Նկարը սեղծված է արհեստական բանականության միջոցով
Այսօր երիտասարդների ժամանցը վաղուց միայն մեկ-երկու տարբերակով չի սահմանափակվում։ Սրճարաններ, կինոթատրոններ, համերգներ, առևտրի կենտրոններ, զբոսանքներ, թանգարաններ, ցուցահանդեսներ․ ընտրությունը մեծ է, իսկ որոշումը հաճախ կախված է շատ պարզ հարցերից՝ որքան ժամանակ ունես, ինչքան գումար ես պատրաստ ծախսել և, ամենակարևորը, ընկերներդ որտե՞ղ են ուզում գնալ։
20-ամյա Մարիամի համար ընկերների հետ հանդիպելիս ամենակարևորը միասին ժամանակ անցկացնելն է։
«Եթե ընկերներով ենք հավաքվում, սովորաբար սրճարան ենք գնում կամ ուղղակի ինչ-որ տեղ նստում ենք։ Թանգարան էլ սիրում եմ, բայց դա ավելի շատ հատուկ օրվա ծրագիր է։ Սրճարան գնալը հեշտ է՝ զանգում ենք իրար, պայմանավորվում ու գնում»։
22-ամյա Դավիթը, սակայն, ասում է, որ եթե քաղաքում հետաքրքիր ցուցադրություն կամ միջոցառում կա, ինքն առանց երկար մտածելու կարող է ընտրել հենց մշակութային տարբերակը։
«Ես ամեն շաբաթ թանգարան չեմ գնում, բայց եթե հետաքրքիր ցուցադրություն կա, հաստատ կգնամ։ Նույնիսկ ընկերներիս եմ ասում՝ գնանք։ Ինձ համար կարևոր է, որ ամեն անգամ նույնը չլինի։ Եթե նոր բան կա, հետաքրքրությունն էլ է մեծանում»։
Իսկ 21-ամյա Նարեի համար երբեմն որոշիչը ոչ թե հետաքրքրությունն է, այլ հարմարավետությունը։
«Շատ ժամանակ ուզում ես ինչ-որ տեղ գնալ, բայց հետո մտածում ես՝ ոնց հասնես, ինչքան կարժենա, ընկերներդ կգա՞ն, թե՞ չէ։ Դրա համար ընտրում ես ավելի հեշտ տարբերակը։ Սրճարան գնալու համար առանձնապես պլանավորելու կարիք չկա, իսկ թանգարանի կամ թատրոնի դեպքում պետք է նախօրոք նայել՝ ինչ կա, ժամը հարմար է, տոմս կա՞»։
Այս երեք պատմություններն արդեն ցույց են տալիս, որ երիտասարդների ժամանցը մեկ ընդհանուր ձևով նկարագրել հնարավոր չէ։ Մեկի համար թանգարանը հանգստյան օրվա ծրագիր է, մյուսի համար՝ ընկերների հետ հետաքրքիր հանդիպման տարբերակ, իսկ երրորդը կարող է նույն օրը ընտրել և՛ սրճարանը, և՛ մշակութային միջոցառումը։
Թանգարանները դատարկ չե՞ն
Թվերն էլ չեն հաստատում այն կարծիքը, թե մարդիկ սկսել են հեռանալ թանգարաններից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ 2024 թվականին պետական և համայնքային թանգարաններ այցելել է շուրջ 1 միլիոն 245 հազար մարդ։ Այս տվյալը 2025 թվականի մայիսի 16-ին ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսում։ Մշակութային վայրեր այցելությունների մեջ մեծ տեղ ունեն նաև դպրոցականները։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ 2024/25 ուսումնական տարվա մշակութային կրթության տարվա շրջանակում շուրջ 300 հազար աշակերտ այցելել է թանգարաններ և թատրոններ։ Նախարարի խոսքով՝ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել էր մշակութային կրթության տարի, որի շրջանակում դպրոցականների համար կազմակերպվել էին նաև մշակութային էքսպոներ՝ նրանց ծանոթացնելու մշակութային հաստատությունների գործունեությանը։ Նախարարության հրապարակման համաձայն՝ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 30 տոկոսով և ընդգրկել է հանրակրթական դպրոցների սովորողների մոտ 70 տոկոսը։ Մեկ այլ օրինակ է «Թանգարանների գիշեր» միջոցառումը։ 2024 թվականի մայիսի 18-ին դրան միացել էր 118 թանգարան, որոնք այցելուների համար անվճար բաց էին ժամը 11։00-ից մինչև կեսգիշեր։ «Թանգարանների գիշեր» միջոցառմանը 2024 թվականին միացել է 118 թանգարան։ Այս թվերը ցույց են տալիս, որ թանգարանները շարունակում են ունենալ այցելուներ։ Միաժամանակ երիտասարդների առօրյայում դրանք մրցակցում են ժամանցի բազմաթիվ այլ ձևերի՝ սրճարանների, կինոթատրոնների, զբոսանքի և այլ վայրերի հետ։
Սա բավականին մեծ թիվ է, բայց այն դեռ չի պատասխանում մեկ այլ հարցի՝ այցելուներից քանիսն են երիտասարդները, և այստեղ կարևոր է նաև տարբերել մեկանգամյա մասնակցությունը մշտական հետաքրքրությունից։ Այցելությունների ընդհանուր վիճակագրությունը չի առանձնացնում երիտասարդներին ըստ տարիքի կամ այցելության նպատակի։
Թանգարանը՝ ոչ միայն «հին իրերի» մասին
Թանգարան գնալու ցանկությունը հաճախ կախված է նաև նրանից, թե ինչ է առաջարկում տվյալ վայրը։ Եթե այցը երիտասարդի համար պարզապես ցուցանմուշներին նայելու պարտադիր գործընթաց է թվում, հետաքրքրությունը կարող է արագ մարել։ Իսկ երբ ցուցադրությունը պատմություն ունի, ներկայացված նյութը կապվում է ներկայի հետ, կամ այցելուն կարող է մասնակցել կրթական ծրագրի, այս պարագայում փորձառությունն արդեն այլ է։
Երևանի պատմության թանգարանը և նման հաստատություններն առաջարկում են ցուցադրություններ և կրթական հնարավորություններ, որոնց միջոցով քաղաքի պատմությանը կարելի է ծանոթանալ ոչ միայն դասագրքերից, այլև իրական առարկաների, լուսանկարների ու պատմությունների միջոցով։
Թանգարան այցելելը պարտադիր չէ վերածել մի քանի ժամ տևող ծրագրի։ Երբեմն բավական է մեկ հետաքրքիր ցուցադրություն, մեկ ժամ ազատ ժամանակ և ընկեր, որը նույնպես պատրաստ է նոր բան բացահայտել։
Թանգարանների դերի մասին խոսելիս հետաքրքիր է նաև ոլորտի մասնագետների մոտեցումը։ 2024 թվականին՝ Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել էր, որ թանգարանները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն կրթական ծրագրերին։ Այսինքն՝ թանգարանների գործունեությունը միայն հավաքածուների պահպանումն ու ցուցադրությունը չէ։ Դրանք կարող են նաև սովորելու, հարցեր տալու և տարբեր թեմաներ քննարկելու միջավայր լինել։
Երբ մշակույթը դառնում է ուսումնական ծրագրի մաս
Երիտասարդների՝ մշակութային վայրերի հետ ծանոթությունը հաճախ սկսվում է դեռ դպրոցական տարիներից։ Հայաստանում այս ուղղությամբ գործում է նաև «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագիրը, որի միջոցով դպրոցականները հնարավորություն են ստանում այցելել թանգարաններ, դիտել թատերական ներկայացումներ և մասնակցել համերգային միջոցառումների։
Ծրագրին կարող են մասնակցել պետական և համայնքային ոչ առևտրային մշակութային կազմակերպությունները, ինչպես նաև ոչ պետական թանգարաններն ու թատրոնները։ ԿԳՄՍ նախարարությունը կազմում է մասնակից կազմակերպությունների ցանկը, իսկ դպրոցներն ընտրում են այն հաստատություններն ու միջոցառումները, որոնք համապատասխանում են աշակերտների տարիքին և ուսումնական ծրագրին։
Ծրագրի յուրաքանչյուր շրջափուլ նախատեսված է մեկ տարվա համար, իսկ մշակութային այցելությունները կազմակերպվում են հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում՝ համապատասխան առարկայի կամ մի քանի առարկաների ուսումնական ծրագրին համահունչ։
Այսպիսով, թանգարան կամ թատրոն այցելելը դպրոցականների համար կարող է դառնալ ոչ միայն դասերից դուրս անցկացրած ժամանակ, այլև ուսումնառության հետաքրքիր մաս։ Պատմության դասին քննարկված իրադարձությունները թանգարանում տեսնելը կամ գրական ստեղծագործության բեմականացումը դիտելը հնարավորություն է տալիս նույն նյութին ծանոթանալ այլ միջավայրում։
Ծրագրի մանրամասներն ու մասնակից թանգարանների և թատրոնների ցանկը հասանելի են Hartak.am պետական ծառայությունների հարթակում։
Ի՞նչ են ասում պաշտոնական թվերը և հարցումները
ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2025 թվականի հունվար-մարտին» զեկույցի համաձայն՝ թանգարանային գործունեության վերաբերյալ ներկայացված տվյալները վերաբերում են 2024 թվականին։ Արմստատի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանում հաշվառված 99 թանգարանների այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 3 միլիոն 200 հազար 982։ Նույն տարում թանգարաններում բացվել է 1 035 ժամանակավոր ցուցադրություն, կազմակերպվել է 39 578 էքսկուրսիա և իրականացվել 2 433 գիտակրթական ծրագիր։
Թանգարանային հավաքածուների հիմնական ֆոնդը կազմել է շուրջ 3,2 միլիոն նմուշ, որոնցից 108 820-ը ցուցադրվել են հաշվետու տարվա ընթացքում։ Այս տվյալները ցույց են տալիս, որ թանգարանների գործունեությունը միայն մշակութային արժեքների պահպանումը չէ․ դրանք կազմակերպում են նաև ցուցադրություններ, կրթական ծրագրեր և այցելուների համար տարբեր միջոցառումներ։
Այնուամենայնիվ, այցելությունների ընդհանուր թիվը չի բացահայտում, թե այցելուներից քանիսն են երիտասարդներ, որքան հաճախ են նրանք թանգարան այցելում և ինչ տեղ է մշակութային ժամանցը զբաղեցնում նրանց առօրյայում։ Այս հարցերի շուրջ որոշակի պատկերացում է տալիս երիտասարդների շրջանում անցկացված մեր հարցումը, որին մասնակցել է շուրջ 50 մարդ։
Մեր կատարած հարցման արդյունքներով՝ 50 մասնակցից մոտ 21-ը թանգարան է այցելում տարին մեկ կամ մի քանի անգամ, 10-ը՝ մի քանի ամիսը մեկ, իսկ 7-ը՝ ամիսը մեկ կամ ավելի հաճախ։ Եվս 7-ը թանգարան այցելում է միայն անվճար միջոցառումների կամ հատուկ օրերի ժամանակ, իսկ մոտ 5-ը երբեք կամ գրեթե երբեք չի այցելում։ Այս պատկերը ցույց է տալիս, որ թանգարան այցելելը երիտասարդների մի մասի համար մշակութային ժամանցի տարբերակ է, սակայն հաճախ չի դառնում կանոնավոր սովորություն։
Պատասխաններից պարզ է դառնում նաև, որ մշակութային հաստատություններ այցելելու հարցում կարևոր են ոչ միայն հետաքրքրությունները, այլև հասանելիությունն ու տեղեկացվածությունը։ Վերահաշվարկված տվյալներով՝ մոտ 16 մասնակցի համար խոչընդոտ է հարմար ժամերի բացակայությունը, 14-ի համար՝ հետաքրքիր միջոցառումների մասին տեղեկության պակասը։ Մոտ 7 մասնակից նշել է տոմսի գինը, 5-ը՝ ընկերների հետաքրքրված չլինելը, ևս 5-ը՝ հեռավորությունը կամ տրանսպորտի հետ կապված դժվարությունները։ Մոտ 3 մասնակից նշել է, որ իրեն չի հետաքրքրում այդ ձևաչափը։
Այս արդյունքները ցույց են տալիս, որ թանգարան այցելելու որոշումը պայմանավորված է ոչ միայն անձնական հետաքրքրությամբ, այլև առօրյա գրաֆիկով, ֆինանսական հնարավորություններով և մշակութային միջոցառումների մասին տեղեկություն ստանալու հասանելիությամբ։
Երիտասարդներին թանգարաններ այցելելու հարցում կարող են խրախուսել ժամանակակից և ինտերակտիվ ցուցադրությունները, անվճար կամ մատչելի մուտքը, երիտասարդների համար նախատեսված հատուկ միջոցառումները և ընկերների հետ այցելելու հնարավորությունը։ Հարցման պատասխանների վերահաշվարկով՝ 50 մասնակցից մոտ 22-ը թանգարան այցելելը կարող է դիտարկել որպես ընկերների հետ ժամանցի հետաքրքիր տարբերակ, իսկ մոտ 26-ի համար դրա գրավչությունը կախված է ցուցադրությունից կամ միջոցառումից։ Մոտ 2 մասնակից բացասական պատասխան է տվել։
Հարցման մեկ այլ կարևոր արդյունք վերաբերում է դպրոցական տարիներին մշակութային հաստատություններ այցելելու փորձին։ Ըստ մեր հարցման տվյալների մոտ 21 մասնակից նշել է, որ դպրոցական ծրագրի շրջանակում թանգարան կամ թատրոն այցելելն ավելի է մեծացրել իր հետաքրքրությունը։ Մոտ 19-ի դեպքում այդ փորձն առանձնապես ազդեցություն չի ունեցել, 9-ը դժվարացել է պատասխանել, իսկ մոտ 2-ը նշել է, որ նման ծրագրի չի մասնակցել։ Սա ցույց է տալիս, որ դպրոցական այցելությունները կարող են նպաստել մշակութային հետաքրքրության ձևավորմանը, թեև դրանց ազդեցությունը բոլորի դեպքում նույնը չէ։
Մշակութային ծրագրերի մասին տեղեկացվածության հարցում ևս նկատվում է որոշակի բաց։ «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի վերաբերյալ վերահաշվարկված տվյալներով՝ 50 մասնակցից մոտ 28-ը առաջին անգամ է լսել ծրագրի մասին, 14-ը լսել է, բայց մանրամասներին ծանոթ չէ, իսկ մոտ 9-ը նշել է, որ գիտի ծրագրի մասին։ Այս արդյունքները մատնանշում են ծրագրի մասին տեղեկության տարածման կարևորությունը։
Այսպիսով, պաշտոնական վիճակագրությունն ու հարցման պատասխանները լրացնում են միմյանց․ առաջինը ներկայացնում է Հայաստանի թանգարանների գործունեության ընդհանուր ծավալը, իսկ հարցումը հնարավորություն է տալիս դիտարկելու երիտասարդների վերաբերմունքը, նախընտրություններն ու հնարավոր խոչընդոտները։ Թեև հարցման սկզբնական մասնակիցների թիվը սահմանափակ է, պատասխանները մատնանշում են մի շարք խնդիրներ՝ թանգարաններ այցելելու հաճախականության, միջոցառումների մասին տեղեկացվածության և մշակութային ժամանցի հասանելիության հետ կապված։
Երիտասարդների շրջանում թանգարանների նկատմամբ հետաքրքրությունը խթանելու համար կարևոր է ոչ միայն պահպանել ու ցուցադրել մշակութային արժեքները, այլև դրանք ներկայացնել ժամանակակից ձևաչափերով, ապահովել այցելության հարմար պայմաններ և մշակութային միջոցառումների մասին տեղեկությունը հասանելի դարձնել երիտասարդներին։
Իսկ ի՞նչ են անում ուրիշ երկրներում
Իսկ ինչպե՞ս են փորձում երիտասարդներին թանգարաններ ներգրավել այլ երկրներում։ Դանիայի օրինակը ցույց է տալիս, որ երբեմն բավական է ոչ միայն հետաքրքիր ցուցադրություն կազմակերպել, այլև մշակութային այցը դարձնել ավելի հասանելի ու ինքնաբուխ։
Այդ նպատակին է ծառայում K7 WEEK նախաձեռնությունը։ Ամեն տարի Դանիայում 18–27 տարեկան երիտասարդները մեկ շաբաթվա ընթացքում կարող են անվճար այցելել ավելի քան 200 թանգարան և ցուցադրության վայր։ 2024 թվականին ծրագրի շրջանակում թանգարանների, թատրոնների և համերգային վայրերի համար օգտագործվել է 70 հազար տոմս։
Նախաձեռնության գաղափարը պարզ է․ երիտասարդը չպետք է ամեն անգամ երկար մտածի՝ արժե՞ գումար ծախսել մշակութային միջոցառման վրա, թե՞ ավելի հեշտ է ընկերների հետ մեկ այլ տեղ գնալ։ Անվճար մուտքի հնարավորությունը նրան թույլ է տալիս փորձել մի բան, որը գուցե նախկինում չէր ընտրի։
Ավելին, K7-ի շրջանակում գործում է նաև K7 PLUS ծրագիրը, որը 18–27 տարեկան երիտասարդներին հնարավորություն է տալիս անդամակցության միջոցով ամբողջ տարվա ընթացքում անվճար այցելել ավելի քան 50 թանգարան, արվեստի սրահ և ցուցադրության վայր։ Այսպիսով, մշակութային կյանքին մասնակցելու հնարավորությունը չի սահմանափակվում միայն մեկ շաբաթով։
Իսկ արդյո՞ք թանգարան այցելելը կարող է դառնալ ընկերների հետ ժամանակ անցկացնելու սովորական տարբերակ։ Դանիայի թանգարանների 2024 թվականի ազգային այցելուների հարցման համաձայն՝ հարցվածների 92%-ը թանգարան էր այցելել այլ մարդկանց՝ ընտանիքի անդամների, ընկերների կամ գործընկերների հետ։ Միաժամանակ 14–29 տարեկան այցելուների 13%-ը նշել էր, որ իրենց այցելության փորձը դժվար թե խորհուրդ տային ուրիշներին։ Ընդհանուր հարցվածների շրջանում այդ ցուցանիշը 8% էր։
Հարցումն անցկացվել էր թանգարաններում՝ այցելուների շրջանում, և ներառել էր 66 402 պատասխան։ Այն ներկայացուցչական համազգային հարցում չէ, սակայն հետաքրքիր պատկեր է տալիս հենց այցելուների փորձի մասին։ Տվյալները հուշում են, որ երիտասարդներին թանգարան բերելը միայն առաջին քայլն է․ կարևոր է նաև, թե ինչ տպավորությամբ են նրանք հեռանում։
Երիտասարդներին ներգրավելու մեկ այլ ճանապարհ էլ փորձում է գտնել Դանիայի ազգային թանգարանը։ 2025 թվականի մարտին այն մեկնարկել է «Moving Museums Through Play» եռամյա հետազոտական ծրագիրը։ Դրա շրջանակում ութ թանգարանային վայրերում ուսումնասիրվում է, թե ինչպես կարելի է խաղային մոտեցումների միջոցով թանգարանային այցելությունն ավելի հետաքրքիր դարձնել տարբեր տարիքի մարդկանց համար։
Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ թանգարանային փորձառությունը դիտարկվում է ոչ միայն որպես տեղեկություն ստանալու, այլև ակտիվորեն մասնակցելու հնարավորություն։ Այստեղ խաղը պարզապես զվարճանք չէ, այլ միջոց՝ այցելուներին ներգրավելու, նրանց հետաքրքրությունը խթանելու և մշակութային տարածքի հետ նոր կապ ստեղծելու համար։
Դանիայի այս օրինակները Հայաստանի համար էլ հետաքրքիր հարց են առաջ բերում․ եթե երիտասարդին առաջարկենք ոչ միայն թանգարան մտնել, այլև մատչելի գնով այցելել, ընկերների հետ մասնակցել կամ ցուցադրության մեջ ակտիվորեն ներգրավվել, արդյո՞ք «արի թանգարան գնանք» արտահայտությունն ավելի հաճախ կհնչի ընկերական զրույցներում։
Երբ գրադարանը պարզապես գրքերով լի սենյակ չէ
Գրադարանները սրճարանների և ժամանցի այլ վայրերի պատկերում սովորաբար մնում են երկրորդ պլանում՝ ընկալվելով հիմնականում որպես ընթերցելու կամ դասերի պատրաստվելու վայրեր։ Սակայն դրանք կարող են շատ ավելին լինել՝ հանդիպելու, սովորելու, ստեղծագործելու և նոր հետաքրքրություններ բացահայտելու տարածքներ։
Հայաստանի գրադարանների նկատմամբ հետաքրքրությունը միայն անհատական պատմություններով չէ, որ կարելի է դիտարկել։ Գրադարանների միջազգային ֆեդերացիայի՝ IFLA-ի գրադարանային տվյալների հարթակում Հայաստանի համար 2024 թվականին նշված է շուրջ 3,54 միլիոն ֆիզիկական այց։ Այս ցուցանիշը վերաբերում է բոլոր այցելուներին և ինքնին չի ցույց տալիս, թե նրանցից քանիսն են երիտասարդներ կամ ինչ նպատակով են այցելել գրադարաններ։ Այնուամենայնիվ, այն ընդգծում է, որ գրադարանները շարունակում են մնալ հանրային կյանքի մաս։ Հարցն այն է, թե ինչպես դրանք կարող են ավելի գրավիչ դառնալ նաև երիտասարդների համար։
Այդ հնարավորության հետաքրքիր օրինակ է Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի երիտասարդական կենտրոնը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին հրապարակված նյութի համաձայն՝ նախկին գրադարանը վերածվել է մի տարածքի, որտեղ գրքերը ոչ միայն պահպանվում են, այլև դառնում են կրթական, մշակութային ու համայնքային կյանքի մի մասը։ Կենտրոնի ձևավորմանը մասնակցել է 15 երիտասարդ կամավոր։ Նրանք մաքրել ու դասակարգել են շուրջ 11 հազար գիրք՝ դրանք մուտքագրելով համակարգչում և ավելի հասանելի դարձնելով ընթերցողներին։
Կենտրոնի արժեքը, սակայն, միայն գրքերի քանակով չի սահմանափակվում։ 18-ամյա Նանեն պատմել է, որ հայկական տարազներին նվիրված գրքերի միջոցով ծանոթանում է Հայաստանի տարբեր շրջանների մշակույթին։ Իսկ 14-ամյա Մելինեն գրադարանն օգտագործում է սովորելու և դպրոցական նախագծերն ավելի ստեղծագործ միջավայրում պատրաստելու համար։ Այս օրինակները ցույց են տալիս, որ գրքի նկատմամբ հետաքրքրությունը կարող է վերածվել նաև մշակույթն ուսումնասիրելու, նոր հմտություններ ձեռք բերելու և սեփական հետաքրքրությունները զարգացնելու հնարավորության։
Վերիշենի կենտրոնը նախատեսել է նաև ուսումնական սենյակներ, գրադարան-սրճարան և լուսանկարչական տարածք, որտեղ երիտասարդները կարող են ծանոթանալ լուսանկարչությանը և մասնակցել կրթական ծրագրերի։ Այսինքն՝ գրադարանը վերափոխվել է մի վայրի, որտեղ կարելի է ոչ միայն գիրք վերցնել, այլև ընկերների հետ ժամանակ անցկացնել, սովորել ու նոր բան փորձել։ Կենտրոնի հիմնադրման մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակման համաձայն՝ այն նախատեսված է տարեկան մոտ 500 դեռահասի և երիտասարդի ծառայություններ մատուցելու համար։
Վերիշենի օրինակը կարևոր է նաև երիտասարդների մշակութային ժամանցի մասին այս նյութի համատեքստում։ Այն ցույց է տալիս, որ խնդիրը միշտ չէ, որ երիտասարդների՝ մշակույթի նկատմամբ հետաքրքրության բացակայությունն է։ Երբեմն կարևոր է նաև այն, թե ինչ հնարավորություններ են առաջարկում մշակութային հաստատությունները, որքան հասանելի են դրանք և արդյոք երիտասարդն այնտեղ կարող է գտնել իրեն հետաքրքրող զբաղմունք։
Սա համահունչ է նաև մեր հարցման հիմնական հարցադրումներին․ ի՞նչն է ազդում երիտասարդների՝ մշակութային վայրեր այցելելու որոշման վրա, և ի՞նչը կարող է նրանց մղել ավելի հաճախ ընտրելու այդպիսի միջավայրերը։ Եթե գրադարանը կամ մշակութային կենտրոնը երիտասարդի համար դառնում է ոչ թե պարտադիր այցելության վայր, այլ հանդիպելու, նոր բան սովորելու և սեփական հետաքրքրությունները զարգացնելու հնարավորություն, ապա այն կարող է դառնալ նաև նրա առօրյայի բնական մասը։
Իսկ ի՞նչ է ընտրում երիտասարդը
Երիտասարդների ազատ ժամանակը դժվար է տեղավորել մեկ սահմանման մեջ։ Մեկի համար լավ հանգիստը ընկերների հետ սուրճ խմելն է, մյուսի համար՝ կինոթատրոն գնալը, զբոսնելը կամ տանը ֆիլմ դիտելը։ Թանգարանն այս ընտրությունների շարքում ընդամենը մեկ տարբերակ է, բայց հարցն այն է, թե ինչու այն հաճախ չի դառնում առաջիններից մեկը։
Գուցե խնդիրը երիտասարդների՝ մշակույթի նկատմամբ անտարբերությունը չէ, այլ այն, թե մշակութային վայրերն ինչպես են ներկայանում նրանց։ Եթե թանգարանը երիտասարդի պատկերացումներում շարունակում է մնալ լուռ սրահների, ցուցափեղկերի ու անցյալի մասին պատմությունների տարածք, դժվար է այն պատկերացնել որպես ընկերների հետ անցկացրած հետաքրքիր օրվա մաս։ Բայց երբ ցուցադրությունը պատմելու բան ունի, երբ այնտեղ կարելի է ինչ-որ բան բացահայտել, մասնակցել, քննարկել ու սեփական տպավորություններով կիսվել, թանգարանն այլևս պարզապես այցելության վայր չէ․ այն դառնում է փորձառություն։
Մեր հարցման պատասխաններն էլ ցույց են տալիս, որ երիտասարդների ընտրության վրա կարող են ազդել ամենապարզ թվացող հանգամանքները՝ տոմսի գինը, այցելության հարմար ժամը, միջոցառումների մասին տեղեկացվածությունը կամ ընկերների հետաքրքրված լինելը։ Այսինքն՝ երբեմն թանգարան գնալու ցանկությունը կարող է լինել, բայց դրան հասնելու ճանապարհը՝ ոչ այնքան հեշտ։
Սրճարանն ու թանգարանը պարտադիր չէ հակադրել իրար։ Մեկում կարելի է ժամերով զրուցել, մյուսում՝ միասին նոր բան բացահայտել։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ մշակույթը պարտադիր չէ ավարտվի թանգարանի դռների մոտ․ այն կարող է շարունակվել ընկերների քննարկումներում, լուսանկարներում, նոր հարցերում ու նույնիսկ այն պատմություններում, որոնք հետո կպատմեն ուրիշներին։
Ուստի հարցը միայն այն չէ, թե ինչու երիտասարդները հաճախ չեն գնում թանգարաններ։ Ավելի կարևոր է հասկանալ՝ ի՞նչ պետք է փոխվի, որպեսզի նրանք ցանկանան գնալ։ Որովհետև մշակույթը երիտասարդին մոտեցնելու համար բավական չէ պարզապես բաց պահել դռները։ Պետք է նաև պատճառ տալ ներս մտնելու համար։
Գուցե թանգարանների ամենամեծ հաջողությունը ոչ թե այցելուների թվի աճը լինի, այլ այն պահը, երբ երիտասարդը դուրս գա սրահից՝ իր հետ տանելով ոչ միայն տեսածի հիշողությունը, այլև նոր միտք, հարց կամ զգացողություն։ Երբ մշակույթն այլևս պարտադիր այց չէ, այլ անձնական ընտրություն։ Եվ երբ «ո՞ւր գնանք այսօր» հարցին թանգարանն այլևս անսպասելի պատասխան չէ, այլ մի վայր, որտեղ իսկապես ուզում ես վերադառնալ։