09.18.2026
Կատեգորիա
Մշակույթ
պարի օր

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշարձանի հարևանությամբ, «Արեգ» ազգային երգ ու պարի խմբի նախաձեռնած «ՊարիՕր» ամենամսյա մշակութային միջոցառումը նպատակ ունի հայկական ավանդական պարը դուրս բերել բեմական սահմաններից և այն դարձնել հանրության առօրյայի մի մասը։

Սեպտեմբերի 13-ին հանդիպման վայրն անփոփոխ էր. միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր քաղաքացիներ, մայրաքաղաքի հյուրեր և տարբեր պարային խմբերի ներկայացուցիչներ։

«Արեգ» ազգային երգ ու պարի խմբի հիմնադիր Արտավազդ Այվազյանի խոսքով՝ «ՊարիՕր»-ը ստեղծվել է որպես բաց հարթակ, որտեղ կարող են մասնակցել նաև պարելու փորձ չունեցող մարդիկ։

«Մենք ուզում ենք, որ տարբեր տարիքի մարդիկ, անկախ նրանից՝ պարել գիտեն, թե ոչ, միանան, պարեն հայկական պարը։ Այդ պատճառով էլ մեր կարգախոսն է՝ «Միացի՛ր, պարի՛ր, զգա՛ և ապրի՛ր»»,- ասում է Այվազյանը։

Միջոցառման ընթացքում հնչել են ավանդական պարեղանակներ, իսկ շուրջպարերին միացել են տարբեր տարիքի քաղաքացիներ և պարի խմբերի անդամներ։

Այվազյանի խոսքով՝ մասնակիցների ակտիվությունը գերազանցել է կազմակերպիչների նախնական սպասելիքները։ «Մարդկանց արձագանքն իսկապես գերազանցեց մեր սպասելիքները։ Ամենակարևորն այն է, որ միացան ոչ միայն պարողներ, այլև երեխաներ, երիտասարդներ, մեծահասակներ և նույնիսկ օտարերկրացիներ։ Սա ցույց տվեց, որ հայկական ավանդական պարը կարող է միավորել բոլորին»,- նշում է նա։

«ՊարիՕր» նախաձեռնությունը շարունակական է և անցկացվում է ամեն ամիս։

Մարիետա Մարտիրոսյան