Երևանի բնակիչ Վարդուհի Մելթոնյանը յոգուրտ էր գնել քաղաքի սուպերմարկետներից մեկից, ստուգել էր պիտանիության ժամկետը, բայց հաջորդ օրը օգտագործելիս տեսել էր, որ այն բորբոսնած է։
«Առավոտյան տվեցի երեխայիս, ինքն է բացել, որ ուտի։ Բերեց, ասեց՝ մամա, էս ինչ ա յոգուրտի վրա։ Տեսա՝ բորբոս է»,- պատմում է Վարդուհին։ Նա լուսանկարները հրապարակել էր սոցցանցում, սակայն պաշտոնական որևէ քայլ չէր ձեռնարկել՝ ժամանակի սղության պատճառով։
Նման մեկ այլ դեպքի մասին է գրել նաև Արմինե Հովսեփյանը։ Նա սոցհարթակներից մեկում լուսանկար էր հրապարակել՝ հարցնելով, թե ինչպես կարող է երշիկը ընդամենը երկու օրում նման տեսք ստանալ, եթե այն դեռ պիտանիության ժամկետի մեջ է։ Կտրոնը նա չէր պահպանել և, իր գրառման համաձայն, չէր կարծում, որ կարող է ապրանքը վերադարձնել։
Մեկ այլ ահազանգ էլ կապված է հայկական կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկի կակաոյի հետ։ Լիլիթ Օհանյանը նշել էր, որ ապրանքը ժամկետի մեջ էր, սակայն դրանից շատ տհաճ հոտ էր գալիս։
Սննդամթերքի անվտանգության մասնագետ Դավիթ Պիպոյանի խոսքով՝ այս պատմությունները միևնույն եզրահանգմանն են բերում՝ ապրանքի վրա նշված պիտանիության ժամկետը բավարար չէ համոզվելու համար, որ այն անվտանգ է։Սննդի անվտանգությունը պետք է դիտարկել ամբողջ մատակարարման շղթայում՝ արտադրությունից մինչև սպառողի սեղան, ասում է նա․
«Սպառողին հետաքրքիր չէ, թե ով է մեղավորը, դա միայն պետական վերահսկողի գործն է, քանի որ աղտոտման գործընթացը կարող է տեղի ունենալ սննդի մատակարարման ամբողջ շղթայում»։
Այսինքն՝ խնդիրը կարող է առաջանալ դեռևս ֆերմայում, արտադրության ընթացքում, տեղափոխման ժամանակ կամ արդեն խանութում։
Պիպոյանը պատմում է, որ ինքն անձամբ տեսել է դեպքեր, երբ մատակարարը կաթնամթերքը հասցրել է խանութ, սակայն ապրանքը երկար ժամանակ մնացել է ոչ համապատասխան պայմաններում՝ մինչև խանութի աշխատակիցները առավոտյան այն տեղավորեն սառնարանում․ «Պետք է հիշել, որ կենդանական ծագում ունեցող մթերքի համար ջերմային վերահսկողությունը պետք է լինի անընդհատ, ոչ թե ընդհատումներով»։
Ըստ փորձագետի՝ այս դեպքում ապրանքը կարող է փչանալ ոչ թե այն պատճառով, որ արտադրողը սխալ պիտանիության ժամկետ է սահմանել, այլ այն պատճառով, որ ճանապարհին կամ խանութում չեն պահպանվել անհրաժեշտ պայմանները։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ) նույնպես հաստատում են, որ իրացման ցանցերում պիտանիության ժամկետի մեջ գտնվող, բայց անվտանգության պահանջներին չհամապատասխանող սննդամթերքի հայտնաբերման հիմնական պատճառները հենց պահման և տեղափոխման պայմաններն են։ Ըստ կառույցի՝ նման խախտումներն ամենահաճախը արձանագրվում են բարձր ռիսկայնության սննդամթերքի՝ կաթնամթերքի և մսամթերքի դեպքում։
Սակայն կա նաև մեկ այլ՝ ավելի լուրջ խնդիր։ Լինում են դեպքեր, երբ ապրանքի պիտանիության ժամկետը լրանալուց հետո դրա վրա նոր ժամկետ է նշվում։
«Եթե համակարգը թույլ է տալիս կեղծիք անել, արտադրողն ու խանութը գնալու են դրան՝ հավելյալ եկամուտ ստանալու համար»,- նշում է Պիպոյանը։
Այսպիսի դեպքերը, ըստ մասնագետի, հնարավոր է կանխել ապրանքի հետագծելիության և թվային վերահսկողության միջոցով։ Ամբողջ ճանապարհը՝ արտադրողից մինչև խանութ, պետք է փաստաթղթավորված լինի։
Պիպոյանը նաև հիշատակում է եվրոպական երկրների փորձը։ Նրա խոսքով՝ երբ ապրանքի ժամկետը մոտենում է ավարտին, սուպերմարկետները հաճախ այն մեծ զեղչով են վաճառում, քանի որ ժամկետանց ապրանքի ոչնչացման ծախսը տնտեսվարողն է կրում։ Այդ կերպ մի կողմից նվազում է սննդի վատնումը, մյուս կողմից՝ սպառողը կարող է ավելի ցածր գնով ապրանք ձեռք բերել։
Սակայն միայն ժամկետը ստուգելը, մասնագետի խոսքով, սպառողին ամբողջական երաշխիք չի տալիս։ Պիտանիության ժամկետից բացի պետք է ուշադրություն դարձնել փաթեթավորման ամբողջականությանը, ապրանքի արտաքին տեսքին, հոտին և պահպանման պայմաններին։ Պիպոյանը նաև առաջարկում է թվային գործիքներ ներդնել, օրինակ՝ QR կոդեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հետևել ապրանքի ծագմանը, համապատասխանության գնահատմանը և ժամկետի փոփոխությանը։
ՍԱՏՄ-ի տվյալներով՝ 2025 թվականի ընթացքում Տեսչական մարմին է ուղղվել 202 դիմում-բողոք, որոնցից 102-ի նկատմամբ իրականացվել է պետական վերահսկողություն։ 2026 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ տեսչական մարմինն արդեն ստացել է 170 դիմում-բողոք, որոնցից 100-ով իրականացվել են վերահսկողական գործողություններ։
Դիտարկումների և լաբորատոր հետազոտությունների ընթացքում կաթնամթերքում արձանագրվել է աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայության 11 դեպք և մեզոֆիլ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների 7 դեպք։ Մանրէաբանական խախտումներ են հայտնաբերվել նաև պաղպաղակի և մսամթերքի ուսումնասիրության ժամանակ։
Պետական վերահսկողությունից բացի կարևոր է նաև հասկանալ՝ ինչպես են հենց խանութները վերահսկում ապրանքների պահպանման պայմանները և ինչ են անում, երբ սպառողը ներկայացնում է ժամկետի մեջ գտնվող, բայց փչացած ապրանք։
Հայաստանում գործող սուպերմարկետների ցանցերից «Երևան Սիթիի» մարքեթինգի բաժնի ղեկավար Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ ցանցում երբեմն հանդիպում են նման դեպքեր՝ հաշվի առնելով բիզնեսի ծավալները։ Նա նշում է, որ ժամկետանց ապրանքները վերադարձվում և ոչնչացվում են, իսկ «սննդամթերքը տեղափոխվում է սառնարանային մեքենաներով և պահեստավորվում համապատասխան պայմաններում, իսկ ջերմաստիճանը վերահսկվում է ամեն օր»։
Դավիթ Պիպոյանի խոսքով՝ արտադրողի հետ կապվելը սպառողի գործը չէ։ Բողոքը պետք է ուղղել պետական վերահսկողություն իրականացնող մարմնին՝ ՍԱՏՄ-ին։ Տեսչական մարմնից հիշեցնում են, որ սննդամթերքի անվտանգության վերաբերյալ խախտումներ նկատելու դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել «Թեժ գիծ»՝ 118 անվճար հեռախոսահամարին, կամ գրավոր դիմում ուղարկել snund@ssfs.am էլեկտրոնային հասցեին։