Աշնանը Մեղրիի տների կտուրները ծածկվում են արևի գույներով։ Արքայանարինջ, ծիրան, դեղձ, թուզ՝ փռված փայտե տախտակների վրա, չորանում են դանդաղ ու համբերատար։ Ոչ ոք չի շտապում։ Այստեղ ժամանակը ուրիշ կերպ է հոսում։
Սակայն հենց այս հանգստության հետևում կա մի հարց, որ Սյունիքի ամեն անկյունում անպատասխան կախված է օդում. մնա՞լ, թե՞ հեռանալ։
Սյունիք մտնելիս ճանապարհները ոլորվում են անվերջ՝ կարծես ժամանակ են շահում։ Մարզն ամբողջ Հայաստանի հարավային դարպասն է՝ Կապանով, Գորիսով, Մեղրիով, տասնյակ փոքր գյուղերով, որոնք լեռների լանջերին կախված են կարծես հողից կառչած։
Այս վայրերն ապրում են կրկնակի ճնշման ներքո. մի կողմից՝ սահմանային անորոշությունը, մյուս կողմից՝ ներքին արտագաղթը, երբ սեփական երիտասարդները մեկ առ մեկ հեռանում են՝ ուսման, աշխատանքի, ապագայի հետևից։
Աստղիկ Նարինյանը Սյունիքից է, բայց այսօր Երևանում է՝ Երևանի Պետական Համալսարանի Կենսաբանության ֆակուլտետում։ Ոչ թե որովհետև ուզեցել է հեռանալ, այլ որովհետև ուրիշ ճար չի ունեցել։
«Իմ մասնագիտական ուղղությունը Գորիսի համալսարանում չկար,— ասում է նա։— Բազմազանության և հնարավորության պակաս կա մարզում։ Եթե դրանք լինեն, ուսանողները հետ կվերադառնան և կզարգացնեն մարզը»։
Աստղիկի պատմությունը եզակի չէ։ Հարյուրավոր երիտասարդներ ամեն տարի նույն ընտրության առաջ են կանգնում, և ճնշող մեծամասնությունը նույն որոշումն է կայացնում՝ հեռանում են՝ ժամանակավոր, ու մնում ընդմիշտ։
Մելիսա Հարոնյանն էլ Սյունիքից է։ Նա ուղղակի ու անզիջում է խոսելիս.
«Մարզում մնալու համար կարևոր են խթանող պայմանները, հատկապես աշխատատեղերը։ Մարդկանց մեծ մասը հենց դրա պատճառով է լքում գյուղերը կամ մարզերը՝ մտածելով, որ ավելի զարգացած վայրում ավելի հեշտ կլինի գտնել հնարավորությունները»։
Ոչ թե սիրո պակաս կա հայրենի տեղի հանդեպ, ասում է նա, այլ երաշխիքների։ Հուշերով ու կապվածությամբ ապրել չի լինի, եթե ամիսվա վերջին հաշիվները չի ծածկվում։
Սյունիքն ունի այն, ինչ շատ մարզեր չունեն. յուրահատուկ բնություն, հանքային ռեսուրսներ, զբոսաշրջային ներուժ, ռազմավարական դիրք։ Բայց ներուժը ծրագրերի թղթերին է մնում, քանի դեռ մարդիկ հեռանում են։
Տեղացիները սիրում են ասել, որ մարզի ամենամեծ ուժը մարդիկ են։ Նրանք, ովքեր մնացել են, սովոր են դժվարությանը, բայց չեն հրաժարվում իրենց հողից։ Կարմիր ու մոխրագույն կտուրները, ցրված լանջերին, հենց այդ համառության խորհրդանիշն են։
Հարցն այն է, թե քանի՞ կտուր էլ կմնա մարդաբնակ, եթե պայմանները չփոխվեն։
Գարեգին Նժդեհն ասել է. «Սյունիքը աշխարհագրական մեր Հայրենիքի ողնաշարն է, առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող»։
Ողնաշարը կարող է ճկվել, բայց չի կոտրվում՝ պայմանով, որ հոգ տանեն դրա մասին։ Սյունիքի բնակիչները դա գիտեն։ Հիմա հերթը մնացածինն է։