10.20.2026
Կատեգորիա
Դիմանկար
1

Հեռուստացույց դիտելիս հազվադեպ ենք մտածում, թե ով է կանգնած կադրի մյուս կողմում։ Հաճախ կարելի է ենթադրել, որ լրատվական ռեպորտաժների մեծ մասը նկարահանում են տղամարդիկ, սակայն արդեն 29 տարի է Միլենա Պողոսովան կոտրում է այդ կարծրատիպը։

Այս ընթացքում հասցրել է աշխատել մի քանի հեռուստաընկերություններում՝ որպես օպերատոր և լրագրող։ Իր խոսքով, օպերատորի մասնագիտությունը պահանջում է ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլև «աչք ունենալու» և ճիշտ կադր տեսնելու կարողություն։

Օպերատորական աշխատանքով սկսել է հետաքրքրվել է դեռ մանկուց։ Քեռին, որը հինգ տարի աշխատել էր Աֆրիկայում, Հայաստան վերադառնալիս իր հետ բերել էր գունավոր ֆոտոժապավեն և մեծ օբյեկտիվով ֆոտոխցիկ։ Նրանք միասին լուսանկարներ էին անում, ապա զբաղվում դրանց «պրայավկայով»։

«Այդ պրոցեսն ինձ համար վաու էր։ Ես սիրում էի լուսանկարելը, բայց այդ ժամանակ չէի պատկերացնում, որ օպերատոր կդառնամ», - պատմում է Միլենան։

Լրագրությունից՝ օպերատորական աշխատանք

Բաքվում հայերի ջարդերի ժամանակ նա տեղափոխվել էր Մոսկվա, որտեղ ծրագրավորում էր սովորել։ Հետագայում վերադարձել էր Հայաստան։ Երկրում այդ տարիներին ստեղծված բարդ իրավիճակի և լույսի երկարատև բացակայության պայմաններում աստիճանաբար կորցրել էր կապն իր առաջին մասնագիտության հետ։ Մի օր մայրը տեղեկացել էր, որ «Ա1+»-ը դասընթացներ է բացել։ Ընդունելության ժամանակ աշխատակիցներից մեկը նրան առաջարկել էր օպերատորական սովորել։

Նա ցանկանում էր ընդունվել հենց այդ բաժինը, սակայն ամաչել էր, քանի որ խմբում բոլոր ուսանողները տղաներ էին։ Վերջում հրաժարվել էր և ընդունվել լրագրության ֆակուլտետ։

Այդուհանդերձ, օպերատորական աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը պահպանվել էր։ Տղաների խմբի դասախոսը հայտնի կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանն էր, որը աշխատել էր նաև Սերգեյ Փարաջանովի հետ։ Երբ իր մոտ անհետաքրքիր դասեր էին լինում, նա գնում էր տղաների դասերին, նստում ու լսում Յավուրյանին։[1] [2] 

«Նա ինձ վրա մի քիչ թարս էր նայում, բայց ես գնում էի ամեն դեպքում, որովհետև դա ինձ շատ հետաքրքիր էր»։

2

 

«Լրատվականում ամեն օր ամեն ինչ նորից է սկսվում»

Նրա առաջին աշխատանքը Աշտարակ TV-ում էր։ Այնտեղ աշխատել է տարբեր օպերատորների հետ և ասում է՝ երբեմն կադրը նրանցից ավելի շուտ էր տեսնում։ Հետագայում սկսել է համատեղել լրագրողի և օպերատորի աշխատանքը։

«Այդպես ինձ համար ավելի հեշտ էր, որովհետև գիտեի՝ ինչ էի գրում»։

Աշտարակ TV-ի փակվելուց հետո որոշ ժամանակ հեռուստատեսությունից դուրս է աշխատել։ Այնուհետև մայրը կրկին աշխատանքի հայտարարություն էր տեսել՝ նորաբաց «ԱԼՄ»-ում օպերատորների փնտրտուքի մասին։ Նա ներկայացել էր և ասել, որ ցանկանում է աշխատել որպես օպերատոր։ Գլխավոր օպերատորը, սակայն, առաջին հանդիպման ժամանակ կասկածել էր, որ նա կկարողանա աշխատել ծանր տեսախցիկով։

«Քմծիծաղով հարցրեց՝ կկարողանա՞ք կամերան բարձրացնել։ Բարեբախտաբար սպորտով զբաղվել էի, ու կարողացա»։

Սկզբում նա ցանկանում էր աշխատել հեռուստաստուդիայում, սակայն այնտեղ երկար չմնաց։ Ստուդիայի նույն կադրերն ու նույն լույսը նրան ձանձրացնում էին։

«Եթե ջուրը հոսում է գետում, այն միշտ մաքուր է։ Եթե ինչ-որ մի տեղ ջուրը հավաքվում է, սկսվում է պղտորվել։ Նույն ձև ինձ համար հեռուստաստուդիան էր։ Լրատվականում ամեն օր ամեն ինչ նորից է սկսվում»։

Հետագայում աշխատել է Armenia TV-ում, ապա՝ Ararat TV-ում, որը հետագայում վերանվանվել է 5 TV։ Ընդհանուր առմամբ, լրատվական դաշտում նրա աշխատանքային ճանապարհն արդեն 29 տարվա պատմություն ունի, և ինչպես ինքն է ասում` « մասնագիտության մեջ իրեն զգում է ինչպես ձուկը ջրում»։

Կին օպերատորների քիչ լինելը նրա համար երբեք պատճառ չի եղել մասնագիտությունից հեռանալու։ Ավելին՝ ասում է, որ օպերատորական աշխատանքն իր համար պարզապես աշխատանք չէ, այլ ապրելակերպ։

Միևնույն ժամանակ, նա նշում է, որ դժվարություններ եղել են և կան։ Դրանցից մեկը վերաբերմունքն է․ անգամ այսօր ոչ բոլորն են ընդունում, որ այս մասնագիտության մեջ կինն ու տղամարդը կարող են նույն աշխատանքը կատարել։

Կադրեր, որոնք հաստատեցին մասնագիտության ընտրությունը

Իր աշխատանքային ճանապարհից նա առանձնացնում է երկու դեպք, որոնք, իր խոսքով, իրեն համոզեցին, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել։

Առաջինը տեղի է ունեցել Աշտարակ TV-ում։ Նա պետք է նկարահաներ զինվորական պաշտոնյայի հետ հարցազրույց, սակայն շտատիվ չուներ։ Ստիպված էր մի ձեռքով հենվել պատին, մյուսով՝ պահել միկրոֆոնը։ Մոտ 20 րոպե այդպես աշխատելուց հետո առաջարկել էր տեղափոխվել սրճարան։

Սրճարանում նա նկատել էր գրքեր և որոշել դրանց միջոցով ժամանակավոր շտատիվ պատրաստել։

«Այդ ժամանակ մտածեցի, որ ինձնից ինչ-որ բան կստացվի»։

Երկրորդ դեպքը կապված է կենդանաբանական այգու հետ։ Կարապի ձագին տարել էին բուժելու, իսկ հետո նրան կանչել էին նկարահանելու ձագի վերադարձը լիճ՝ ծնողների մոտ։

Նա կադրը կառուցել էր այնպես, որ ֆոնում երևա արևը, ջրի վրա՝ շողերը, իսկ երկու մեծ կարապները թևերը բացած մոտենան ափին` ասես ցանկանում են գրկել իրենց ձագին։

Հենց այդպիսի պահերն են, ըստ նրա, ցույց տալիս օպերատորի աշխատանքի առանձնահատկությունը՝ ոչ միայն արձանագրել կատարվածը, այլև կարողանալ տեսնել կադրը։

3

Ինչու՞ են կին օպերատորները քիչ

Նրա գնահատմամբ՝ հատկապես լրատվության մեջ կին օպերատոր լինելը ծանր աշխատանք է։ Օպերատորը պետք է պատրաստ լինի ցանկացած առաջադրանքի, անգամ եթե այն անհարմար է կամ ֆիզիկապես բարդ։

«Դու պիտի պատրաստ լինես՝ քո անձնական կյանքը դնես մի կողմ»։

Մասնագիտության պատճառով երբեմն տուժում է նաև ընտանեկան կյանքը։ Միլենան մի ցավալի դեպք հիմեց. նրա դուստրը մի անգամ ասել էր, որ ատում է մոր մասնագիտությունը, քանի որ նրան չի տեսնում։

Նրա խոսքով՝ լրատվականում հնարավոր չէ հրաժարվել առաջադրանքից միայն այն պատճառով, որ կին ես։ Կարող են զանգահարել, առաջադրանք տալ, և օպերատորը պետք է պատրաստ լինի գնալու նկարահանման՝ անկախ նրանից՝ սար բարձրանալու, երկար ճանապարհ անցնելու կամ այլ ֆիզիկական աշխատանք կատարելու կարիք կա։

«Դու չպետք է ասես՝ «գիտեք, ես աղջիկ եմ, ես քնած եմ, գլուխս է ցավում, ես չեմ բարձրանում սար, որովհետև, դե… որովհետև ես աղջիկ եմ»։ Ո՛չ, չկա այդպիսի բան»։

Նա նաև նշում է, որ այս մասնագիտությունը միշտ չէ, որ հեշտ է համատեղել ընտանիքի հետ։ Ոչ բոլոր ամուսիններն են պատրաստ ընդունել, որ կինն աշխատում է հիմնականում տղամարդկանց միջավայրում, օրերով կարող է լինել նկարահանումների։

Չնայած այս ամենին` նշում է,որ կցանկանար, որ լրատվական դաշտում ավելի շատ կանայք աշխատեին որպես օպերատոր։ Սակայն կարծում է, որ Հայաստանում մասնագիտության նկատմամբ վերաբերմունքը դեռևս խոչընդոտ է։

«Դեռ տարօրինակ են նայում կին օպերատորներին։ Ես, իհարկե, փորձել եմ ջարդել այդ կարծրատիպը»։

Նրա կարծիքով՝ եթե կանայք ավելի շատ տեղեկացված լինեն մասնագիտության մասին, ավելի համարձակ և ֆիզիկապես պատրաստված լինեն, հնարավոր է՝ ոլորտում նրանց թիվն ավելանա։ Սակայն նա դեռևս վստահ չէ, որ մոտ ապագայում դա տեղի կունենա։

Միլենայի գեղագիտական ձեռագիրը

Օպերատորներից յուրաքանչյուրն ունի իր աշխատանքային ձեռագիրը։ Նրա դեպքում դա հաճախ կենդանիների կադրերն են.  նա գրեթե յուրաքանչյուր նկարահանման ժամանակ փորձում է կենդանի որևէ էակի կադր գտնել։

«Դա կարող է լինել թռչուն, շուն, կատու կամ ցանկացած այլ կենդանի, բայց անպայման այդպիսի կադր ես պետք է ունենամ»,- նշում է նա։

Ֆինանսների նախարարությունում նկարահանման գնալիս, օրինակ, ներս մտնելուց առաջ նա նկարել էր ճնճղուկներին։ Այնուհետև պատահաբար նկատել էր փոքրիկ շան, որը մեծ ոսկոր էր դժվարությամբ քարշ տալիս և նկարահանել նաև այդ պահը։ Դրանից հետո նա լրագրողին խնդրել էր կադրի համար համապատասխան տեքստ մտածել։ Լրագրողը պատասխանել էր, որ տեսել էր՝ ինչպես է նա նկարում շանը, և արդեն համապատասխան տեքստ էր գրել։

«Ես համարում եմ, որ լրագրողը այդպիսին պետք է լինի»։

Իսկ թե իր համոզմամբ ինչպիսին պետք է լինի օպերատորը` Միլենան ամփոփեց մեկ նախադասությամբ։

«Օպերատորը այն մարդն է, ով մարդկանց ցույց է տալիս աշխարհի ամենասիրուն և ամենադաժան պահերը։ Թող մեզ այդպես ընդունեն»:

Աննա Հանյան