09.22.2026
Կատեգորիա
Մշակույթ
Հասարակություն
Մուսալեռ

Սեպտեմբերի 19-ից 20-ը Մուսալեռ համայնքում տոնական բարձր տրամադրություն էր․ «Մուսալեռ» հայրենակցական միության նախաձեռնությամբ նշվեց Մուսա լեռան հերոսամարտի 111-ամյակը։ Ամեն տարի այս օրերին Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից համայնք են համախմբվում մուսալեռցիների սերունդները՝ հարգելու նախնիների հիշատակը և տոնելու հերոսական անցյալը։

Արմատներով մուսալեռցի Հասմիկ Մարտիրյանի խոսքով՝ տոնակատարությանը մասնակցում է խորին գիտակցումով․ «Եթե 111 տարի առաջ իմ նախնիները չբարձրանային լեռը, ես այսօր չէի լինի»։

Միջոցառումը մեկնարկեց թմբուկների զարկերի ներքո․ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Մուսա լեռան հերոսամարտերում և Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին։ Այնուհետև վառվեց խորհրդանշական խարույկը, որի շուրջ մասնակիցները բռնեցին ավանդական շուրջպարը։

Տոնակատարությանը միացել էին նաև երիտասարդներ տարբեր ուսումնական հաստատություններից։ «Էրեբունի» բժշկական ակադեմիայի ուսանողուհի Ռոմելա Առաքելյանը նշեց, որ կուրսընկերների հետ արդեն երրորդ տարին է մասնակցում միջոցառմանը։ Նրանք այցելեցին Մուսալեռի թանգարան, ապա միացան տոնական պարերին։

Այս ընթացքում Մուսալեռի հարիսայատանն արդեն եփվում էր ավանդական տոնական հարիսան, որը, որպես մատաղ, ներկաներին բաժանվեց սեպտեմբերի 20-ի առավոտյան։

Անի Պետրոսյան