Քաղաքի սովորական աղմուկը՝ մեքենաների շարժիչների միապաղաղությունը, անցորդների անհոգ զրույցներն ու սրճարաններից լսվող երաժշտությունը, հանկարծ կարծես կիսվում է երկու մասի։ Հեռվից լսվող սուր, ճեղքող ձայնը ստիպում է ակամայից շրջվել։
Շտապօգնության մեքենան է՝ անդադար բաբախող մի սպիտակ կետ, որը կապույտ լույսերի թարթումով փորձում է իր ճանապարհը հարթել խցանված փողոցի մեքենաների հոսքում։ Այն սլանում է՝ ամեն վայրկյան ավելի ու ավելի «շնչակտուր» լինելով ժամանակի անողոք ընթացքից։ Այդ մետաղական փրկօղակը, իր կողերին երիզված կարմիր զարկերակի պես գծերով, կարծես միայնակ մարտիկ լինի քաղաքի անտարբերության դեմ։ Մեքենայի շարժիչի լարված հևոցի ու անիվների կտրուկ արգելակների հետևում թաքնված է մի ամբողջ կյանքի պատմություն, որը հենց այդ պահին վճռվում է չորս անիվների վրա։
Ես հաճախ եմ դիտում այդ տեսարանը ու ամեն անգամ մտածում. այս սպիտակ պատնեշը միայն տրանսպորտային միջոց չէ, այն ժամանակի դեմ պայքարող մի ինքնուրույն աշխարհ է։ Եթե դրսում քաոս է, ապա մեքենայի ներսում միանգամայն այլ միջավայր է։
Այստեղ սուր են զգացվում դեղորայքի ու սպիրտի հոտերը, որոնք խառնվում են սարքավորումների միապաղաղ զնգոցին։
Այս փոքրիկ, սահմանափակ տարածության մեջ չկա «հետո», կա միայն «հիմա»։
Այս ամբողջ պատմության ամենաանհանգստացնող շերտը բացահայտեցի Անահիտի հետ զրույցում։ Նա այն «ուղևորներից» էր, ում համար քաղաքի այդ տագնապալի ազդանշանը դարձել էր կյանքի վերջին թելը։ Նրա աչքերում դեռ թարմ էր այն սարսափը, որն ապրել էր մեքենայի փակ պատերի ներսում։
-Գիտե՞ս, - պատմում էր նա,- երբ ինձ բարձրացրին մեքենա, ես դադարեցի լսել իմ շուրջը կատարվողը։ Լսում էի միայն սրտիս անկանոն բաբախյունն ու այդ խլացնող ձայնը, որը կարծես ճեղքում էր ուղեղս։ Աշխարհը սահմանափակվեց պատգարակի չափերով։ Ես չէի տեսնում դուրսը, բայց զգում էի ամեն մի կտրուկ շարժումը։ Դա անտանելի վախ էր. ոչ թե մահից, այլ այն մտքից, որ կարող են պարզապես չհասցնել։
Անահիտը հիշում էր, որ ամենածանրը խցանման պահերն էին:
-Այդ լռությունը մեքենայի ներսում ավելի սարսափելի էր, քան ազդանշանի ձայնը։ Ես պառկած էի ու մտածում էի. հիմա ինչ-որ մեկը հեռախոսով է խոսում կամ ուղղակի չի ուզում կողք քաշվել, իսկ իմ ժամանակը կամաց-կամաց սպառվում է։ Ես ինձ անօգնական զգացի, որի ճակատագիրը կախված էր ոչ թե իմ կամքից, այլ քաղաքի անտարբերության աստիճանից։
Վերջերս առիթ ունեցա կարճ զրուցելու նաև շտապօգնության վարորդի՝ պարոն Արմենի հետ։ Նրան հանդիպեցի հերթական կանչից ընդամենը յոթ րոպե անց։ Նա հենված էր մեքենայի դռանը և արագ, կարճ շնչում էր, ասես ինքն էր վազել հիվանդի փոխարեն։ Պարոն Արմենի խոսքերը դեռ հնչում են ականջներումս:
-Մեզ համար ամենադժվարը փողոցի անտարբերությունն է։ Մարդը հեռախոսով խոսում է կամ բարձր երաժշտություն լսում ու պարզապես չի ուզում նկատել քեզ։ Նա չի հասկանում, որ այդ կորցրած երկու րոպեն մեկի համար կարող է մի ամբողջ կյանք արժենալ։
Մինչ մենք խոսում էինք, բուժքույրը՝ Նունեն, մեքենայի սրահում լուռ ու կենտրոնացված դասավորում էր դեղորայքի սրվակները։
Նա նույնիսկ գլուխը չբարձրացրեց. նրա համար ժամանակը չափվում էր ոչ թե բառերով, այլ պատրաստի ներարկիչներով։ Այդ լռության մեջ միայն լսվում էր ապակյա սրվակների թեթև զնգոցը։ Հիվանդի համար այդ ձայնը հուսադրող նշան է, որ իր համար դեռ պայքարում են։
Պարոն Արմենը մխիթարական ժպիտով նայեց ինձ ու ավելացրեց մի միտք, որը թերևս այս մասնագիտության ամբողջ էությունն է:
-Գիտե՞ս, աղջիկս, մարդիկ կարծում են, թե մենք ուղղակի մեքենա ենք վարում։ Բայց մենք վարում ենք ինչ-որ մեկի վերջին հույսը։ Ու ամենածանրը ոչ թե ղեկն է, այլ այն մտքի բեռը, որ կարող ես չհասցնել:
Այս կարճ խոստովանությունների մեջ ամփոփված է մեր իրականության ամենացավոտ կողմերից մեկը՝ մարդկային գործոնը։ Մենք սովոր ենք քննադատել բժիշկներին ուշանալու համար, բայց հազվադեպ ենք հարցնում ինքներս մեզ՝ իսկ մենք ճանապարհ տվեցի՞նք այդ մեքենային։ Իհարկե, խցանման մեջ կանգնած մյուս վարորդներն էլ իրենց հոգսերն ունեն, բայց հենց այդ վայրկյանին նրանց ուշացումը դառնում է աննշան՝ այն մեծ պայքարի կողքին, որն ընթանում է սպիտակ պատերի հետևում։
Ինձ համար այդ կանչը քաղաքի բաբախող սիրտն է։ Այն մեզ հիշեցնում է մեր խոցելիության և միևնույն ժամանակ՝ մարդկային համերաշխության մասին։ Երբ սպիտակ մեքենան անհետանում է հաջորդ խաչմերուկում, օդում մնում է մի տեսակ անտեսանելի հարցական. իսկ մենք պատրա՞ստ ենք կանգ առնել ու ճանապարհ տալ ուրիշի կյանքին՝ թեկուզ մեր մի քանի վայրկյանի հաշվին։