11.02.2026
Կատեգորիա
Սպորտ
բիլիարդ

Բիլիարդը խաղ է, ինչպիսին, օրինակ, ֆուտբոլը կամ թենիսը, սակայն եթե դիտարկենք այդ երեք կարգերը էլիտար սպորտի տեսանկյունից, ապա հետաքրքիր ցուցանիշների կարելի է հանդիպել։ Օրինակ՝ ինչքան ժամանակ են անցկացնում տվյալ սպորտաձևերի մարզիկները տարվա գլխավոր մրցաշարերին․ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղը կարող է տևել մոտ 90-120 րոպե, Մեծ սաղավարտի մրցաշարերին թենիսիստները կորտում կարող են անցկացնել 3-5 ժամ, բիլիարդում՝ օրինակ՝ Սնուկերի աշխարհի առաջնությանը, եզրափակիչը կարող է տևել մի քանի օր՝ բաժանվելով մի քանի ժամանոց սեսիաների։ Իհարկե, ֆիզիկական ծախսատարության առումով սնուկերը ավելի պահպանողական է, սակայն խաղի երկար տևողությունը և հոգեկան ճնշման մակարդակը բիլիարդը դարձնում է դիմացկունության և հոգեկան կայունության տեսանկյունից ամենաբարդ սպորտաձևերից մեկը։ 

Հայաստանում բիլիարդային սպորտի զարգացմամբ զբաղվում է մի քանի կառույց։ Դրանցից Հայաստանի բիլիարդային սպորտի ֆեդերացիան ավելի շատ կենտրոնացած է ռուսական բիլիարդի վրա, իսկ Հայաստանի սնուկերի և պոքեթ բիլիարդի ֆեդերացիան՝ սնուկեր և փուլ ձևերի զարգացման վրա։ Վերջինիս նախագահ Սևան Իսայանը, որը նաև SP Billiard ակումբի մենեջերն է, բիլիարդային ժառանգությունը ստացել է ընտանիքից և շարունակում է տարածել այն Հայաստանում։ Ասում է՝ բիլիարդը պահանջում է կենտրոնացում, պետք է շատ համբերատար լինել և ֆիզիկապես պատրաստված, քանի որ երկու ֆրեյմ խաղալիս մարդը մոտ 3,5 կմ քայլում է, ընթացքում՝ կանգնում, մտածում, նորից հարվածում։ Սնուկերը նաև անվանում են «ֆիզիկական շախմատ»։

Սևան Իսայանի հետ զրուցել ենք բիլիարդի սպորտային բնույթի, ֆեդերացիայի և Հայաստանում բիլիարդի զարգացման նախադրյալների մասին։

-Հայաստանում բիլիարդի զարգացմամբ զբաղվում են տարբեր ֆեդերացիաներ․ որո՞նք են այդ կառույցների գործառութային տարբերությունները։

-Քանի որ Հայաստանում ռուսական բիլիարդը տարածված է եղել, մենք ի սկզբանե ուզում էինք սնուկերը զարգացնել։ Միջազգային հարթակում այն շատ է․ սնուկերն է, հետո փուլը, հետո ռուսական բիլիարդը, հետո trois coussins ֆրանսիական ձևը։ Մենք առաջին տարիներից ունեցել ենք մարզիչներ, խաղացողներ, որոնք հետաքրքրվել են և ռուսական բիլիարդից փոխվել, եկել՝ սնուկեր խաղալու։ Մենք ունեցել ենք մարդիկ, որոնք ուզեցել են այս սպորտը զարգացնել Հայաստանում, բայց ոչ մի անգամ միջազգայինում Հայաստանի ֆեդերացիա գրանցված չի եղել մինչև 2019 թվականը։ 2019 թվականի օգոստոսին մեզ հաջողվեց Հայաստանի մարզական նախարարությունից այդ պաշտոնը ստանալ, որպեսզի 2020 թվականին գրանցվենք արդեն Եվրոպայում․ դա առաջին անգամն է եղել, որ Հայաստանը պաշտոնապես միջազգայինում ֆեդերացիա է գրանցել և մտել բիլիարդի միջազգային ցանցի մեջ։ 

-Ի՞նչ ծրագրեր է իրականացրել Հայաստանի սնուկերի և պոքեթ բիլիարդի ֆեդերացիան այս սպորտաձեւի զարգացման ուղղությամբ։

-2020 կամ 2021 թվականին մեր առաջին խաղացողին ուղարկեցինք՝ մասնակցելու Պորտուգալիայում անցկացվող միջազգային մրցաշարին (11 տարեկան Միքայել Ներսիսյանն էր), դրանից հետո էլի խաղացողներ ենք ունեցել։ Եթե մարդիկ կային, որոնք ուզում էին փորձ ձեռք բերել կամ մարզչությամբ զբաղվել, միշտ օգնել ենք և փորձել անել այնպես, որ գան, զարգացնեն։ Առաջին անգամ խաղացողների քանակը հազիվ 10 էր լինում, հիմա արդեն 30-40 սնուկեր խաղացող ունենք, կանայք և աղջիկները նույնպես հետաքրքրվում են։ Հայաստանի ներսում առաջնություններ ենք անցկացրել․ ամեն տարի երկու անգամ մենք ունենք սնուկերի առաջնություն, տարին երկու անգամ էլ փուլի առաջնություններ ենք կազմակերպում։ Մոտակա ամիսներում կունենանք առաջնություն՝ սկզբից ամերիկական բիլիարդը, հետո նոր՝ սնուկերը։

-Ո՞ր տարիքային խմբերն են ավելի շատ ներգրավված թիմում։

-20-40 տարեկան մարդիկ են ամենաշատը հետաքրքրվում, ավելի երիտասարդները ամերիկյան բիլիարդն են նախընտրում, քանի որ և՛ սեղաններն են ավելի փոքր, և՛ կանոնները՝ ավելի հեշտ։

-Ո՞րոնք են Հայաստանում այս սպորտաձևի զարգացման գլխավոր խոչընդոտները և ինչպես՞ն եք Դուք տեսնում այդ խնդիրների լուծումը։

-Առաջնային խնդիրը ֆինանսականն է․ մենք որևէ ֆինանսական աջակցություն սկզբից էլ չենք ունեցել։ Ես Իրանի բիլիարդի ֆեդերացիայի համար էի աշխատում։ Երբ իմացանք, որ այստեղ բիլիարդ չկա, եկանք, ամեն ինչ ինքներս արեցինք, և մինչև հիմա էլ ինքներս ենք առաջ տանում։ Եթե հովանավորներ գան, ալիքներն էլ կարողանան առաջնություններից մի քանի խաղ ցույց տան, որ Հայաստանը իմանա, որ միջազգային խաղեր են գնում և ինքը սնուկերի խաղացող ունի, կարողանանք տեղերը, սեղանները շատացնենք, կարողանանք դպրոցների հետ պարապենք, ապա այս սպորտաձևը հաստատ առաջ կգնա, որովհետև լավ խաղացողներ Հայաստանում մենք ունենք։

-Ի՞նչ կարող եք ասել ապագա ծրագրերի մասին։

-Շատ ուրախ կլինենք, եթե բիլիարդը ներառվի Օլիմպիական մարզաձևերի մեջ։ Կարծում ենք, որ եթե մյուս Օլիմպիական խաղերին այն լինի, ավելի շատ հետաքրքրվող մարդիկ կգան։ Նաև Հայաստանում պետական բյուջեից աջակցություն ստանում են միայն օլիմպիական մարզաձևերը, և այդ դեպքում մենք էլ կկարողանայինք այն ստանալ։ Տարբեր երկրներում շատ հայ լավ խաղացողներ կան, որոնք ուզում են գալ, Հայաստանի համար խաղալ, Հայաստանում սպորտաձևը առաջ տանել, սակայն դրա համար իրենք պետք է իրենց ժամանակը ներդնեն այս սպորտի մեջ, ինչպես անում են մյուս սպորտաձևերում։ Այդ պատճառով իրենք պետք է իմանան, որ կարող են դրանից եկամուտ ունենալ և կենտրոնանալ միայն խաղերի վրա։
 

Էլիզա Մարգարյան