտամաթեմատիկական պատկերը՝ լրիվ ուրիշ ուղղությամբ»։

Այս երկու մշակույթների բախումը նրա մեջ ոչ թե քաոս է առաջացնում, այլ գեղեցիկ կերպով լրացնում է նրա անհատականության տարբեր կողմերը։

Սակայն այս ամենի հետևում թաքնված է հսկայական աշխատանք։ Քննական շրջանների գերբեռնվածությունը հաճախ է հարցականի տակ դնում որոշումը, բայց Անիի համար խիզախությունը հենց այդ պահերին կանգ չառնելն է.

«Ինձ ուժ է տալիս այն խիզախությունը, որով մտել եմ այդ ուղի, և դա թույլ չի տալիս, որ նահանջի միտքը մի վայրկյան ավել մնա ուղեղումս»։

Նրա ներաշխարհը սնվում է արվեստով. մոլբերտը, իր բանաստեղծությունների անկեղծ տողերը կամ կիթառով հնչեցրած ռոք մեղեդիները Pink Floyd-ի կամ Scorpions-ի ոգով այն հենարաններն են, որոնք պահպանում են նրա հավասարակշռությունը։

Անին չի սիրում խոսել հեռավոր պլաններից, բայց նրա ամեն մի քայլն ուղղված է մի նպատակի՝ լինել կոմպետենտ մասնագետ, ով իր գիտելիքով օգտակար կլինի երկրին։ Նրան հաճախ են հարցնում խորհուրդ, և նա պատասխանում է պարզ.

«Պետք է լավ ճանաչել սեփական անձն ու հոգին և չգնալ ընդունված նորմերի հետևից՝ զուտ հասկացված լինելու համար։ Պետք է երբեք չվախենալ հոսանքին հակառակ լողալուց։ Հաջողությունը սկսվում է հենց այն պահին, երբ դու գիտակցաբար ընտրում ես քո սեփական, ոչ ստանդարտ ուղին»,- ասում է Անին։
 

Մարիամ Հակոբյան