Արհեստական բանականության (ԱԲ) բաղադրիչը մարդու առօրյայում վերջին տարիների ընթացքում շարունակում է աճել։ Այն դարձել է ոչ միայն օպերատիվ տեղեկատվության աղբյուր, այլև աշխատանքային գործիք։ Իհարկե, այն կարող է օգնել տեխնիկական ճշգրտություն պահանջող շատ ոլորտներում, բայց ինչպիսի՞ն կարող է լինել ԱԲ-ի ազդեցությունն այնտեղ, որտեղ գերակշռում են մարդկային հույզերն ու ստեղծագործական մտածողությունը։ Այդպիսի ոլորտներից մեկը երաժշտությունն է։ Երաժշտությանը մենք առնչվում ենք ամեն օր, և համացանցում ոչ հազվադեպ կարելի է հանդիպել ԱԲ-ի գեներացրած մեղեդիների։
Հայաստանում նույնպես գոյություն ունի ԱԲ-ի վրա հիմնված մի նախագիծ՝ «ԱՐԲԱՆ-ԷԱԿ» վերնագրով, որի հեղինակն է Արտակ Կնյազյանը (Ֆլոյդ)։ Բացի սեփական գործերից, նախագծի շրջանակներում հեղինակը ԱԲ-ի միջոցով հայ ճանաչված բանաստեղծների գործերը վերածում է երգերի։ Այդ տեսահոլովակները հավաքում են մեծ քանակությամբ դիտումներ։
Հոդվածի շրջանակներում անցկացված հարցման արդյունքում պարզ է դառնում, որ մարդիկ հիմնականում կողմ են արհեստական բանականությանը, եթե այն ճիշտ է կիրառվում, և գաղափարի կրողը մարդն է։ Հարցմանը մասնակցել է 57 հոգի, որոնցից 26-ը (45,6%) երաժշտական ոլորտից են, իսկ 31-ը (54,4%)՝ պարզապես երաժշտասերներ։ Այսպիսով՝ ունենք գրեթե հավասար քանակով թե՛ մասնագիտական կարծիքներ, թե՛ լսարանի արձագանք։
Ի՞նչ են մտածում մասնագետներն ու ունկնդիրները
ԱԲ-ի գեներացրած երաժշտության մասին հարցին մասնակիցների ամենաքիչ տոկոսը (19,3%) է դրական արձագանք տվել. երաժշտական ոլորտի 26 հոգուց՝ միայն 4-ը, իսկ ունկնդիրներից՝ 7-ը։ Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 47%-ը, երկու կողմերի հավասար բաշխումով, չեզոք վերաբերմունք է արտահայտել՝ հաշվի առնելով ԱԲ-ի և՛ դրական, և՛ բացասական կողմերը, իսկ 29,8%-ը (դարձյալ կողմերի հավասար բաշխումով) արձագանքել է բացասական։
Ավելի մասնագիտորեն ԱԲ-ի դրական և բացասական կողմերը ներկայացրեց հայ կոմպոզիտոր, սիմֆոնիկ, կամերային, վոկալ ստեղծագործությունների, էստրադային երգերի, ֆիլմերի և հեռուստահաղորդումների երաժշտության հեղինակ Էդմոնդ Մակարյանը․
«Եթե փորձենք ԱԲ-ն օբյեկտիվորեն գնահատել, ապա, բնականաբար, բացասական ենք վերաբերվում, որովհետև մարդը մեխանիզմից տարբերվում է առաջին հերթին իր հոգևոր արժեքներով և հոգու առկայությամբ։ ԱԲ-ն կատարում է առաջադրանք՝ ստեղծելով գուցե և իրար հետևից ճիշտ շարված նոտաներով երաժշտություն, բայց ամեն երաժշտության գիծ չէ, որ պետք է 101%-ով «ճիշտ» լինի։ Այն էմոցիաները, որոնք զգում և ստեղծում է մարդը, ԱԲ-ն չի կարող զգալ, իսկ երաժշտության մեջ հենց մարդու զգացած էմոցիաներն են դրսևորվում։
Միակ լավ բանը ժամանակի կրճատումն է. մարդկային կյանքում մենք ունենք ժամանակը ճիշտ ծախսելու անհրաժեշտություն։ Բայց պրոֆեսիոնալ տեսանկյունից ես դրան դեմ եմ, որովհետև այն ի վերջո կգա և վերջնականապես կփչացնի այն բնական, մաքուր և հոգուց ստեղծված երաժշտությունը, որը մարդիկ դարեր շարունակ ստեղծել են ու ստեղծում են»։
Երաժշտություն գրելը բարդ գործընթաց է, և ժամանակի խնայողությունն այդ գործում ԱԲ-ի հիմնական առավելությունն է։ Կոմպոզիտորը նաև նշեց, որ այն կարճ գործերում, որտեղ պետք է արագ արդյունք (օրինակ՝ գովազդներում կամ սերիալներում), ԱԲ-ն գալիս է փոխարինելու կոմպոզիտորի աշխատանքը, սակայն այն խանգարող հանգամանք է, եթե երաժշտությունը դիտարկենք որպես արվեստ և մնայուն արժեք։
Ի՞նչ բնույթի ԱԲ երաժշտության ենք հանդիպում համացանցում
Սոցհարցման արդյունքներով կարելի է փաստել, թե մարդիկ հիմնականում ինչ բնույթի երաժշտության են հանդիպում, որոնք գեներացված են արհեստական բանականությամբ․
- Թեթև գործեր՝ 56,1% (32 մասնակից)
- Cover-ներ (վերակատարումներ)՝ 49,1% (28 մասնակից)
- Հումորային նպատակներով ստեղծված գործեր՝ 38,6% (22 մասնակից)
- Այլ տարբերակներ՝ 22,8% (13 մասնակից)
- Լուրջ գործեր՝ 19,3% (11 մասնակից)
Ինչպես տեսնում ենք, ամենահազվադեպը համացանցում կարելի է հանդիպել ԱԲ-ի կողմից մշակված լուրջ երաժշտական գործերի։ Փոխարենը ԱԲ cover-ները բավականին հաճախ են հանդիպում, սակայն դրանք շատ հազվադեպ կարող են մրցակցել բնօրինակների հետ։ YouTube-ում որոշ հայտնի երգերի ԱԲ cover-ներ հավաքում են միլիոնավոր դիտումներ, մինչդեռ բնօրինակների դիտումներն անցնում են միլիարդը։
Օրինակ` 50 Cent-ի In Da Club երգի վերաձևափոխված տարբերակը հավաքել է 4,1 մլն դիտում։ Մեկ այլ հարթակում՝ Instagram-ում, Metallica-ի ոճով և ԱԲ-ով գեներացված՝ Աննա Աստիի «Царица» երգի cover-ը վիրուսային էր դարձել՝ հավաքելով 2,6 մլն դիտում։ Հետաքրքիր է, որ սա ավելին էր, քան նույն հարթակում Աննա Աստիի օրիգինալ տարբերակի հոլովակը (1,1 մլն դիտում)։ ԱԲ-ի տարածված cover-ները հիմնականում հայտնի երգերի տարբերակներն են՝ այլ երաժշտական ոճերի կիրառմամբ․ դրանք երբեմն խիստ տարբերվում են բնօրինակից՝ նմանվելով ինքնուրույն երաժշտական գործերի։ Օրինակ՝ Spotify հարթակում գոյություն ունի ԱԲ-ի վրա հիմնված Fake Music անունով նախագիծ, որն ունի ամսական 207 հազարից ավելի լսարան։
Ի՞նչ է ասում ինքը՝ Արհեստական Բանականությունը
Հոդվածի շրջանակներում հաշվի ենք առել նաև ԱԲ-ի կարծիքը՝ թեմայի վերաբերյալ հարցեր ուղղելով Gemini-ին և GPT-ին։ Հետաքրքիր է, որ ԱԲ-ն նույնպես այն կարծիքի է, որ լուրջ գործերը պետք է թողնել երաժիշտներին, բայց ինքը կարող է գերիշխել մյուս ուղղություններում։
Այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք ԱԲ-ն փոխարինել երաժիշտներին և կոմպոզիտորներին, Gemini-ն պատասխանեց․
«Տեխնիկապես՝ այո, էմոցիոնալ առումով՝ ոչ։ Այն ոլորտներում, որտեղ երաժշտությունը ծառայում է որպես ֆոն (գովազդ, ջինգլներ, երաժշտություն տեսախաղերի կամ մեդիտացիայի համար), ԱԲ-ն, ամենայն հավանականությամբ, կդառնա գերիշխող։ Այն ավելի արագ է, էժան և կարող է գեներացնել բովանդակության անվերջ հոսք, որը կատարելապես համապատասխանում է տրված պարամետրերին։
Սակայն ունկնդիրները սիրում են արտիստներին նրանց անհատականության, նրանց ցավի կամ անցած ճանապարհի համար։ ԱԲ-ն չի կարող «տառապել» կամ «սիրահարվել»՝ նա միայն նմանակում է այդ վիճակները։ ԱԲ-ն ձգտում է մաթեմատիկական իդեալի։ Սակայն կենդանի երաժշտությունը գեղեցիկ է իր սխալներով, ռիթմից հազիվ նկատելի շեղումներով և կատարողի եզակի «ձեռագրով»»։
Որպես դրական կողմ՝ թե՛ Gemini-ն, թե՛ GPT-ն նշեցին, որ ԱԲ-ն հնարավորություն է տվել ոչ պրոֆեսիոնալներին (ովքեր չունեն ստուդիա, թանկարժեք ծրագրեր, պրոդյուսեր կամ ձայնային ինժեներ, բայց ունեն գաղափար) պարզապես նոթբուքով երաժշտություն ստեղծել։ Միևնույն ժամանակ ԱԲ-ն նշում է, որ այն, ինչ հասանելի է, էժան և արագ արտադրվող՝ ահռելի քանակներով, կարող է նվազեցնել ստեղծագործության արժեքը։
Gemini-ն նաև պնդում է, որ ԱԲ-ի կիրառումը կարող է հանգեցնել նոր ժանրերի ստեղծմանը, և մենք «ականատես կլինենք այնպիսի երաժշտության հայտնվելուն, որը մարդկային ուղեղը պարզապես չէր կարող կառուցել ռիթմերի կամ կառուցվածքների մաթեմատիկական բարդության պատճառով»։
Կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը հակադրվում է այս մտքին․
«Ըստ իս՝ մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ, որպես այդպիսին, ինքնուրույն ճյուղեր չկան. կան ճյուղեր, որոնք վերապրոֆիլավորվում են։ Չեմ հավատում ԱԲ-ի այդքան մեծ կարողություններին. այն կարող է տեմբրային նոր ձայներ բերել, բայց այդ ամենն արհեստական է։ Մենք կարող ենք հավերժ լսել ջութակ, սակայն չենք կարող հավերժ լսել էլեկտրոնային երաժշտություն, որովհետև մեր հոգին բնական է, իսկ արհեստական ձայնը, միևնույն է, մեր ականջին և հոգուն մի կետում հասցնելու է ձանձրույթի»։
Սերունդների բախում և ապագայի մտահոգություններ
Սոցհարցման արդյունքներով՝ ԱԲ-ի մասսայականացումը կարող է հանգեցնել հետևյալ հետևանքներին (մասնակիցները նշել են մի քանի տարբերակ)․
- Միանման երգերի շատացում՝ 66,7%
- Երաժշտության որակի նվազեցում՝ 56,1%
- Երաժշտության ոլորտում մասնագետների գործազրկություն՝ 42,1%
Էդմոնդ Մակարյանն ապագան տեսնում է այսպես․
«Ապագայում ես տեսնում եմ «լայն առաջընթաց», երբ ԱԲ-ի դերը սկսում է մեծանալ. այն լինելու է ավելի մատչելի տարբերակ, բայց երաժշտությունը լինելու է առանց հոգու՝ գործեր, որոնք մենք լսելու ենք ու անցնենք առաջ։ Մարդը կսկսի հիասթափվել. ենթադրենք՝ 10 երաժիշտից 5-ը կթողնի աշխատանքը և կգնա այլ ուղղությամբ։ Գուցե այդ 5-ից մեկը լիներ նոր Արամ Խաչատրյանը, նոր Մոցարտը կամ նոր Շոստակովիչը, բայց ոչ բոլորը ի վիճակի կլինեն համբերատար քայլել ԱԲ-ին զուգահեռ։ Ցավոք սրտի, երաժշտությունը կզրկվի շատ կարևոր և նշանակալի դեմքերից»։
Հետաքրքիր է, որ չնայած ԱԲ-ն ժամանակակից գործիք է, հարցման արդյունքներով՝ երիտասարդությունն է տալիս ամենամեծ տոկոսով բացասական արձագանքը, մինչդեռ մինչև 2000-ականները ծնված մարդիկ ավելի դրական են մոտենում այս գործիքին։ Սա հերքում է այն վարկածը, թե հիմնականում ավագ սերունդն է դեմ նորարարություններին․
- 18-26 տարեկանների (17 մասնակից) 58,8%-ը ԱԲ-ի ազդեցությունը երաժշտության վրա համարում է բացասական, իսկ դրական՝ միայն 17,6%-ը։
- Մինչև 2000-ականները ծնվածների (35 մասնակից) միայն 22,2%-ն է բացասական արձագանքել, իսկ 34,2%-ը տվել է դրական պատասխան։
«Խելացի վրձի՞ն», թե՞ ծրագրային թակարդ
Մարդիկ հիմնականում դեմ են ոչ թե ինքնին ԱԲ-ին, այլ այն բանին, թե ինչպես է այն կիրառվում։ Հարցման մասնակիցների 64,9%-ը նշել է, որ ԱԲ-ի կիրառությունը երաժշտության ոլորտում պետք է լինի չափավոր՝ որպես օգնող գործիք կամ կոնկրետ նպատակներով, բայց ոչ ամբողջությամբ երաժշտություն գրելու համար։
Այս թեմայով Gemini-ն արտահայտեց հետևյալ միտքը․
«Պրոֆեսիոնալների համար ԱԲ-ն դառնում է «խելացի վրձին»։ Այն օգնում է ազատվել միապաղաղ աշխատանքից՝ մաքրել ձայնագրությունը աղմուկից, գեներացնել գործիքավորման տարբերակներ կամ վայրկյանների ընթացքում գտնել սինթեզատորի կատարյալ տեմբրը։ ԱԲ-ն չի փոխարինի կոմպոզիտորին, բուց այն կոմպոզիտորը, ով օգտագործում է ԱԲ, կփոխարինի նրան, ով արհամարհում է այն»։
Այս ձևակերպումը դարձավ ևս մեկ երաժիշտ-ԱԲ հակամարտության դրդապատճառ։ Էդմոնդ Մակարյանը նշում է․
«Ի՞նչ է ԱԲ-ն մեզ խորհուրդ տալիս. խորհուրդ է տալիս լինել խորամանկ, օգտվել իրենից և հաղթել այն մարդուն, ով չի օգտվում ԱԲ-ից։ Այս դեպքում արվեստը դառնում է արդեն խորամանկություն, իսկ այն արվեստը, որտեղ կա խորամանկություն, արդեն արվեստ չէ։ Մոցարտն օգտվե՞լ էր ԱԲ-ից, իսկ Բեթհովենը՝ անգամ լինելով խուլ, օգտվե՞լ էր ԱԲ-ից։ Ես կարծում եմ, որ սա ծրագրային թակարդ է՝ մարդկանց իրար դեմ լարելու և սեփական արժեքը բարձրացնելու համար»։
Հեղինակային իրավունքի խնդիրը
Խոսելով ԱԲ-ի արժեքի մասին՝ չենք կարող չանդրադառնալ մեկ այլ կարևոր թեմայի՝ հեղինակային իրավունքին. ո՞վ է ԱԲ-ի գեներացրած երաժշտության հեղինակը՝ ալգորիթմ հավաքո՞ղը, թե՞ այն իրագործողը։ Այս հարցը իրավական հարթակում դեռևս լուծված չէ։
Էդմոնդ Մակարյանն իր մասնագիտական կարծիքն է հայտնում․ «Դեռևս հեղինակը մարդն է, իսկ ԱԲ-ն երաժշտությունը կառուցողն է, սակայն կարծում եմ, որ ԱԲ-ն ապագայում կանկախանա»։