06.01.2026
Կատեգորիա
Ֆակուլտետային
ֆակուլտետային

Երևանի պետական համալսարանի մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Տիգրան Սիմյանն այցելել է Կիպրոսի տեխնոլոգիական համալսարանի մուլտիմեդիա և գրաֆիկական արվեստների ֆակուլտետ (Լիմասոլ)։ 

Ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էվրիպիդես Զանտիդեսը ներկայացրել է ֆակուլտետի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները և ամբիոնները, ինչպես նաև տեսողական նշանագիտության լաբորատորիայի աշխատանքները:

Այցելության շրջանակում պրոֆեսոր Էվրիպիդես Զանտիդեսի հրավերով պրոֆեսոր Տիգրան Սիմյանը՝ որպես արտաքին դիտորդ, մասնակցեց գրաֆիկական դիզայնի և տեսողական նշանագիտության քննությանը: Ուսանողները, ներկայացնելով գործնական նախագծեր, որոնք հիմնված էին դադաիզմի և «մթագնված պոեզիա» (Blackout poetry) սկզբունքների վրա, բնօրինակ գրական տեքստից առանձնացրել էին առանձին բառեր՝ ջնջելով բոլոր «ավելորդները»՝ այդ կերպ ձևավորելով բանաստեղծական կամ փիլիսոփայական նոր տեքստեր, ասույթներ, այնուհետև դրանք ներկայացնելով գեղարվեստական կոմպոզիցիաների տեսքով: 

«Ստեղծագործական այս աշխատանքի միջոցով կիրառական մոտեցում դրսևորվեց նշանագիտության և գրաֆիկական դիզայնի նկատմամբ՝ ներկայացնելով խորհրդանիշ-նշանից (տեքստից) տեսողական (վիզուալ) նշանի անցման գործընթացը: Բացի այդ՝ ներկայացվեց, թե վերջինս ինչպես է հարստանում տեսողական նոր տարրերով և իմաստներով»,- ասաց Տ. Սիմյանը:

Այցի ընթացքում Տիգրան Սիմյանը ծանոթացել է նաև համալսարանական ենթակառուցվածքներին և շփվել տեսողական նշանագիտության ոլորտում հիմնավոր գիտելիքներ ունեցող դիզայներ-ուսանողների, ինչպես նաև տեսողական նշանագիտության լաբորատորիայի երիտասարդ հետազոտողների հետ: 

«Փորձի փոխանակումը կարևոր ազդակ դարձավ հայկական էպոսի վիզուալիզացիաների քննության և վերլուծական նոր գործիքների ընդլայնման առումով, ինչը հայ գիտնականների հետազոտական կարևոր ուղղություններից է»,- նշում է Տ. Սիմյանը:

Կիպրոսի տեխնոլոգիական համալսարանի մուլտիմեդիա և գրաֆիկական արվեստի ֆակուլտետ այցն արդյունավետ էր նաև այն առումով, որ առաջիկայում, եռաստիճան ուսումնական ծրագրերի համատեքստում ընդլայնելով համագործակցության շրջանակը, նախատեսվում են գիտական նոր նախագծեր ուսանողների, ասպիրանտների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար: