06.03.2026
Կատեգորիա
Հասարակություն
Իրավական
ամուսնություն

Անչափահասների վաղ ամուսնությունն այլևս օրենքով արգելված է, սակայն որքանո՞վ է այս արգելքն ազդում իրական պատկերի վրա։

Վերջին տարիներին օրենսդրական փոփոխություններով ամուսնության նվազագույն տարիքը սահմանվել է 18 տարեկանը՝ առանց բացառությունների՝ նպատակ ունենալով պաշտպանել երեխաների կրթության, առողջության և բնականոն զարգացման իրավունքները։ Սակայն հարցման արդյունքներն ու մասնագետների գնահատականները ցույց են տալիս, որ միայն իրավական սահմանափակումները բավարար չեն։

Թեև պաշտոնական վիճակագրությունը վկայում է անչափահասների ամուսնությունների թվի նվազման մասին, երիտասարդների շրջանում կա այլ մտահոգություն՝ արդյոք օրենքի արգելքը բավարար է խնդրի ամբողջական լուծման համար։

Անցկացված հարցման համաձայն՝ մասնակիցների 54,8 տոկոսը կարծում է, որ տարիքային շեմի խստացումը չի կանխի վաղ ամուսնությունները, քանի որ դրանք կարող են շարունակվել առանց պաշտոնական գրանցման։
«Վաղ ամուսնությունները կարող են դառնալ անօրինական և գաղտնի, ինչն էլ ավելի կբարդացնի դրանց վերահսկումը»,- նշում են հարցման մասնակիցները։

Միևնույն ժամանակ հարցվածների 90,3 տոկոսը բացասաբար է վերաբերվում անչափահասների ամուսնություններին, ինչը վկայում է երիտասարդների շրջանում ձևավորված հստակ վերաբերմունքի մասին։

Հարցման արդյունքները նաև ցույց են տալիս, որ վաղ ամուսնությունների պատճառները հիմնականում սոցիալական բնույթ ունեն։ Մասնակիցների մեծ մասը որպես հիմնական գործոններ նշում է ընտանեկան ճնշումը, ավանդույթները և կրթության պակասը։ 83,9 տոկոսը պատասխանատվությունը դնում է ծնողների վրա՝ ընդգծելով, որ նման որոշումների նախաձեռնողը հաճախ հենց ընտանիքն է։

Այս տվյալները ցույց են տալիս, որ վաղ ամուսնությունների խնդիրը չի սահմանափակվում միայն իրավական դաշտով և ունի խորը սոցիալական հիմքեր։

Խնդիրն ունի նաև առողջական բաղադրիչ։ Օրենսդրական փոփոխությունների հիմնավորումներում նշվում է, որ վաղ հղիությունն ու ծննդաբերությունը կարող են վտանգավոր լինել դեռևս լիովին չձևավորված օրգանիզմի համար՝ մեծացնելով ինչպես մոր, այնպես էլ երեխայի առողջական ռիսկերը։

Պետական մակարդակում իրականացվում են նաև կանխարգելիչ ծրագրեր։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ դպրոցներում ներդրված «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակում աշակերտները ծանոթանում են դեռահասային զարգացման, վերարտադրողական առողջության և մարդու իրավունքների թեմաներին։ Միևնույն ժամանակ գործում են մեխանիզմներ՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և կրթական համակարգ վերադարձնելու համար։

Սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված պատասխանը ցույց է տալիս, որ խնդրի սոցիալական բաղադրիչի վերաբերյալ մի շարք հարցեր մնում են առանց հստակ հասցեական արձագանքի։ Նախարարությունը մի քանի հարցերի դեպքում սահմանափակվում է լիազորությունների շրջանակը նշելով՝ առանց ներկայացնելու կոնկրետ քայլեր կամ մեխանիզմներ։

Հաշվի առնելով, որ վաղ ամուսնությունները հաճախ պայմանավորված են ընտանեկան ճնշմամբ և սոցիալական գործոններով, նման մոտեցումը ամբողջությամբ չի բացահայտում, թե ինչ դեր ունի սոցիալական համակարգը խնդրի կանխարգելման մեջ։ Արդյունքում ձևավորվում է պատկեր, որտեղ խնդրի տարբեր կողմերը բաշխված են տարբեր կառույցների միջև, սակայն դրանց միջև կապը և համադրված մոտեցումը մնում են ոչ ամբողջապես հստակ։

Արդարադատության նախարարության պարզաբանմամբ՝ Հայաստանի օրենսդրությամբ ամուսնություն է համարվում միայն պետական գրանցում անցած միությունը։ Ընտանեկան օրենսգրքով ամուսնության նվազագույն տարիքը սահմանված է 18 տարին, և ՔԿԱԳ մարմինները չեն կարող գրանցել մինչև այդ տարիքը կնքվող ամուսնությունները։

Միևնույն ժամանակ մասնագետները նշում են, որ օրենքը հիմնականում կարգավորում է հենց պետական գրանցման գործընթացը։ Եթե անչափահասները փաստացի ապրում են որպես ընտանիք առանց պաշտոնական գրանցման, այդ հարաբերությունները իրավական տեսանկյունից չեն համարվում գրանցված ամուսնություն, ինչի հետևանքով նման դեպքերը կարող են դուրս մնալ պաշտոնական վիճակագրությունից և վերահսկողությունից։

Ըստ ոլորտի մասնագետների՝ առանձին «չգրանցված վաղ ամուսնության» համար օրենքով հստակ պատասխանատվության մեխանիզմ սահմանված չէ, սակայն կոնկրետ դեպքերում կարող են կիրառվել այլ իրավական կարգավորումներ՝ կապված երեխայի իրավունքների պաշտպանության, հարկադրանքի կամ անչափահասների նկատմամբ հնարավոր իրավախախտումների հետ։

Տարածաշրջանային փորձը ևս ցույց է տալիս, որ միայն օրենսդրական արգելքը բավարար չէ խնդրի ամբողջական լուծման համար։

Հարևան Վրաստանում մինչև 18 տարեկանների ամուսնությունը ամբողջությամբ արգելվել է 2017 թվականից։ Սակայն Վրաստանի հանրային պաշտպանի (օմբուդսմենի) վերջին զեկույցներում նշվում է, որ մանկական ամուսնություններն ու նշանադրությունները շարունակում են մնալ խնդիր, իսկ որոշ դեպքեր տեղի են ունենում ծնողների միջև ոչ պաշտոնական պայմանավորվածությունների միջոցով։

Զեկույցներում նաև ընդգծվում է, որ նման դեպքերը հաճախ դուրս են մնում ամբողջական վիճակագրությունից և առաջացնում են երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներ։ Հանրային պաշտպանը միաժամանակ նշել է, որ միայն օրենսդրական սահմանափակումը բավարար չէ, եթե այն չի ուղեկցվում սոցիալական և կանխարգելիչ մեխանիզմներով։

Այսպիսով, օրենքով սահմանված արգելքը կարևոր քայլ է, սակայն այն ինքնին չի տալիս լիարժեք պատկեր, թե որքանով է վերահսկվում խնդրի իրական դրսևորումը։ Պաշտոնական տվյալները արտացոլում են միայն գրանցված դեպքերը, մինչդեռ հարցման արդյունքները ցույց են տալիս, որ դրանց մի մասը կարող է դուրս մնալ տեսանելի դաշտից։

Սա նշանակում է, որ վաղ ամուսնությունների հարցը չի ավարտվում օրենքի ընդունմամբ։ Այն կապված է պատկան մարմինների հետևողականության, սոցիալական պայմանների, ընտանեկան որոշումների և հասարակական ընկալումների հետ, որոնք հաճախ չեն արտացոլվում պաշտոնական թվերում։

Լիլիթ Մովսեսյան