«Պրակտիկում» դասընթացի հերթական խումբն ավարտեց ուսումնական տարին ու ամփոփիչ էսսե գրեց: Դասախոսն էլ հավաքեց էսսեների որոշ կտորներ ու նոր էսսե կառուցեց: Ստորև՝ որոշ դրվագներ այն մասին, թե ինչպես էինք փորձում վերլուծական լրագրության հմտություններ զարգացնել:
Անի Իսկանդարյանի էսսեից
․․․Մեր թիկունքում Տաթևի սուր ուշադրությունն է, Անիի մեղմ ու խորը հայացքը, Միշայի անկանխատեսելի էներգիան և մեր ամբողջ կուրսի միասնական շունչը։ ․․․Կուրսի ամեն մի անդամ իր տեսակով ու հայացքով լրացնում է մեր փոքրիկ լսարանի մեծ պատկերը։ Այստեղ յուրաքանչյուրս ունենք մեր «մասնագիտական դիրքը», բայց իրար հետ կազմում ենք մի ամբողջական «խմբագրություն», որտեղ տարբեր կարծիքներն ու մոտեցումները ոչ թե խանգարում, այլ օգնում են մեզ աճել։ Մեկը սովորեցնում է ուշադրություն, մյուսը՝ հավասարակշռություն, երրորդը՝ ազատ մտածել ու չվախենալ արտահայտվելուց:
Տաթև Գալստյանի էսսեից
․․․Այստեղ էլ ոտքս առնում է էթիկայի քարին, ու լրագրողական ներքին ձիգ ու անսասան կանոններն ինձ հուշում են, որ կան սահմաններ, որոնք պետք չէ անցնել։ Համենայն դեպս՝ ինձ համար։ ․․․Լսարանում շատ քննարկեցինք ու հասկացանք, որ «Ես»-ի անունից գրված լրագրողական նյութերում առանձնակի սահման կա պահելու․ պետք է հասկանաս՝ ինչում կաս դու, ինչում կա աշխարհը, ու ինչում կան ու չկան մարդիկ։
․․․Սարսափելի ու միևնույն ժամանակ սթափեցնող է այն պահը, երբ քո մասնագիտական գործունեությունը ներխուժում է քո անձնական կյանք։ Բայց հենց այդտեղ է երևում լրագրողի ուժը՝ դիտարկել այդ այցը ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես հետաքննության կարևոր փաստ։ Մենք նաև հասկացանք, որ եթե ներգրավված ենք որևէ նախաձեռնության մեջ, ապա պարտավոր ենք լինել ազնիվ ու թափանցիկ ընթերցողի հետ՝ բացահայտ նշելով մեր մասնակցությունը։
․․․Լրագրության մեջ ստեղծագործական ազատությունը ես սկսեցի ընկալել ոչ թե որպես «ինչպես ուզեմ՝ կգրեմ» մոտեցում, այլ որպես պատասխանատու վարպետություն, որը գործում է հստակ մասնագիտական սահմաններում։ ․․․Լավագույն նյութերը ծնվում են այնտեղ, որտեղ ստեղծագործական միտքը բախվում է մասնագիտական զսպաշապիկին։ Քննարկումների արդյունքում ես ինձ համար ձևակերպեցի լրագրողական այն կարևոր «զտիչները», որոնք թույլ չեն տալիս ստեղծագործական թռիչքին վերածվել մասնագիտական անկման։
Ամեն ինչ սկսվում է փաստի գերակայությունից, որը ցանկացած տեքստի ողնաշարն է։ Մենք հաճախ էինք փորձում «չոր» լուրը փաթեթավորել ու դարձնել ընդարձակ պատմություն, բայց հենց այդտեղ էր թաքնված ամենամեծ վտանգը։ Ես հասկացա, որ ցանկացած սիրուն փոխաբերություն կամ հնարք փլվում է, եթե դրա տակ չկա ճշգրտության հիմքը։ Երբ փաստը պակասում է, լրագրողը ներքուստ սկսում է դիմել չափազանցության, իսկ դա արդեն այլևս լրագրություն չէ։ Սրան հաջորդում է մեթոդաբանական ազնվությունը կամ թափանցիկությունը, որովհետև ստեղծագործական փորձարկումները վստահելի են միայն այն դեպքում, երբ ես ընթերցողից չեմ թաքցնում իմ ճանապարհը՝ ինչպե՞ս եմ ձեռք բերել տեղեկությունը, կամ ինչպիսի՞ն է իմ կապը տվյալ թեմայի հետ։
Միաժամանակ, լսարանում մենք հասկացանք մի կարևոր ճշմարտություն՝ ժանրը ոչ թե ինքնանպատակ է, այլ հանրային շահին ծառայող գործիք։ Մենք չենք ընտրում էսսեն կամ ռեպորտաժը պարզապես այն պատճառով, որ դա մեզ դուր է գալիս, այլ ընտրում ենք այն ձևը, որն առավելագույնս ընկալելի կդարձնի խնդիրը հասարակության համար։
․․․Այսօր իմ յուրաքանչյուր աշխատանքի հիմքում ես դնում եմ ոչ թե գեղեցիկ նախադասություն կառուցելու ցանկությունը, այլ իրականությունը լիարժեք արտացոլելու նպատակը։ Ես հասկացա, որ լրագրողական վարպետությունը լեռան բարձրությունից մարդկանց նայելը կամ նրանց ինչ-որ բան քարոզելը չէ։ Դա մարդկանց հետ նույն հարթության վրա գտնվելն է, նրանց լսելն ու աշխարհն ավելի հասկանալի դարձնելը։
Անի Խաչատրյանի էսսեից
Յոթ ամիս առաջ ու յոթ ամիս շարունակ մտածում էի, թե ինձ երկար ժամանակ է պետք, որպեսզի հետաքրքիր տեքստեր գրեմ։ Բայց ընդամենը մեկ շաբաթ առաջ դասի ընթացքում տիկին Կարապետյանն առաջարկեց մի կարճ տեքստում իրար կապել երկու, առաջին հայացքից, անհամատեղելի երևույթ՝ գալիք ընտրություններն ու երկու կուրսեցիներիս քչփչոցը։ Ես էլ խորը շունչ քաշեցի ու գրեցի․ «Մարինան ու Անին հիմա ազատ նստած են լրագրության դասին ու զրուցում են իրար հետ։ Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ նրանց նման աղջիկները նույնիսկ խոսելու իրավունք չունեն։ Մենք ունենք։ Բայց, նայելով օրվա քարոզարշավներին, թվում է, թե լավ կլիներ, եթե որոշ մարդիկ, հատկապես տղամարդիկ, այդքան ազատ չլինեին վիրավորելու ու ատելության խոսք տարածելու մեջ։ Դրա համար՝ ում ուզում եք ընտրեք, բայց գնահատեք ձեր ձայնն ու խոսքը և գնացեք ընտրությունների»։
Հետո սկսեցինք բարձրաձայն կարդալ, ու այդ պահին հասկացա՝ տեքստիս հիմնական միտքը ստացվել է։ Իսկ եթե ունենայի իմ պատկերացրած «անհրաժեշտ» ազատ ժամանակը, գուցե երբեք նման բան չմտածեի։ Երևի, երբ ասում ենք, թե միայն ժամանակի սղությունն է խանգարում լավ գրելուն, մի փոքր պարզեցնում ենք իրականությունը։ Կյանքն ավելի բարդ է։
․․․Ժուռֆակ ընդունվելու առաջին օրվանից բոլոր դասախոսները պարտաճանաչ սովորեցնում են հայտնի 5W-ների հարցերը։ Բայց այս դասընթացում կենտրոնացանք դրանց իրական կարևորության վրա։ Հասկացանք՝ ինչու է «ով»-ը կարևոր։ Ասողը ո՞վ է։ Հիմա տեքստ գրելիս հատկապես ուշադիր եմ ենթակաների նկատմամբ։
․․․Իսկ ո՞ր լրագրողական քննարկումն է ամբողջական առանց էթիկայի բազմաչարչար հարցերի։ Ե՞րբ լռել, ե՞րբ բացահայտել աղբյուրը, ինչպե՞ս պաշտպանել աղբյուրը, բայց միաժամանակ պահպանել մարդկանց վստահությունը։ Պատրաստի պատասխաններ չկային, բայց արդեն այդ հարցերը տալը ինչ-որ բանի սկիզբ է։ Հասկացա, որ լրագրողի աշխատանքը միայն տեղեկություն գտնելը չէ, այլ նաև անընդհատ սեփական սահմանները ստուգելը։ ․․․Էթիկայի կանոնները սուբյեկտիվ որոշումների դաշտում են և մշտական կոնֆլիկտների աղբյուր են։
Դասերից սովորեցի ուղիղ, անկեղծ ու իմ դիրքից գրելը։ Բայց ինձ համար նաև նոր առաջնահերթություն սահմանեցի՝ ինչ էլ անեմ, միշտ վերանայել, նորից գրել, ջնջել, միայն թե չմանիպուլացնել։ Դա դժվար է, որովհետև հիմա մենք ամեն օր այնքան ենք մանիպուլացվում, որ երբեմն դժվար է հասկանալ՝ որտեղ է սահմանը։ Բայց այդ սահմանը կա, և այն խախտելը անազնիվ է։
Այսպես, վերջին կանոնը՝ իսկական լրագրողը պետք է լինի ազնիվ, հոգատար ու մտահոգ։
Դիանա Խաչատրյանի էսսեից
․․․Մինչ դասընթացը օբյեկտիվությունը երբեմն ընկալում էի որպես լրագրողի ամբողջական չեզոքություն կամ սեփական ներկայությունը տեքստից ամբողջությամբ հեռացնելը։ Սակայն դասերի ընթացքում քննարկեցինք օբյեկտիվության պատրանքը և այն գաղափարը, որ լրագրողը միշտ ինչ-որ դիրքից է գրում։ Կարևորն այն չէ, թե արդյոք հնարավոր է ամբողջությամբ չեզոք լինել, այլ այն, թե որքան ազնիվ ու թափանցիկ է լրագրողը իր աղբյուրների, դիտակետի և աշխատանքի ընթացքի նկատմամբ։ Օրինակ ընկերներիցս մեկը՝ Անին, հաճախ գրում է բնապահպանական թեմաներով, և վերջերս խոստովանեց, որ կասկած է առաջացել իր մեջ, արդյոք դա ևս օբյեկտիվության խախտում չէ, միշտ գրել քեզ անհանգստացնող թեմայով, սեփական մտահոգությունների շուրջ և շատ դժվարությամբ հրաժարվել սեփական մտահոգությունները ներառելուց, քանի որ պետք է պահել չեզոքություն։
․․․Դասերից մեկի կարևոր մտքերից էր, որ մեջբերումը պարզապես տեքստի մեջ տեղադրելը բավարար չէ․ լրագրողը պետք է ցույց տա՝ ինչու է այդ խոսքը կարևոր, ինչ դեր ունի նյութում, ինչ համատեքստում է հնչում։ Այս մոտեցումը փոխում է տեքստի կառուցման տրամաբանությունը։ Լրագրողը այլևս պարզապես տեղեկություն փոխանցող չէ, այլ մարդ, ով պատասխանատվություն է կրում՝ ինչպես է ներկայացնում պատմությունը և ում ձայնն է ուժեղացնում։
․․․Սովորական լրագրողական մտածողության մեջ հաճախ կա ցանկություն՝ արագ եզրակացությունների հասնելու։ Բայց դասերի ընթացքում անընդհատ քննարկվում էր այն գաղափարը, որ մեկ երևույթի համար կարող են գոյություն ունենալ տարբեր բացատրություններ, տարբեր վարկածներ և զարգացման տարբեր ուղիներ։ Հավանական շաղկապների միջոցով պնդումների զարգացումը սկզբում ավելի բարդ էր թվում, որովհետև պահանջում էր դանդաղել և միանգամից վերջնական պատասխան չտալ։ Բայց հենց այստեղ էր երևում վերլուծական լրագրության արժեքը։ Լրագրողը ոչ միայն ասում է՝ «սա տեղի ունեցավ», այլ նաև փորձում է հասկանալ՝ ինչու տեղի ունենավ, ինչ այլ գործոններ կարող էին ազդել, ինչ հարցեր են դեռևս բաց մնում։
․․․Հետաքրքիր է, որ այս բոլոր սկզբունքները առանձին թեմաներ չէին։ Դրանք կապվում էին իրար հետ և միասին ձևավորում էին լրագրողի աշխատանքի որոշակի տրամաբանություն։ Որոշակիություն փնտրելը բերում էր աղբյուրի նկատմամբ ավելի քննադատական վերաբերմունքի, ինչը կապվում էր օբյեկտիվության խնդրի հետ։ Օբյեկտիվության քննարկումը տանում էր դեպի դիրքի գիտակցում, իսկ դիրքի գիտակցումը՝ դեպի մանիպուլյացիայի ճանաչում և քննադատական մտածողություն։ Դասերի ընթացքում ավելի պարզ դարձավ, որ լրագրողական տեքստը պարզապես բառերի հավաքածու չէ․ այն մասնագիտական գործիք է, որի միջոցով լրագրողը ոչ միայն պատմում է իրականության մասին, այլ նաև կառուցում է այդ իրականության ընկալումը։
․․․Եթե լրագրողը չի կասկածում սեփական տեքստին, մեծ է հավանականությունը, որ նա կկրկնի շուկայի արդեն գոյություն ունեցող սխալները։
․․․Հետ նայելով դասընթացին՝ կարծում եմ դրա ամենակարևոր արդյունքը ոչ թե առանձին տեխնիկական գիտելիքներն էին, այլ մտածելու սովորության ձևավորումը։ Պրակտիկումը ինձ համար դարձավ դաս ոչ միայն լրագրության, այլ նաև հարցերի մասին։ Եվ գուցե ամենակարևոր հարցը, որը մնաց դասերից հետո, հետևյալն է․ արդյո՞ք ես իսկապես գիտեմ այն, ինչ պատրաստվում եմ գրել։ Եթե այդ հարցը շարունակի ուղեկցել ինձ նաև հետագա աշխատանքում, ապա դասընթացը հասել է իր նպատակին։
Միշա Եթումյանի էսսեից
․․․Դասընթացի նյութերում առաջին բանը, որն անմիջապես առնչվեց իմ ամենօրյա աշխատանքին, մեդիա շուկայի թերությունների և հատկապես «օբյեկտիվության պատրանքի» հաղթահարումն էր։ Շատ հաճախ, հատկապես ընտրական քարոզարշավների ժամանակ, լրագրողները թաքնվում են սին օբյեկտիվության հետևում՝ պարզապես մեխանիկորեն մեջբերելով այս կամ այն գործչի խոսքը։ Մեր դասընթացի բրենդային կարգախոսն առաջարկում է հստակ այլընտրանք. «Ցույց ենք տալիս՝ ով է պատմում և որտեղից է պատմում»։ ․․․Սա ուղղակիորեն կապվում է լրագրողական տեքստում հղումների տեսակների ընտրության հետ։ ․․․Նյուզռումում, երբ ես պատրաստում եմ քաղաքական ուժերի մասին ռեպորտաժը, հաճախ եմ գայթակղվում սոսկ մեջբերումներ իրար հետևից դնելով։ Սակայն այս սկզբունքն ինձ հուշում է, որ հեղինակի ներկայության նշանները տեքստում, թեմայի զարգացման ընթացքի նկարագրությունը և հեռավորությունը տեղեկության աղբյուրից հենց այն օբյեկտիվության ձևն է, որը լրագրողին տարբերում է սովորական խոսափողից։ Սա առաջին կարևոր մասնագիտական սկզբունքն է, որը ես որդեգրեցի իմ աշխատանքում։
․․․Դասընթացն առաջարկում է մի ոսկե կանոն՝ կրկնել ճանապարհը քննադատելուց առաջ։ Եթե քաղաքացին կամ որևէ կողմ բողոքում է վարչարարական համակարգից, լրագրողը չպետք է միայն «սենյակից» հայտարարություններ անի, այլ ինքնուրույն պետք է անցնի այդ վարչարարական ճանապարհով, որպեսզի անձամբ ստուգի նրա փորձը և օգնի նրան, եթե հնարավոր է։ Եթե մենք գիտենք՝ «ով է պատմում» (Սկզբունք 1), ապա հաջորդ քայլով պարտավոր ենք իջնել «լեռան բարձրությունից» (Սկզբունք 2) և ապահովել առարկայականություն։
․․․Իմ նյութերի լուսանցքում արված խմբագրական նշումների և դասընթացի ընթացքում արված հուշումների համադրումից դուրս բերեցի երրորդ կարևոր մասնագիտական սկզբունքը՝ «տրամաբանական վթարների» բացառումը։ Դասընթացի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել տեքստում արհեստական կապեր չստեղծելուն։ Օրինակ՝ խուսափել երկու բոլորովին տարբեր երևույթներ նույն համատեքստում դնելուց և դրանք հեշտությամբ «գործընթաց» ընդհանուր բառով պիտակավորելուց։
․․․Դասընթացի առաջարկած այլընտրանք-բրենդային կարգախոսն է՝ «Իմ կարծիքը սա է, բայց ես դրա հետ համաձայն չեմ»։ Սա ենթադրում է դերերի ու տեսակետների անդադար փոփոխություն, երբ լրագրողն ունակ է պնդել մի բան, ապա մտնել ընդդիմախոսի դերի մեջ՝ սեփական փաստարկները ստուգելու համար։ Այս չորս սկզբունքները (Օբյեկտիվության ձևը, Բացատրական լրագրությունը, Տրամաբանական հստակությունը և Քննադատական հայացքը ) իմ գիտակցության մեջ կապվեցին մեկ միասնական համակարգի մեջ։ Դրանք բոլորը ուղղված են մեկ նպատակի՝ հասնել վերլուծության խորության։
Այս ամբողջ վերլուծական գործընթացը, որն անցա էսսեն գրելիս, ինձ հանգեցրեց մի կարևոր արձանագրման. մեր դասերը հասել են իրենց գլխավոր արդյունքին․ «սովորում ենք բարդ հարցեր տալ և դրանց պատասխանելու տեքստային լուծումներ գտնել» կարգախոսն աշխատում է նաև հեռուստատեսային նյուզռումում։
Ես հիշում եմ դասընթացի ևս մեկ կարևոր կարգախոս. «Չենք մանիպուլացնում, քանի որ ճանաչում ենք մանիպուլացումը»։ Քաղաքական թեժ պայքարում շատ հեշտ է ընկնել լավ հնչող ձևակերպումների ու գեղեցիկ փոխաբերությունների հետևից, սակայն դասընթացի հորդորն է չմանիպուլացնել նույնիսկ հաջողված պատկերներով:
Մարինա Գրիգորյանի էսսեից
․․․Էմոցիոնալ ուղղորդման ալիքի տակ ես թերացել էի փաստերի ու թվերի հետ ճշգրիտ աշխատանքում։ Ընտանեկան բռնության թեմայով իմ նյութում ես ներառել էի նաև վիճակագրական տվյալներ, և փորձելով ամեն գնով ցույց տալ խնդրի լրջությունը՝ տեքստում վստահ գրել էի, որ բռնության դեպքերը «շարունակում են աճել». «…եթե 2023-ին գրանցվել է 508, 2024-ին՝ 1360 դեպք, ապա 2025 թվականի առաջին յոթ ամիսներին՝ արդեն 716 դեպք»։ Այս ընդհանրացումը, սակայն, չվրիպեց դասախոսի աչքից։ Նա ուղղումների լուսանցքում հարցրել էր ինձ. «Իսկապե՞ս աճում են, թե՞ պարզապես ավելի շատ են սկսել դիմել ոստիկանություն»։ Հիշում եմ՝ ժամանակս չէր հերիքել պաշտոնական հարցում ուղարկել համապատասխան գերատեսչություն, ուստի հարցն իրոք օդում կախված մնաց՝ ինձ համար դառնալով հիշեցում, որ այսուհետ «խուսափեմ անհամոզիչ ընդհանրացումներից․ ասեմ միայն այնքանը, ինչքանն իսկապես գիտեմ»։
․․․Հետաքննական հոդվածս վերաբերում էր ընտրական համակարգի փոփոխություններին և ընտրական տարիքային շեմը 18-ից 16-ի նվազեցնելու նախագծին։ Այս նյութում ես համեմատականներ էի անցկացրել տարածաշրջանի մի քանի երկրների և Հայաստանի միջև ու հանգիստ խղճով գրել էի. «Հայաստանն իր հարևան երկրներ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ…»։ Դասախոսի՝ լուսանցքում արված խմբագրումը կանգնեցրեց ինձ. որպեսզի «լրագրողական խոսքս պահպանի իր առարկայականությունը, անգամ առանձին բառերի մակարդակով պետք է խուսափեմ կեղծ կապերից և երկու ու ավելի տարբեր երևույթներ նույն համատեքստում դնելուց»։ Շատ ավելի ճիշտ ու չեզոք կլիներ, եթե գրեի «Հայաստանն ու իր հարևան երկրները»:
Մարինա Լագզյանի էսսեից
․․․Որոշակիության փնտրտուքը մեզ բնականորեն տարավ դեպի մի կարևորագույն սկզբունք՝ բազմակողմանիություն և վերլուծության խորություն, ինչը ենթադրում է հնարավոր ուղիների բազմազանության գիտակցում։ Այս սկզբունքին մենք գործնականում հասանք տեղեկության տեքստային աղբյուրի/հոդվածի հետ աշխատանքի միջոցով։ Լսարանում մեր առաջադրանքներից մեկն էր հպանցիկ ծանոթանալ տեղեկությանը, յուրաքանչյուրս մեզ համար առանձնացնել մեկ առանցքային հարց և գրել նոր հոդված՝ ըստ սեփական հարցերի, ընդ որում՝ նյութը պետք է սկսվեր հենց այդ հարցադրումով։ Սա մեզ սովորեցրեց հարցեր տալ «լրագրողի դիրքից» և կառուցել տեքստը ոչ թե պատահական հոսքով, այլ հստակ առանցքով։
Սիրուն Ժամխարյանի էսսեից
․․․Կարելի է անդրադառնալ նույնիսկ ամենաբարդ կամ ամենավիճահարույց թեմաներին, սակայն դա պետք է անել հարգանքով։ Լրագրողը չպետք է փորձի ուշադրություն գրավել մարդու հաշվին կամ նրա պատմությունը վերածել ծաղրի առարկայի։
․․․Այս քննարկումներից հետո ես սկսեցի ավելի լուրջ մտածել այն մասին, թե ինչպիսի լրագրող եմ ուզում դառնալ։ Ես հասկացա, որ ինձ համար կարևոր է ոչ միայն հետաքրքիր թեմա գտնելը, այլ նաև այն ձևը, որով այդ թեման ներկայացվում է։
Անի Գալստյանի էսսեից
«Պրակտիկում» առարկան ինձ համար դարձավ ոչ միայն մասնագիտական դասընթաց, այլ մտածողության փոփոխության փուլ։ Մինչ այս դասընթացը լրագրությունն ավելի շատ պատկերացնում էի որպես արագ արձագանք պահանջող աշխատանք․ գրել, փոխանցել, հրապարակել։ Սակայն կիսամյակի ընթացքում հասկացա, որ իրական լրագրությունը կառուցվում է վերլուծության, դիտարկման և ինքնավերահսկման վրա։ Դասերը սովորեցնում էին ոչ թե պարզապես նյութ պատրաստել, այլ հասկանալ, թե ինչու է գրվում տվյալ տեքստը, ով է խոսում դրա ներսում և ինչ ազդեցություն կարող է ունենալ այն ընթերցողի վրա։
․․․Շատ հաճախ մեդիայում կարելի է հանդիպել ընդհանրացված կամ աղոտ արտահայտությունների, որոնք իրականում ոչինչ չեն ասում։ Մենք սովորում էինք խուսափել նման մոտեցումներից և աշխատել կոնկրետության հետ։ Դասախոսը հաճախ ասում էր, որ լրագրողը չպետք է գրի ավելին, քան իրականում գիտի։ Սկզբում այս միտքը շատ պարզ էր թվում, բայց հետագայում հասկացա, թե որքան կարևոր է այն։
Վանեսա Երիցյանի էսսեից
․․․Մեզանից ոչ մեկը չէր հասկանում՝ ոնց պետք է գրել ինքնավերլուծությունը, ու հենց այդ անորոշության մեջ բոլորս բախվեցինք լրագրողի առաջին մեծագույն խնդրին՝ սեփական աշխատանքի խոչընդոտները տեսնելուն։ Բայց տիկին Կարապետյանը մեր այդ չհասկացված տեքստերից հավաքեց կարևոր դիտարկումներն ու ստեղծեց «Կանաչ էջը»․ լրագրողը պետք է կարողանա վերլուծել իր խնդիրները, որպեսզի հաջորդ նյութն ավելի ճիշտ կառուցված լինի։
Քնարիկ Գասպարյանի էսսեից
․․․Երբեմն թվում է՝ բառերը կորցնում են իրենց ապրածը։ Իսկ ես միշտ ուզել եմ, որ գրածս լինի ոչ թե կատարյալ, այլ իրական:
Մերի Խաչիկյանի էսսեից
․․․Գուցե իմ հարաբերությունը լրագրության հետ դեռ ամբողջությամբ ձևավորված չէ։ Գուցե ես դեռ փնտրում եմ՝ արդյոք սա այն տեղն է, որտեղ ինձ երկարաժամկետ կտեսնեմ։ Բայց մի բան հաստատ գիտեմ․ նույնիսկ անորոշության մեջ հնարավոր է հետաքրքրություն ունենալ, սովորել։ ․․․ Երևի ուսանողական շրջանի ամենաանկեղծ կողմերից մեկն էլ հենց սա է՝ չունենալ բոլոր պատասխանները, բայց շարունակել փնտրել։ Երբեմն վստահ քայլել, երբեմն կանգ առնել, կասկածել, նորից վերադառնալ։ Եվ գուցե մի օր այդ փնտրտուքի մեջ հստակ հասկանաս՝ արդյոք ընտրած ճանապարհը քոնն էր, թե պարզապես քեզ ինչ-որ կարևոր բան սովորեցրեց ճանապարհին։