Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց նկարիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի 100-ամյակին նվիրված «Հովհաննես Շարամբեյան – 100. Հիշողության պատկերագրություն» խորագրով ցուցահանդեսը։ Այն մեկտեղում է ոչ միայն արվեստագետի ստեղծագործական ժառանգությունը, այլև ներկայացնում նրա բազմակողմանի գործունեությունը մշակույթի պահպանման և զարգացման ոլորտում։
Հովհաննես Շարամբեյանը ծնվել է 1926 թվականին Երևանում, սակայն նրա ստեղծագործական կյանքի կարևոր հատվածը կապված է Դիլիջանի հետ։ Նա տեղափոխվել է Դիլիջան՝ բուժման նպատակով, և ավելի քան 30 տարի ստեղծագործել է այնտեղ։ Նա աշխատել է բնանկարի, դիմանկարի և նատյուրմորտի ժանրերում։ Սակայն Շարամբեյանի գործունեությունը չի սահմանափակվել միայն նկարչությամբ․ նա ակտիվորեն զբաղվել է նաև մշակութային, հասարակական և թանգարանագիտական աշխատանքով։
1979 թվականին, նրա ղեկավարությամբ, հիմնադրվել է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը։ Շարամբեյանը մեծ ներդրում է ունեցել հայկական ժողովրդական արվեստի պահպանման և զարգացման գործում՝ փորձելով մշակութային ժառանգությունը ոչ միայն պահպանել, այլև այն հասանելի դարձնել հաջորդ սերունդներին։
Նրա գործունեության կարևոր ուղղություններից էր նաև Դիլիջանի հին փողոցի վերականգնումը։ Ավելի քան երեք տասնամյակ Շարամբեյանը մասնակցել է դրա վերականգնման աշխատանքներին՝ զբաղվելով նախագծմամբ, կազմակերպչական հարցերով և շենքերի ճարտարապետական մանրամասների էսքիզների ստեղծմամբ։
Շարամբեյանի գործունեությունն ու ներդրումը բարձր գնահատականի են արժանացել ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային Միությունում և արտերկրում։ Նրա աշխատանքի համար նա պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու մեդալներով։ 1984 թվականին ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով Շարամբեյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Այս բազմաշերտ ժառանգությունն էլ ցուցահանդեսի հիմնական առանցքն է։ Այն նպատակ ունի բացահայտելու Շարամբեյանի ստեղծագործական լայն ընդգրկումը և մշակութային գործունեության տարբեր ոլորտները։
Ցուցահանդեսի հովանավորն էր «Գրին Ռոք» կազմակերպությունը, որի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ցուցահանդեսի համադրողներն են Հայկուհի Սահակյանը և Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը։
Շարամբեյանի ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հենց նկարչությունը։ Նրա թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը, նշում է, որ պապի մշակութային գործունեությունը մեծապես պայմանավորված էր նրա՝ որպես նկարչի ինքնությամբ։
«Մի պահ ետ նայեցի ու հասկացա, որ եթե նա նկարիչ չլիներ, այն ծրագրերը, որ նա նախատեսել էր անել, այլ տեսք կունենային։ Նկարչությունը նրա կյանքի առանցքն էր»,– ասում է Նարեկ Վան Աշուղաթոյանը։
Շարամբեյանի գործունեության բազմազանությունն ընդգծում է նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
«Գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, հասարակական գործիչ, մշակութային ժառանգության պահպանության ջատագով, թանգարանագետ, թանգարանաստեղծ, և այս ցանկը շարունակելի է։ Ես կարծում եմ, որ հենց սրանով է ընդգծվում Հովհաննես Շարամբեյանի մեծությունը»,– ասում է նա։
«Հիշողության պատկերագրություն» ցուցահանդեսը Շարամբեյանին ներկայացնում է ոչ միայն որպես նկարիչ, այլև որպես մշակութային ժառանգության պահպանմանն իր կյանքի զգալի մասը նվիրած գործիչ։ Նրա թողած ժառանգությունը միավորում է արվեստը, թանգարանագիտությունը, ժողովրդական մշակույթն ու Դիլիջանի պատմական միջավայրի պահպանությունը՝ ձևավորելով մի ամբողջական պատկեր այն մարդու մասին, որի համար նկարչությունն իր գործունեության հիմքն ու առանցքն էր։