06.08.2026
Կատեգորիա
ՏՏ
ԱԲ

Վերջին տարիներին արհեստական բանականությունը մարդկանց կյանքի մի մասն է դարձել ոչ միայն աշխատանքի, ուսման կամ ժամանցի ոլորտում, այլև՝ հոգեբանական աջակցության հարցում։ Եթե նախկինում մարդիկ հուզական խնդիրների դեպքում հիմնականում դիմում էին ընտանիքի անդամներին, ընկերներին կամ մասնագետներին, ապա այսօր շատերը սկսում են խոսել նաև AI չաթբոտների հետ։ 

Մեր անցկացված հարցումը ցույց է տալիս, որ հարցման մասնակից երիտասարդների զգալի մասը արդեն օգտագործում է AI-ն անձնական կամ հուզական խնդիրների մասին խոսելու համար։ Հարցվածների 70 տոկոսը նշել է, որ դիմել է AI չաթբոտների՝ սեփական խնդիրների մասին խոսելու նպատակով։ Մասնակիցների մեծ մասը 19-24 տարեկան երիտասարդներ են, իսկ հարցվածների 76 տոկոսը՝ իգական սեռի ներկայացուցիչներ։ 

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ  65.1 տոկոսը հիմնականում AI-ին դիմում է խորհուրդ ստանալու անհրաժեշտության դեպքում։ Բարձր ցուցանիշ ունեն նաև սթրեսի և անհանգստության թեմաները՝ 37.2 տոկոս, ինչպես նաև մոտիվացիայի կարիքը։ Մասնակիցների մի մասը նշել է, որ երբեմն պարզապես զրուցակից ունենալու կամ միայնության զգացումը մեղմելու համար է «զրուցում» չաթբոտների հետ։ 

Ուսանողուհին, ով ցանկացավ անանուն մնալ, պատմում է, որ առաջին անգամ AI չաթբոտին դիմել է ծանր ու լարված շրջանում. 

«Գիշերը չէի կարողանում քնել, ընկերներիս չէի ուզում անհանգստացնել, իսկ ինձ պարզապես պետք էր, որ ինչ-որ մեկը լսեր։ Սկզբում տարօրինակ էր թվում «արհեստական» մեկի հետ խոսելը, բայց հետո նկատեցի, որ ավելի հանգիստ եմ դառնում։ Երբեմն նույնիսկ ավելի հեշտ է գրել AI-ին, քան մարդկանց»։ 

Նրա խոսքով՝ AI-ն հատկապես օգնում է այն պահին, երբ մարդը վախենում է քննադատվելուց կամ չի ցանկանում բացահայտել իր խնդիրները շրջապատին։ 

Հարցման արդյունքները ևս հաստատում են դա։ Մարդիկ որպես AI-ին դիմելու հիմնական պատճառ նշել են արագ պատասխան ստանալը՝ 48.9 տոկոս, մշտապես հասանելի լինելը՝ 37.8 տոկոս և հեշտ արտահայտվելը՝ 35.6 տոկոս։ Մի մասն էլ ընդգծել է անանունության կարևորությունը։ 

Այս միտումը նկատվում է ոչ միայն Հայաստանում։ Վերջերս Գաղտնիության պահպանության ֆրանսիական CNIL կազմակերպության և Groupe VYV ապահովագրական կազմակերպության հրապարակած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես երիտասարդներն օգտագործում են AI չաթբոտները որպես հուզական աջակցության աղբյուր։ Որոշ մասնագետներ դա կապում են հոգեբանական ծառայությունների թանկ լինելու, ժամանակի սղության և միայնության աճող զգացումի հետ։ 

Սակայն հարցը միանշանակ չէ։ Թեև հարցվածների 60 տոկոսը նշել է, որ AI-ի հետ շփումից հետո երբեմն ավելի հանգիստ է զգացել իրեն, մեծ մասը, այնուամենայնիվ, չի կարծում, որ այն կարող է լիովին փոխարինել հոգեբանական աջակցությանը։ Միայն 6 տոկոսն է վստահ, որ AI-ը կարող է փոխարինել հոգեբանին, մինչդեռ 56 տոկոսը կարծում է, որ դա հնարավոր է միայն մասամբ։ 

Հարցվածների պատասխանները ցույց են տալիս նաև հիմնական մտահոգությունները։ Ամենամեծ վտանգը մարդիկ տեսնում են անձնական տվյալների արտահոսքի մեջ՝ 66 տոկոս։ 50 տոկոսը մտահոգված է սխալ խորհուրդների հնարավորությամբ, իսկ 42 տոկոսը՝ AI-ից հոգեբանական կախվածություն ձեռք բերելու վտանգով։ 

Չնայած AI-ի նկատմամբ հետաքրքրությանը՝ բարդ հոգեբանական փուլում գտնվող մարդկանց մեծ մասը՝ 66 տոկոսը, միևնույն է նախընտրում է դիմել ընտանիքին կամ ընկերներին։ 

Հիպնոթերապիստ, HypnoArt Therapy-ի հիմնադիր Արտավազդ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարծում է, որ արհեստական բանականությունը կարող է ունենալ թե՛ դրական, թե՛ վտանգավոր ազդեցություն մարդու հոգեբանական վիճակի վրա։ Նրա խոսքով՝ AI-ը հաճախ դառնում է մի տարածք, որտեղ մարդիկ համարձակվում են բարձրաձայնել այն մտքերը, որոնք սովորաբար պահում են իրենց ներսում։ 

«Շատ հաճախ մարդիկ մտածում են, թե իրենց խնդիրները միայն իրենցն են։ Իսկ երբ AI-ի միջոցով տեսնում են, որ նույն հարցերն ու անհանգստությունները ունեն նաև ուրիշները, դա արդեն որոշ չափով թեթևացնում է մարդու ներքին լարվածությունը»,- նշում է նա։ 

Արտավազդ Աբրահամյանի խոսքով՝ հատկապես երիտասարդների շրջանում AI-ը կարող է օգնել ինքնաճանաչողության, հուզական կրթության և միայնության զգացման նվազեցման հարցերում։ Նա օրինակ է բերում սոցիալական հարթակներում տարածվող հոգեբանական բովանդակությունը, որը պարզ ու հասանելի ձևով խոսում է մարդկանց ներքին խնդիրների մասին և օգնում երիտասարդներին իրենց չզգալ «մենակ» սեփական դժվարությունների մեջ։ 

Միևնույն ժամանակ մասնագետը զգուշացնում է նաև վտանգների մասին։ Նրա կարծիքով՝ եթե հասարակությունը բավարար հոգեբանական կրթություն չունենա, AI-ի հետ չափազանց հաճախ շփումը կարող է խորացնել իրական մարդկային կապերից հեռացումը։ Նա ընդգծում է, որ հատկապես դեռահասներն ու երիտասարդները հոգեբանական խոցելի փուլում են, երբ բախվում են տարբեր կախվածությունների, ինքնության ճգնաժամերի և միայնության զգացման հետ, իսկ նման իրավիճակում ցանկացած «թվային աջակցություն» պետք է լինի վերահսկվող և հավասարակշռված։ 

«AI-ը կարող է օգնել մարդուն հասկանալ սեփական էմոցիաները, բայց այն չի կարող փոխարինել կենդանի մարդկային շփմանը, հոգեբանի ներկայությանը և իրական էմպատիային»,- ասում է մասնագետը։ 

Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը այսօր ավելի շատ կարող է ծառայել որպես արագ հասանելի աջակցող գործիք՝ օգնելով մարդուն խոսել իր զգացմունքների մասին, ստանալ նախնական ուղղորդում կամ պարզապես զգալ, որ իրեն «լսում են»։ Սակայն խորը հոգեբանական խնդիրների դեպքում մասնագիտական աջակցությունը շարունակում է մնալ անփոխարինելի։ 

Թվային դարաշրջանում AI-ն աստիճանաբար վերածվում է ոչ միայն տեխնոլոգիական օգնականի, այլև յուրօրինակ «թվային զրուցակցի»։ Սակայն հարցը դեռ բաց է մնում՝ արդյոք մարդիկ ապագայում ավելի շատ կվստահեն արհեստական բանականությանը, թե այն կմնա պարզապես ժամանակավոր հուզական աջակցություն տրամադրող գործիք։ 

Միլենա Միրզոյան