10.20.2026
Կատեգորիա
Առողջապահություն
Հասարակություն
1

Ոչ բոլոր հաջողություններն ունեն բարձրաձայնվելու կարիք. ամենաարժեքավորները ծնվում են ամենօրյա, համբերատար ու աննկատ աշխատանքի արդյունքում։

Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար ամեն մի նոր օր փոքրիկ հրաշքների սկիզբ է, իսկ նրանց աջակցող մասնագիտացված կենտրոնների շարքում իր ուրույն տեղն ունի Բեգլարյան հոգեբանական կենտրոնը, որի օրինակով փորձել ենք պարզել՝ ինչպես են երեխաները անցնում այդ ճանապարհը։ Այստեղ հրաժարվել են պատրաստի բանաձևերից․ փոխարենը գործում է մեկ պարզ կանոն՝ նրբանկատ, պրոֆեսիոնալ աջակցությամբ բացել նրա հոգու դռները։ Ամեն ինչ սկսվում է առաջին շփումից, հաճախ՝ խորը լռությունից։ Այդպես եղավ նաև փոքրիկ Ռոբերտի դեպքում:

Լոգոպեդ Քնարիկ Համյակյանը, ով առաջին իսկ օրվանից փոքրիկի կողքին է եղել, հիշում է, որ առաջին հանդիպմանը Ռոբերտը հաղորդակցվում էր միայն մուլտֆիլմերից վերցված բառերով ու ձայնարկություններով, իսկ խոսքը՝ որպես հաղորդակցման միջոց, չէր կիրառում․

«Սակայն աշխատանքի ընթացքում, փոքր քայլերով, սկսեցինք դրական փոփոխություններ նկատել: Երեխան սկսեց ավելի իմաստալից օգտագործել բառերը, առարկաներն անվանել իրենց ճիշտ անուններով: Մենք աշխատում ենք նախապես կազմված ծրագրով՝ ընտրելով այնպիսի մեթոդներ, որոնք առավելագույնս արդյունավետ կլինեն տվյալ երեխայի համար: Եվ երբ ծնողն արդեն նկատում է այդ փոքրիկ քայլերն ու առաջընթացը, դա մեզ համար իսկական հաղթանակ է»:
 

2


Ռոբերտի հաղթանակը մեկն է այն բազմաթիվ պատմություններից, որոնք կերտվում են այս պատերի ներսում։ Այսպիսի միջավայր ստեղծելու հիմքում տարիների փորձառությունն է ու հստակ նպատակը՝ ամեն երեխայի տալ հասարակության լիարժեք մասնիկը դառնալու հնարավորություն։

Բեգլարյան հոգեբանական կենտրոնի հիմնադիր տնօրեն, հատուկ հոգեբան և վարքային թերապիստ Սիրարփի Բեգլարյանը պատմում է, որ կենտրոնի ստեղծման գաղափարն իր մոտ ձևավորվել է մասնագիտական աշխատանքի ընթացքում․ նկատելով երեխաների սոցիալականացման խնդիրները՝  ստեղծել է խմբային զբաղվածություններ, որոնք լրացնում ու ավելի արդյունավետ են դարձնում անհատական թերապիանները․

«Մեր նպատակը պարզապես որոշակի հմտություններ սովորեցնելը չէ, այլ այնպիսի միջավայր ստեղծելը, որտեղ երեխան կսովորի անկաշկանդ շփվել հասակակիցների, մեծահասակների ու ընտանիքի հետ։ Ամեն ինչ անում ենք նաև ընտանիքին կողքին լինելու համար, որպեսզի ծնողն ավելի հեշտ հասկանա իր բալիկին ու վստահ քայլի առաջ»:
 

3


Որպեսզի երեխան չմնա սեփական ապրումների հետ միայնակ ու չմեկուսանա, շատ կարևոր է նրան վստահորեն առաջնորդել դեպի հասարակություն։ Խմբային զբաղվածությունը դառնում է այն առաջին ապահով կամուրջը, որն օգնում է երեխային դուրս գալ ինքնամփոփ վիճակից, սովորել կողքինի հետ շփվել ու զգալ իրեն թիմի կարևոր մասնիկ։

Խմբավար Լուսինե Օհանյանը նշում է, որ փոքր խմբերում յուրաքանչյուր երեխայի ցուցաբերում են անհատական մոտեցում, ինչի շնորհիվ երեխաներն աստիճանաբար սկսում են ավելի ազատ շփվել, համագործակցել ու դառնալ ավելի ինքնուրույն․

«Կազմակերպված խմբային զբաղվածությունը շատ կարևոր է, քանի որ երեխային տալիս է կանխատեսելի ու նպատակային օր։ Ինձ համար՝ որպես խմբավարի, ամենամեծ ձեռքբերումն այն է, երբ սկզբում դժվարությամբ ինտեգրվող երեխան աստիճանաբար սկսում է անկաշկանդ մասնակցել խաղերին ու ջերմորեն շփվել մյուսների հետ»:

Երեխայի ներդաշնակ զարգացման համար նույնքան կարևոր է սեփական մարմնի հետ հաշտ լինելը։ Շարժվելն ու հավասարակշռությունը պահելը հաճախ ներքին անվստահության հաղթահարում են, ինչում ադապտիվ ֆիզկուլտուրան դառնում է ամենահուսալի ու հոգատար աջակիցը։

Ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագետ Աննա Ադամյանը, ով ամեն օր ականատես է լինում երեխաների փոքրիկ մկանային ու կոորդինացիոն հաղթանակներին, պատմում է, որ աշխատանքը սկսում են երեխայի հնարավորությունները մանրակրկիտ ուսումնասիրելուց, որից հետո միայն աստիճանաբար բարդացնում առաջադրանքները․

5

«Մենք աշխատում ենք ամենակարևոր օղակների՝ մկանային համակարգի, ուշադրության, ինքնակառավարման ու կոորդինացիայի վրա։ Բայց ինձ համար ամենահուզիչն ու մեծագույն ձեռքբերումն այն պահն է, երբ տեսնում եմ, թե ինչպես է բալիկն աչքերի առջև հաղթահարում ներսի վախն ու վստահորեն անում այն, ինչ ընդամենը օրեր առաջ իրեն անհնարին էր թվում»։

Երբ մարմինն ու միտքն արդեն լիարժեք պատրաստ են և ազատված լարվածությունից, բացվում է կրթության լուսավոր աշխարհը: Նոր տառերն ու թվերն այստեղ սոսկ գիտելիք չեն, այլ աշխարհն ընկալելու և սեփական եսն արտահայտելու նոր գործիքներ:

Այստեղ, որտեղ երեխաները քայլ առ քայլ բացահայտում են գրերի ու թվերի զարմանահրաշ աշխարհը, հատուկ մանկավարժ Սյուզի Համբարձումյանն ընդգծում է, որ դասապրոցեսը վերածում են վառ խաղերի ու տեսողական հետաքրքիր մեթոդների՝ երեխայի ուշադրությունն ու հետաքրքրվածությունը մշտապես վառ պահելու համար․

«Կողքից դիտողի համար գուցե սովորական մի բան թվա, բայց զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխայի համար առաջին տառը ճանաչելն ու սեփական անունը թղթին հանձնելը հսկայական, աննկարագրելի հաղթանակ է։ Այդ փոքրիկ, բայց լուսավոր պահերը մեզ՝ մասնագետներիս, անսահման ուժ, հավատ ու ոգեշնչում են փոխանցում»։ 

6

Այսպես՝ քայլ առ քայլ, լռությունը վերածվում է բառերի, տագնապը՝ վստահության, իսկ անվստահությունը՝ ինքնուրույն քայլերի։ Բեգլարյան հոգեբանական կենտրոնում հաջողության պատմությունները չեն ստեղծվում մեկ ակնթարթում․ դրանք կերտվում են մասնագետների ու ընտանիքի միասնական, հետևողական աշխատանքի արդյունքում։ Այս պատերի ներսում ձևավորված ամեն մի հմտություն դառնում է ամուր հենարան, որն օգնում է երեխային դուրս գալ ինքնամփոփությունից, ճանաչել աշխարհն ու գտնել իր լուսավոր տեղը այս կյանքում։

Շուշաննա Ղազարյան