Ս.թ. մայիսի 21–23-ը Տրանսիլվանիայի Տարգու Մուրեշի Գեորգե Էմիլ Պալադեի անվան բժշկության, դեղագիտության, գիտության և տեխնոլոգիաների համալսարանում (Ռումինիա) տեղի ունեցավ «Նշանակերտումը հաղորդակցության մեջ» խորագրի ներքո «Բժշկագիտական խնդիրները հումանիտար գիտությունների տեսանկյունից. կամուրջներ նշանների մարմնավորման և մարմնավորված արհեստական բանականության միջև» թեմայով վեցերորդ միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի կազմակերպիչն էր ռումինացի նշանագետ Նիկոլաե-Սորին Դրագանը։ Մասնակցում էին նշանագիտության բնագավառի ճանաչված հետազոտողներ աշխարհի տարբեր երկրներից։ Ներկայացված էին մասնագետներ մոտ 50 երկրներից՝ Հարավային Ամերիկայից մինչև Ասիա։ Գիտական դպրոցների և հետազոտական ավանդույթների նման բազմազանությունը ստեղծեց միջգիտակարգային երկխոսության միջավայր։
Գիտաժողովի շրջանակում պրոֆեսոր Տիգրան Սիմյանը ներկայացրեց «Էպիկական նյութի պատկերավորումը քաղաքային տարածքում՝ Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի և Հյուսիսային Մակեդոնիայի օրինակով» թեմայով զեկույցը՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող ««Սասնա ծռերը» արվեստում և հասարակական-քաղաքական դիսկուրսում. սոցիալական հիշողություն, ինքնություն, տիպաբանություն և բազմամոդալություն» նախագծի շրջանակում (նախագծի համար՝ 24SSAH-6B014)։
Զեկույցում դիտարկվեցին «զրոյական նշանները»՝ որպես քաղաքային միջավայրում էպիկական սյուժեների և կերպարների տեսողական մարմնավորման ձևեր։ Առանձնահատուկ տեղ էր հատկացվել թշնամու կերպարին՝ որպես զրոյական, այսինքն՝ բացակա նշանը, բայց հասցեատիրոջ գիտակցության մեջ գոյություն ունեցող։ Քննարկվեց մասնավորապես այն հարցը, թե թշնամու պատկերավորման դեպքում առկա՞ է արդյոք այսպես կոչված «զրոյական նշանը», այլ խոսքով՝ թշնամին անմիջականորեն ներկայացվա՞ծ է քանդակային կոմպոզիցիայում, թե՞ նրա ներկայությունը վերակառուցում է արձանների հասցեատերը անուղղակիորեն՝ հերոսի դիրքի, ժեստերի, կոմպոզիցիոն լուծման և տեսողական այլ տարրերի միջոցով։