Առավոտյան ժամը 09:30-ին Գոռը համալսարանի լսարանում է, իսկ 15:30-ից՝ մայրաքաղաքի սրճարաններից մեկում՝ որպես բարիստա: 20-ամյա Գոռն այն հարյուրավոր ուսանողներից է, ում համար բարձրագույն կրթություն ստանալն ուղղակիորեն կապված է ամենօրյա ֆիզիկական աշխատանքի հետ: Նրա ամսական աշխատավարձի գրեթե կեսն ուղղվում է ուսման վարձին:
-Սկզբում փորձում էի աշխատանքս ու ուսումս համատեղել՝ անձնական ծախսերս հոգալու և ծնողներիս վրա բեռ չդառնալու համար: Բայց իրականությունն այլ կերպ ստացվեց. հիմա աշխատավարձիս կեսից ավելին գնում է համալսարանի վարձը փակելուն, որ կարողանամ քննություններին մասնակցել: Ամենածանրը հոգնածությունն է. երեկոյան ուշ աշխատանքից տուն հասնելիս այլևս ոչ ուժ է մնում, ոչ ժամանակ՝ դաս անելու,– պատմում է Գոռը:
Խնդրի ծավալն ու հետևանքները հասկանալու համար ուսանողների շրջանում սոցիալական հարցում ենք անցկացրել, որին մասնակցել է 36 հոգի՝ արական և իգական սեռի գրեթե հավասար բաշխվածությամբ: Հարցվածների մեծ մասը 1-ին և 2-րդ կուրսերի 19–22-ամյա ուսանողներ են: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների 50%-ն ուսմանը զուգահեռ աշխատում է. նրանց մեծ մասը շաբաթական 8–12 ժամ է զբաղված, մի մասը՝ ավելին:
Հարցման արդյունքները բացահայտում են ուղղակի կապ աշխատանքային ծանրաբեռնվածության և առաջադիմության անկման միջև. որքան ավելի շատ ժամ է ուսանողն աշխատում, այնքան ցածր են նրա ուսումնական արդյունքները: Շաբաթական 12 ժամից ավելի աշխատողների շրջանում գրանցվել է բացառապես միջին և ցածր առաջադիմություն, քանի որ աշխատանքային զբաղվածությունը կրճատում է դասերին պատրաստվելու ժամանակը:
Համալսարանի դասախոսները նույնպես նկատում են, որ վերջին տարիներին աշխատող ուսանողների թիվը կտրուկ աճել է: Պատճառները հիմնականում սոցիալ-տնտեսական են՝ կյանքի թանկացումը և կրթական նպաստների սահմանափակ համակարգը:
-Աշխատող ուսանողներին լսարանում անմիջապես ճանաչում ենք. ուշանում են, հոգնած տեսք ունեն, հաճախ բացակայում են: Ֆիզիկապես կողքիդ են, բայց մտքերով կարծես ուրիշ տեղ: Դա ուղղակիորեն ազդում է կրթության որակի վրա: Բայց մեղադրել նրանց չի կարելի. շատերի համար ուսումն ու աշխատանքը համատեղելը համալսարանից դուրս չմնալու միակ ճանապարհն է,– ասում է դասախոս Նահապետյանը:
Պետական աջակության ծրագրերը Հայաստանում և միջազգային փորձը
Հայաստանում այսօր գործում են մի քանի ծրագրեր, որոնք փորձում են կրթությունը կապել սոցիալական կամ մասնագիտական պարտավորությունների հետ.
● «Պատիվ ունեմ» ծրագիրը. պետությունը հոգում է ուսանողի վարձը, իսկ դրա դիմաց՝ բակալավրիատն ավարտելուց հետո նա ծառայում է զինված ուժերում՝ որպես սպա: Ծրագիրը լուծում է առաջարկում, սակայն ունի նեղ, հատուկ մասնագիտական ուղղվածություն:
● «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագիրը. թեև հիմնականում ուղղված է շրջանավարտներին, ծրագիրը արդյունավետ մոդել է ցույց տալիս, թե ինչպես կարող են շրջաններում մասնագիտական աշխատանքը, կրթաթոշակն ու վերապատրաստումը համատեղվել:
Արևմտյան կրթական համակարգերն առաջարկում են մի շարք արդյունավետ այլընտրանքային մոդելներ.
● Work-Study (Աշխատանք-ուսում) ծրագրեր (ԱՄՆ). բուհերն ուսանողներին ապահովում են կիսադրույք աշխատանքով անմիջապես համալսարանի ներսում՝ գրադարանում, լաբորատորիաներում, արխիվում: Գրաֆիկը հարմարեցվում է դասացուցակին, իսկ վաստակած գումարն ավտոմատ կիրառվում է ուսման վարձի հաշվին:
● Անտոկոս ուսանողական վարկեր (Եվրոպական երկրներ). ուսանողը պետական երաշխիքով վարկը սկսում է մարել միայն համալսարանն ավարտելուց և կայուն՝ որոշակի շեմը գերազանցող աշխատավարձ ստանալուց հետո: Այս մոտեցումն ուսանողին հնարավորություն է տալիս ուսման տարիներն ամբողջությամբ նվիրել կրթությանը, իսկ ֆինանսական հարցին՝ լուծել ավելի ուշ:
Որպեսզի աշխատանքը չաղճատի կրթությունը, հայաստանյան բուհական համակարգում կարելի է ներդնել հետևյալ մեխանիզմները.
● Ներբուհական ճկուն հաստիքներ. բուհերի վարչական և տեխնիկական պաշտոններում առաջնահերթությունը տալ սեփական ուսանողներին՝ ապահովելով օրական 1–2 ժամ տևողությամբ ճկուն գրաֆիկ:
● Եռակողմ կորպորատիվ պայմանագրեր. կնքել բուհ-ուսանող-գործատու ձևաչափի պայմանագրեր, որոնցով մասնավոր ընկերությունը հոգում է ուսանողի վարձը՝ ապագայում հենց իր կազմում աշխատանքի ընդունելու պայմանով, սակայն ուսման տարիներին նրան ֆիզիկապես չի ծանրաբեռնում:
● Ճկուն կրեդիտային համակարգ. աշխատող ուսանողին թույլ տալ կիսամյակի ընթացքում վերցնել ավելի քիչ կրեդիտ՝ փոխարենը երկարացնելով ուսման ժամկետը: Դա կնվազեցնի ամենօրյա ծանրաբեռնվածությունն ու կպաշտպանի ուսանողի առաջադիմությունը:
Քանի դեռ ուսանողի գլխավոր մտահոգությունը սեփական կրթության համար վճարելն է, գիտելիքի որակի մասին խոսելն ինքնին դառնում է շքեղություն: Համակարգային փոփոխություններն այլևս սոցիալական կարիք չեն՝ դրանք անհրաժեշտություն են: