Վերջին տարիներին արհեստական բանականությունը (AI) դարձել է աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիաներից մեկը։ Այն արդեն կիրառվում է բժշկության, կրթության, մեդիայի, բիզնեսի, բանկային համակարգի և նույնիսկ հանրային սպասարկման ոլորտներում։ Սակայն AI-ի զարգացմանը զուգահեռ աճում են նաև մարդկանց մտավախությունները, հատկապես այն հարցի շուրջ, թե արդյոք ապագայում այն կարող է փոխարինել մարդուն և մարդկանց թողնել առանց աշխատանքի։
Այսօր արդեն բազմաթիվ կազմակերպություններ տարբեր գործառույթների համար օգտագործում են AI և ավտոմատացված համակարգեր՝ նվազեցնելով մարդկային աշխատուժի կարիքը։ Օրինակ՝ աշխարհի տարբեր երկրներում սրճարաններում և ռեստորաններում կիրառվում են ռոբոտ-մատուցողներ, որոնք պատվերներ են հասցնում հաճախորդներին։ Նման օրինակներ կան նաև Հայաստանում։ Երևանում գործող որոշ սրճարաններ և ժամանցի վայրեր արդեն օգտագործում են ռոբոտացված սպասարկում, ինչի հետևանքով որոշ գործառույթների համար այլևս անհրաժեշտ չէ մեծ թվով աշխատակիցներ պահել։
Միջազգային փորձը ևս ցույց է տալիս, որ AI-ը աստիճանաբար ներգրավվում է տարբեր ոլորտներում։ ԱՄՆ-ում և Չինաստանում բազմաթիվ ընկերություններ օգտագործում են արհեստական բանականություն հաճախորդների սպասարկման, զանգերի մշակման, փաստաթղթերի ստուգման և տվյալների վերլուծության համար։ Ճապոնիայում ռոբոտները կիրառվում են նույնիսկ հյուրանոցներում, որտեղ նրանք կատարում են ադմինիստրատորի և ուղեկցողի գործառույթներ։ Մի շարք միջազգային հետազոտություններ ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին AI-ը կարող է փոխարինել հատկապես կրկնվող և մեխանիկական աշխատանքների մի մասին։ Սակայն մասնագետները նշում են, որ միաժամանակ առաջանալու են նաև նոր մասնագիտություններ, որոնք կապված կլինեն AI համակարգերի կառավարման և վերահսկման հետ։
Այս թեմայի վերաբերյալ խոսել է նաև մեդիայի և թվային տեխնոլոգիաների ոլորտի հմասնագետ Արթուր Պապյաը: Նրա կարծիքով՝ AI-ի արագ զարգացումը ոչ միայն հնարավորություն է, այլ նաև վտանգ, քանի որ մարդիկ հաճախ չեն կարողանում տարբերել իրական և արհեստական բովանդակությունը։ Նա հատկապես կարևորում է մեդիագրագիտությունը՝ նշելով, որ ապագայում կեղծ տեսանյութերն ու ձայնագրությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ հասարակության վրա։
Արհեստական բանականության ազդեցության մասին խոսել է նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ AI-ը չի կարող ամբողջությամբ փոխարինել մարդուն, սակայն այն արդեն փոխում է աշխատաշուկան։ Նա ընդգծում է, որ ապագայում առավել մրցունակ կլինեն այն մարդիկ, ովքեր կկարողանան աշխատել AI գործիքների հետ, այլ ոչ թե պայքարել դրանց դեմ։
Թեմայի վերաբերյալ մենք նաև հարցում ենք անցկացրել տարբեր տարիքային խմբերի մարդկանց շրջանում՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք վերաբերվում արհեստական բանականության զարգացմանը։ Հարցմանը մասնակցել է 100 մարդ։ Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ 18-30 տարեկանների 68%-ը AI-ը դիտում է որպես առաջընթաց և հնարավորություն, իսկ 32%-ը մտահոգված է, որ այն կարող է ապագայում մարդկանց թողնել առանց աշխատանքի։ 30-50 տարեկան հարցվածների շրջանում 74%-ը նշել է, որ հիմնական մտահոգությունը աշխատատեղերի կրճատումն է։ Միայն 26%-ն է AI-ը դիտարկում բացառապես որպես դրական տեխնոլոգիական զարգացում։ 50 տարեկանից բարձր մասնակիցների 81%-ը նշել է, որ AI-ի չափազանց արագ զարգացումը կարող է վտանգավոր լինել, քանի որ մարդիկ դեռ պատրաստ չեն դրա հետևանքներին։ Միայն 19%-ն է վստահություն հայտնել, որ տեխնոլոգիան ամբողջությամբ վերահսկելի կլինի։ Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երիտասարդներն ավելի բաց են տեխնոլոգիական փոփոխությունների նկատմամբ, մինչդեռ միջին և բարձր տարիքային խմբերի ներկայացուցիչներն ավելի զգուշավոր են և հիմնականում անհանգստանում են աշխատանքի կորստի և մարդկային շփումների նվազման պատճառով։
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ արհեստական բանականությունը միաժամանակ և՛ հնարավորություն է, և՛ մարտահրավեր։ Այն կարող է հեշտացնել մարդու կյանքը, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և զարգացնել տարբեր ոլորտներ, սակայն առանց վերահսկողության և ճիշտ կիրառման կարող է նաև վտանգ ներկայացնել հասարակության համար։ Հետևաբար, AI-ի զարգացումը պետք է ուղեկցվի ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացով, այլ նաև պատասխանատվությամբ և մարդկային վերահսկողությամբ։