06.03.2026
Կատեգորիա
Ֆակուլտետային
Talin

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ս.թ. մայիսի 11-ին բանախոսություններով հանդես եկավ պրոֆեսոր Կապիտոլինա Ֆյոդորովան:

Պրոֆեսորի երկու դասախոսությունները նվիրված էին Էստոնիայի լեզվական լանդշաֆտին և դրա ներկայացմանը մեդիայում, ինչպես նաև էստոնական էպոսի վիզուալացմանը քաղաքային տարածքում։

Առաջին դասախոսության ընթացքում հրավիրյալ պրոֆեսորը անդրադարձավ Էստոնիայի լեզվական լանդշաֆտի ուսումնասիրման հիմնական խնդիրներին և դրանց արտացոլմանը մեդիադաշտում, ինչպես նաև տարբեր խոսույթների՝ մեդիա, վիզուալ, մշակութային, սոցիալական, փոխազդեցության վերլուծության եղանակներին։

Երկրորդ դասախոսությունը նվիրված էր էստոնական «Կալևիպոեգ» էպոսի հերոսների վիզուալացմանը։ Դասախոսության ընթացքում ներկայացվեցին Էստոնիայի տարբեր քաղաքներում էպիկական կերպարների ներկայացման օրինակներ, ինչպես նաև դիտարկվեցին այն միջոցները, որոնց շնորհիվ ազգային էպոսը ստանում է վիզուալ մարմնավորում քաղաքային միջավայրում։

Դասախոսություններն անցան ջերմ և արդյունավետ քննարկման մթնոլորտում։ Դրանց մասնակցեցին ոչ միայն ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, այլև դասախոսներ, այդ թվում՝ մեդիաուսումնասիրությունների և նշանագիտության ուղղության հետազոտողներ։

Պրոֆեսոր Կապիտոլինա Ֆյոդորովան այցելել էր Երևանի պետական համալսարան որպես ««Սասնա ծռեր» էպոսը արվեստում և հասարակական-քաղաքական խոսույթում. հանրային հիշողություն, ինքնություն, տիպաբանություն և մուլտիմոդալություն» նախագծի շրջանակում համագործակցող պրոֆեսոր (նախագծի համար՝ 24SSAH-6B014)։

«Շնորհակալություն ենք հայտնում պրոֆեսոր Ֆյոդորովային բովանդակալից դասախոսությունների, ոլորտի մասնագետների հետ արդյունավետ քննարկումների և գիտական հեռանկարների ընդլայնման գործում ունեցած ներդրման համար»,- հանդիպման ավարտին նշեց դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։