Վազգեն Սարգսյանի կերպարը հայոց պատմության մեջ հիշեցնում է ուժեղ ու հակասություններով լի մի ամբողջություն․ արտաքինից՝ խիստ ու անզիջում, բայց ներքուստ՝ զգայուն ու խորքային։ Նրա մեջ միահյուսված էին գրողի նուրբ մտածողությունն ու զինվորի հաստատուն կամքը, որոնք միասին ձևավորում էին նրա յուրահատուկ բնավորությունը։
Ամեն ինչ սկսվեց 1959 թվականի մարտի 5-ից, երբ Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում ծնվեց մի տղա, ով դեռ չէր կարող պատկերացնել, որ մի օր դառնալու է մի ամբողջ ազգի ուժի խորհրդանիշը։ Նրա մանկությունն անցավ գյուղական պարզ ու շիտակ միջավայրում՝ հողի, աշխատանքի, մարդկանց անմիջականության մեջ։ Այդ տարիներն էին, որ ձևավորեցին նրա բնավորությունը՝ ուղիղ, երբեմն կոպիտ, բայց միշտ անկեղծ։
Դպրոցական տարիներին նա առանձնանում էր իր առաջադիմությամբ։ Սովորում էր շատ լավ, պատասխանատու էր և աշխատասեր։
«Դպրոցի պատերից մեկին ամբողջությամբ փակցված էին նրա նկարած նկարները, որոնց մեջ առավել հաճախ պատկերված էր Արարատը»-, պատմում է եղբոր կինը:
Արվեստի հանդեպ սերը դեռ փոքր տարիքից էր դրսևորվում նրա մեջ։
Նրա եղբայրը՝ Արամը, հետագայում պատմում էր, որ Վազգենի դասերը մայրը գրեթե չէր ստուգում, որովհետև վստահ էր՝ նա ամեն ինչ պարտաճանաչ կատարում է։ Մինչդեռ մյուս եղբայրների տնային աշխատանքները մշտապես վերահսկվում էին։
Փոքր տարիքից նա մեծ հետաքրքրություն ուներ նաև գրքերի նկատմամբ․ շատ էր կարդում, և այդ սերը փոխանցվում էր նաև եղբորը։ Արամը հաճախ փորձում էր կարդալ այն գրքերը, որոնք կարդացել էր Վազգենը՝ կարծես հետևելով նրա մտքի ճանապարհին։
Այս ամենը միասին ձևավորեցին նրա ներաշխարհը՝ խոր, մտածող և միաժամանակ մարդկային պարզ արժեքներին կապված։ Հենց այդ միջավայրից էլ ծնվեց նրա հատուկ վերաբերմունքը երեխաների ու տարեցների նկատմամբ՝ նրանց համարելով ամենաանպաշտպանն այս աշխարհում։ Նրա այս վերաբերմունքը հետագայում զգացվում էր նաև ընտանիքի ներսում՝ նույնիսկ այն դեպքում, երբ նա արդեն չկար։
Եղբոր աղջիկը՝ Ծովինարը, ընդամենը մի քանի օրական էր, երբ Վազգեն Սարգսյանը մահացավ։ Սակայն նա ասում է, որ ինչ հիշում է իրեն, հիշում է նաև հորեղբոր ներկայությունը իր կյանքում՝ պատմությունների, հիշողությունների ու ընտանեկան խոսքերի միջոցով։ Նա առանձնացնում է իրեն պատմած ամենատպավորված պատմություններից մեկը․ «1999 թվականի սեպտեմբերի 21-ի գիշերը Վազգեն Սարգսյանը եղբայրներիս ու քույրերիս հետ պահմտոցի է խաղացել։ Տատիկը բարկացել է՝ նկատելով, որ ուշ ժամ է, և հարևանները քնած են։ Հորեղբայրս պատասխանել է․ «Ոչ մի հայ անկախության օրը չպետք է քնի, պետք է մինչև ուշ ժամ ուրախանա և նշի անկախության օրը»։
Տանը ամենաշատը հենց Գրետա մայրիկն էր խոսում որդուց՝ ամեն կերպ իր պատմություններով փորձում էր լրացնել նրա բացը։ Ամեն խոսքից մի նոր պատմություն էր ծնվում, և այդ պատմություններովնա փորձում էր ոչ միայն պահպանել հերոսի կերպարը, այլև փոխանցել «հոպարի»՝ ջերմ ու մարդկային կերպարը ընտանիքի ներսում։
«Իր գլխավոր առանձնահատկությունը բոլորի հետ իրենց լեզվով խոսելն է եղել։ Մանուկի հետ՝ մանուկ էր, մեծահասակի հետ՝ մեծահասակ, գյուղացու հետ՝ գյուղացի, գրողի հետ՝ գրող։ Հենց այս հատկությունն էր նրան դարձնում հասկանալի ու ընդունելի տարբեր խավերի մարդկանց համար՝ ձևավորելով ոչ միայն առաջնորդի, այլ նաև «իրենցից մեկի» կերպար»,- ասում է Ծովինարը։
Դպրոցն ավարտելուց հետո նա սովորեց Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում և դարձավ ուսուցիչ՝ վերադառնալով իր գյուղ։
Այնուհետև աշխատեց նաև Արարատի ցեմենտի գործարանում՝ որպես կոմերիտական կազմակերպության ղեկավար։ Բայց նրա ներաշխարհը չէր սահմանափակվում միայն այս ամենով։ Նա գրում էր՝ պատմվածքներ, հոդվածներ, հրապարակախոսություն, աշխատում էր «Գարուն» ամսագրում և դարձավ գրողների միության անդամ։ Այդ տարիներին նրա ճանապարհը կարող էր ամբողջությամբ գրական լինել։ Սակայն ժամանակը այլ ընտրություն պարտադրեց։
1988 թվականի Արցախյան շարժումը դարձավ նրա կյանքի շրջադարձը։ Այդ պահից սկսած նա այլևս միայն գրող կամ ուսուցիչ չէր։ Նա դարձավ կազմակերպիչ, հրամանատար, առաջնորդ։ Կամավորական ջոկատների ստեղծումը, «Երկրապահի» ձևավորումը, բանակի հիմքերի դրվելը տեղի ունեցավ ոչ թե տեսական պատկերացումներով, այլ կոնկրետ գործողություններով։ 1991 թվականին նա դարձավ անկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարը և սկսեց կառուցել այն, ինչ մինչ այդ գոյություն չուներ՝ հայկական կանոնավոր բանակը։ Պատերազմը նրան փոխեց, բայց չջնջեց ներսի մարդուն։ Նա գիտեր, որ այս երկիրը միայն խոսքով չի պահպանվում։ Նրա համար հայրենիքը գաղափար չէր, այլ գործ՝ քրտինքով ու արյամբ կառուցվող։ «Մահապարտների» գումարտակի ստեղծումը այդ մտածողության դրսևորումներից էր։ Նա հավատում էր, որ յուրաքանչյուր ժողովուրդ իր միջից կարող է գտնել այն մարդկանց, ովքեր կկանգնեն ամենադժվար պահին։ Հետպատերազմյան տարիներին Վազգեն Սարգսյանը դարձավ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Նա կրկին պաշտպանության նախարար էր, ապա՝ 1999 թվականին՝ վարչապետ։ Նրա ազդեցությունը տարածվում էր ոչ միայն պաշտոններով, այլ նաև հեղինակությամբ։ Նա փորձում էր փոխել մտածողություն, կոտրել հպատակության հոգեբանությունը և մարդկանց մեջ ձևավորել պատասխանատվության զգացում երկրի հանդեպ։ Նրա կերպարը հաճախ սխալ էին ընկալում։ Շատերի համար նա մնում էր կոշտ, նույնիսկ վախեցնող։ Ասում էր, որ իրեն ճանաչում են միայն մորուքով, ջղայնացած, քրտնած կերպարով։ Բայց իրականում նա մարդ էր, ով չէր հանդուրժում կեղծիք, ով ընդունում էր սխալները, բայց փորձում էր առաջ շարժվել։ Նա չէր սիրում հանդիսավորություն, չէր կարևորում սեփական կերպարի «փայլեցումը»։ Ավելի կարևոր էր գործը։
Ծնունդը չէր սիրում նշել, միշտ գնում էր Եռաբլուր։
«Վերջին հանդիպման ժամանակ նա բոլորին առանձին գրկեց ու համբուրեց՝ կարծես զգալով ժամանակի սղությունը»,- պատմում էր Վազգեն Սարգսյանի եղբոր կինը:
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունը կտրեց նրա ճանապարհը։ Նա սպանվեց այն պահին, երբ դեռ ուներ ասելիք և անելիք։ Նրա մահը դարձավ անկախ Հայաստանի պատմության ամենածանր հարվածներից մեկը։ Չնայած տարբեր գնահատականներին՝ նա մնաց որպես Սպարապետ՝ ոչ միայն պաշտոնով, այլև կերպարով․ մարդ, ով փորձեց երկիրը կառուցել ներսից՝ մարդկանց մտածողության միջոցով։
Նրա կերպարը շարունակեց ապրել ոչ միայն հիշողություններում, այլև մշակութային տարբեր ձևաչափերում։ 2025 թվականին Վազգեն Սարգսյանի եղբոր աղջկա՝ Նոնա Սարգսյանի նախաձեռնությամբ նկարահանվեց «Վազգեն․ վերջին Սպարապետը» կենսագրական ֆիլմը, որը նրանց ընտանիքի համար երկար սպասված ու զգացմունքային մեծ նշանակություն ունեցող աշխատանք էր։ Ֆիլմում Վազգեն Սարգսյանի կերպարը մարմնավորում էր Խորեն Լևոնյանը։
«Շատ դժվար ու էմոցիոնալ առումով ծանր էր ինձ համար, յուրաքանչյուր պահի լարված էի, որ հանկարծ մի բան սխալ չանեմ։ Մեծ պատիվ էր ինձ համար կերտել նրա կերպարը։ Փորձել եմ շատ նմանակում չանել, ես որոշեցի իր ներքին ուժը, տղամարդկությունը ավելի վերցնեմ ու դրանով ավելի շատ առաջ գնամ»,- պատմում է դերասանը։
Վազգեն Սարգսյանը չփորձեց դուր գալ բոլորին։ Նա ընտրեց ավելի դժվար ճանապարհը՝ կառուցել, պահանջել, փոխել։ Նրա թողած պատգամը պարզ է՝ չապրել անցյալի մեռած բեռով, չվախենալ պատասխանատվությունից, և ամենակարևորը՝ պահել այս երկրի սիրտը։ Եվ գուցե հենց այդտեղ է նրա ամբողջությունը։ Ի վերջո նա մնաց այն կերպարը, ում ժամանակն է բացահայտում։