06.16.2026
Կատեգորիա
Հասարակություն
մանկապարտեզ

Մանկապարտեզը երեխայի առաջին սոցիալական միջավայրերից մեկն է, որտեղ ձևավորվում են հաղորդակցման, համագործակցության և ինքնուրույնության սկզբնական հմտությունները։ Մասնագետների կարծիքով՝ նախադպրոցական կրթությունը կարևոր դեր ունի երեխայի հոգեբանական և սոցիալական զարգացման գործընթացում։ Սակայն ոլորտում առկա մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ խմբերի գերծանրաբեռնվածությունը և աշխատակազմի սահմանափակ հնարավորությունները, հաճախ խոչընդոտում են այդ գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։

Հոգեբան Աննա Մկրտչյանի խոսքով՝ մանկապարտեզը երեխայի համար առաջին միջավայրն է, որտեղ նա երկար ժամանակով առանձնանում է ընտանիքից և սկսում շփվել հասակակիցների հետ։

«Այս փուլում երեխան սովորում է հաղորդակցվել, պահպանել կանոններ, համագործակցել և արտահայտել սեփական ցանկությունները։ Միևնույն ժամանակ՝ ադապտացիան բոլոր երեխաների մոտ նույն կերպ չի ընթանում։ Որոշ երեխաներ արագ են հարմարվում, մյուսների մոտ կարող են առաջանալ տագնապայնություն, լաց, փակվածություն կամ վարքային փոփոխություններ»,- նշում է հոգեբանը։

Նրա խոսքով՝ երեխայի ադապտացիայի գործընթացի վրա ազդում է նաև խմբում երեխաների քանակը։ Մեծ խմբերում դաստիարակը հաճախ չի կարողանում բավարար ուշադրություն հատկացնել յուրաքանչյուր երեխայի, հատկապես՝ ադապտացիոն փուլում։

«Եթե խմբում երեխաների թիվը մեծ է, երեխայի անհատական առանձնահատկությունները հաճախ դուրս են մնում ուշադրությունից։ Սա հատկապես կարևոր է այն երեխաների դեպքում, որոնք ավելի դժվար են հարմարվում նոր միջավայրին»,- ասում է մասնագետը։

Սոցիալական հարցերի նախարարությունից ի պատասխան հարցման նշել են, որ մանկապարտեզների խմբերում թույլատրելի երեխաների քանակը կազմում է միջինը 20-25 երեխա՝ կախված տարիքային խմբից։ Սակայն ոլորտի մասնագետների խոսքով՝ գործնականում որոշ մանկապարտեզներում երեխաների թիվը կարող է գերազանցել սահմանված նորմերը։

Երևանի համայնքային մանկապարտեզներից մեկի դաստիարակ Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ մեծ խմբերում դժվար է յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցում ապահովել։

«Երբ խմբում 25-ից ավելի երեխա կա, դաստիարակի աշխատանքը զգալիորեն բարդանում է։ Օրվա ընթացքում միաժամանակ մի քանի երեխա կարող է ուշադրության, օգնության կամ վերահսկողության կարիք ունենալ։ Այդ պայմաններում դժվար է բոլոր երեխաների հետ անհատական աշխատանք իրականացնել»,- նշում է նա։

Դաստիարակի խոսքով՝ հատկապես բարդ է լինում նոր ընդունված երեխաների ադապտացիայի փուլը։

«Առաջին շաբաթներին երեխաների մի մասը դժվարությամբ է հարմարվում նոր միջավայրին։ Այդ ընթացքում նրանք ավելի շատ ուշադրության և աջակցության կարիք ունեն, սակայն մեծ խմբերում դա միշտ չէ, որ հնարավոր է լիարժեք ապահովել»,- ասում է նա։

Մանկապարտեզի վարչական աշխատակիցներից մեկի խոսքով՝ խմբերի ծանրաբեռնվածությունը հիմնականում պայմանավորված է տեղերի պակասով և համայնքային մանկապարտեզների նկատմամբ մեծ պահանջարկով։

«Հատկապես համայնքային մանկապարտեզներում հերթագրման խնդիր կա։ Շատ ծնողներ նախընտրում են պետական համակարգը, ինչի հետևանքով որոշ խմբերում երեխաների թիվն ավելանում է»,- նշում է նա։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մի շարք եվրոպական երկրներում նախադպրոցական կրթության համակարգում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երեխա-դաստիարակ հարաբերակցությանը և խմբերի քանակական սահմանափակումներին։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տվյալներով՝ նախադպրոցական կրթության ոլորտում OECD երկրների միջին ցուցանիշը կազմում է շուրջ 13-15 երեխա մեկ դաստիարակի հաշվով։  OECD-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Ֆինլանդիայում նախադպրոցական խմբերում միջին հարաբերակցությունը կազմում է մոտ 7 երեխա մեկ մասնագետի հաշվով, իսկ Շվեդիայում 1-3 տարեկան երեխաների խմբերում առաջարկվող թիվը 6-12 երեխա է, 4-5 տարեկանների խմբերում՝ 9-15 երեխա։ OECD-ի զեկույցներում նշվում է, որ փոքր խմբերը և ավելի ցածր երեխա-դաստիարակ հարաբերակցությունը հնարավորություն են տալիս ապահովել ավելի անհատական մոտեցում, ավելի արդյունավետ վերահսկողություն և երեխայի հետ որակյալ փոխազդեցություն։ 

Մասնագետների կարծիքով՝ նախադպրոցական կրթության արդյունավետությունը կախված է ոչ միայն կրթական ծրագրերից, այլև այն պայմաններից, որոնցում երեխան անցկացնում է օրվա մեծ մասը։ Նրանք ընդգծում են, որ երեխայի սոցիալական և հոգեբանական զարգացման համար կարևոր է ոչ միայն մանկապարտեզ հաճախելու փաստը, այլ նաև խմբերի ծանրաբեռնվածությունը, մասնագետների քանակը և անհատական մոտեցում ապահովելու հնարավորությունը։
 

Թամարա Մնացականյան