Վերջին տարիներին հայկական թանգարանները աստիճանաբար տեղափոխվում են նաև թվային հարթակներ։ Եթե նախկինում թանգարան այցելելը ենթադրում էր ֆիզիկական ներկայություն, ապա այսօր արվեստին և պատմությանը հնարավոր է ծանոթանալ նաև հեռախոսով կամ համակարգչով՝ վիրտուալ շրջայցերի և առցանց ցուցադրությունների միջոցով։ Այս գործընթացը հատկապես ակտիվացավ համավարակի տարիներին, երբ մշակութային հաստատությունները փակ էին, սակայն փորձում էին պահպանել կապը հասարակության հետ։
Հայաստանում արդեն մի շարք խոշոր թանգարաններ ունեն վիրտուալ հարթակներ։ Այդպիսի հնարավորություններ են առաջարկում Մատենադարանը, Հայաստանի պատմության թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։
19-ամյա Աշոտը, ով ունի հաշմանդամություն, նշում է, որ վիրտուալ թանգարանները զգալիորեն հեշտացնում են իր շփումը մշակույթի հետ․
«Ես և՛ ֆիզիկապես, և՛ վիրտուալ ձևաչափով եղել եմ թանգարանում և ասել, որ այն հեշտացնում է մեր գործը, կասեմ այո, քանի որ մեր ֆիզիկապես այցելությունը հաճախ չի ստացվում և սա մեզ օգնում է, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի մոտ լինել մշակույթին և կարողանալ վիրտուալ տարբերակով ծանոթանալ այն ցուցադրություններին, որոնց հաճախ ֆիզիկապես չենք կարողանում ներկա գտնվել և ուսումնասիրել։ Սա միանշանակ հեշտացնում է մեր գործը, և շատ ավելի նախընտրելի է, որ այն շարունակական բնույթ կրի և մյուս թանգարաններում էլ լինեն վիրտուալ ցուցադրություններ»։
Արվեստասեր Լիանայի կարծիքով վիրտուալ թանգարանների զարգացումը կարող է ունենալ նաև բացասական հետևանքներ․
«Ես ինքս սիրահար եմ արվեստի ու ինձ համար ավելի հաճելի է գնալ և ֆիզիկապես ներկա լինել ցուցադրություններին, եթե շատերը սկսեն չգնալ թանգարաններ և միայն տանից հետևեն, հնարավոր է այլևս թանգարան գնացողներ չլինեն, բայց եթե մարդը սիրում է արվեստը, կսիրի նաև տանից։ Հույս ունեմ, որ նման խնդրի չենք բախվի ու չի լինի թանգարանների փակվելու վտանգը»։
Թանգարանագետ Ժաննա Մանուկյանի կարծիքով վիրտուալ թանգարանների ստեղծումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ֆիզիկապես թանգարան այցելությանը, եթե իսկապես մարդ թանգարան այցելող է․
«Այն զգացողությունները, որ ստանում ես թանգարանում, վիրտուալ տիրույթում հնարավոր չէ ստանալ: Թանգարանը ոչ միայն ճանաչողական, տեղեկատվական, այլ նաև կրթական և հոգևոր միջավայր է, իսկ վիրտուալ տիրույթը միայն տեղեկատվական է»։
Այս տարբեր կարծիքները ցույց են տալիս, որ վիրտուալ թանգարանները միանշանակ գնահատել հնարավոր չէ։ Մի կողմից՝ դրանք ապահովում են հասանելիություն և ներառականություն, մյուս կողմից՝ առաջացնում են մտավախություն, որ կարող են ազդել թանգարանների այցելելիության և ֆինանսական կայունության վրա։
Այնուամենայնիվ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ թվային հարթակները հաճախ լրացնում են իրական փորձառությունը։ Օրինակ՝ Louvre Museum-ը, Vatican Museum-ը, British Museum-ը տարիներ շարունակ առաջարկում են առցանց շրջայցեր, սակայն շարունակում են մնալ աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների շարքում։