Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում վերջին տարիներին արձանագրվել է օտարերկրյա ուսանողների թվաքանակի աննախադեպ աճ։ Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024-2025 ուսումնական տարում Հայաստանի բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների թիվը գերազանցել է 8,500-ը, ինչը կազմում է ընդհանուր ուսանողության շուրջ 10-12%-ը։ Սա լուրջ ցուցանիշ է, որը թելադրում է նոր մոտեցումներ ինտեգրման և կրթական որակի ապահովման հարցում։
Օտարերկրյա ուսանողների մեծամասնությունը՝ շուրջ 70%-ը, կենտրոնացած է բժշկական մասնագիտությունների ոլորտում՝ ԵՊԲՀ-ում և մի շարք մասնավոր բուհերում, սակայն նկատելի է նաև հոսք դեպի դասական համալսարանական կրթություն։ Մասնավորապես, Երևանի պետական համալսարանը վերջին շրջանում ակտիվացրել է անգլալեզու կրթական ծրագրերի ընդլայնումը՝ ձգտելով գրավել ուսանողների նաև հումանիտար և հասարակագիտական ոլորտներում։ Հիմնական շահառուները Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից և Ռուսաստանից ժամանած ուսանողներն են։
ԿԳՄՍՆ-ի ռազմավարական փաստաթղթերում հստակ նշված է, որ կրթության արտահանումը Հայաստանի տնտեսության համար տարեկան մի քանի միլիարդ դրամի շրջանառություն ապահովող աղբյուր է։ Սակայն ոլորտի փորձագետները մտահոգված են։ Կրթական քաղաքականության վերլուծաբան Արամ Մկրտչյանը նշում է, որ պետք է անցում կատարել քանակական աճից դեպի որակյալ ծառայություններ, քանի որ, չնայած ֆինանսական դրական դինամիկային, ուսանողների շրջանում իրականացված հարցումները բացահայտում են խնդիրներ, որոնք ստվերում են իրենց հաջողությունները։
Թաքնված մարտահրավերներ. մեկուսացում և լեզվական պատնեշներ
Ոչ պաշտոնական հարցումների համաձայն՝ օտարերկրյա ուսանողների 45%-ը նշում է, որ ուսման ընթացքում զգում է սոցիալական մեկուսացում։ ԵՊԲՀ-ի 4-րդ կուրսի ուսանողուհի Իշանին կիսվում է իր փորձով․
«Մենք գալիս ենք Հայաստան լավ կրթություն ստանալու համար, բայց դասախոսների մեծ մասը կենտրոնացած է միայն տեսական նյութի վրա՝ հաճախ անտեսելով օտարերկրյա ուսանողների լեզվական կամ մշակութային առանձնահատկությունները։ Իսկ տեղացի ուսանողների հետ շփումը հաճախ սահմանափակվում է միայն ընդհանուր նախագծերով»։
ԵՊՀ-ում սովորող միջազգային ուսանողների շրջանում նույնպես հաճախ հնչում է մտահոգություն այն մասին, որ համալսարանական միջավայրը, թեև պատմականորեն հարուստ է, երբեմն դժվարհասանելի է դառնում օտարերկրացիների համար լեզվական խոչընդոտների պատճառով։ Լեզվական տարբերությունը լուրջ խնդիր է, քանի որ ուսանողների 60%-ը հայտնում է, որ հայերենին չտիրապետելը խանգարում է պրակտիկայի ժամանակ լիարժեք հաղորդակցմանը։ Բացի այդ, բուհերի հանրակացարանային պայմանները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, ինչը ուսանողների 35%-ի համար կեցության ամենամեծ դժվարությունն է։
Ի՞նչ է նախատեսում պետական քաղաքականությունը
Այս խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով հարցում էինք ուղղել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Ի պատասխան՝ գերատեսչությունից հայտնեցին, որ օտարերկրյա ուսանողների կրթական փորձառության բարելավումը ամրագրված է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով»։ Նախարարությունից տեղեկացնում են, որ հիմնական շեշտադրումները կատարվում են ընդունելության պահանջների բարելավման, միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման և օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։
Կարևոր քայլերից է նաև 2026 թվականի փետրվարին հաստատված Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, որը միտված է միջազգային ստանդարտներին համապատասխանող ենթակառուցվածքների ապահովմանը։ Իրավական դաշտի մասով՝ նախարարությունը հղում է կատարում 2025 թվականի հոկտեմբերին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին, որով բուհերը պարտավոր են կազմակերպել հայոց լեզվի և պատմության լրացուցիչ դասընթացներ ու ապահովել ուսանողի ակադեմիական, սոցիալական ու մշակութային միջավայրի զարգացումը։
Փորձագիտական լուծումներ. ինստիտուցիոնալ փոփոխություններից մինչև ԱԲ
Իրավիճակը շտկելու համար կրթական փորձագետ Աննա Պետրոսյանն առաջարկում է կոնկրետ քայլեր՝ միավորելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու հումանիտար մոտեցումները։ Նա առաջարկում է ստեղծել ուսանողական օմբուդսմենի ինստիտուտ, որը կզբաղվի օտարերկրացիների իրավունքների պաշտպանությամբ և հարմարվողականության խնդիրներով, ինչպես նաև բուհերում ներդնել միջմշակութային հաղորդակցության պարտադիր դասընթացներ՝ կոտրելով կարծրատիպերը։
Իր հերթին ՏՏ ոլորտի մասնագետ Գևորգ Թորոսյանը կարծում է, որ տեխնոլոգիաները կարող են էապես մեղմել խնդիրը.
«Օգտագործելով ԱԲ-ի վրա հիմնված լեզվական օժանդակ գործիքներ՝ մենք կարող ենք դասախոսությունները իրական ժամանակում թարգմանել և հասանելի դարձնել օտարալեզու ուսանողներին, ինչը կնվազեցնի լեզվական ճնշումը»։
Համալսարանական դասախոս Արթուր Սարգսյանն էլ հավելում է, որ լուծումը պետք է լինի նաև մենթորական ծրագրերի ընդլայնումը․
«Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր օտարերկրացի ուսանող ունենա տեղացի ուսանող-մենթոր, ով կօգնի նրան ոչ միայն ուսումնական, այլև կենցաղային հարցերում։ Սա ինքնաբերաբար կփոխի հարաբերությունները՝ դրանք դարձնելով ոչ թե ֆորմալ, այլ բարեկամական»։
Միջազգայնագետ Նարինե Հակոբյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է ստեղծի նաև Welcome Center-ներ, որոնք ուսանողներին կուղեկցեն ժամանումից մինչև ավարտ՝ ապահովելով իրավական և հոգեբանական աջակցություն։ Այս քայլերը թույլ կտան ոչ միայն պահպանել ուսանողների հոսքը, այլև դարձնել նրանց մեր մշակույթի և արժեքների կրողը։
Թվերից այն կողմ. կրթական հանգույց դառնալու հեռանկարը
Հայաստանը մեծ ներուժ ունի դառնալու կրթական կարևոր հանգույց, սակայն 8,500 և ավելի ուսանողը պետք է դառնա ոչ միայն թվային ցուցանիշ, այլ նաև մեր երկրի դեսպանն աշխարհում։ Մարտահրավերները, որոնց բախվում են այս ուսանողները, նաև մեր համակարգի թերություններն են, որոնք շտկելով՝ մենք կարող ենք կառուցել իսկապես միջազգային, ներառական և մրցունակ կրթական դաշտ։
Ժամանակն է, որ կրթությունը սահմաններ չճանաչի, իսկ ուսանողները՝ անկախ իրենց ծագումից, իրենց զգան հավասար և գնահատված հայաստանյան լսարաններում։