Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստանոցում յուղաներկերի ու լուծիչի սուր հոտ է։ Կտավների և մոլբերտների արանքում կանգնած չորրորդ կուրսի ուսանողուհի Աննա Այվազյանը վրձնի վերջին շտրիխներն է անում՝ պարբերաբար հայացքը գցելով հեռախոսի ժամացույցին։ Դասամիջոցին հաշված րոպեներ են մնացել, իսկ առջևում դեռ խիտ գրաֆիկ է ու անկախ ուսանողական առօրյայի հոգսերը։
Աննան Երևան է եկել Ջավախքից։ Նրա համար բարձրագույն կրթության ճանապարհը սկսվել է տարիներ առաջ՝ բարդ երկընտրանքից՝ շարունակե՞լ ուսումը Վրաստանում, թե՞ տեղափոխվել Հայաստան։
«Վրաստանում սովորելու համար պետք էր վրացերենին շատ լավ տիրապետել։ Դպրոցում ստացած գիտելիքներս բավարար չէին, որ առանց լրացուցիչ պատրաստության ընդունվեի Թբիլիսի»,- պատմում է Աննան՝ ներկապնակի վրա խառնելով գույները։
Լեզվական խոչընդոտն ու ֆինանսական հաշվարկները վճռորոշ դարձան․Աննան ընտրեց Երևանը։ Սակայն նոր քաղաք տեղափոխվելը նոր փորձությունների սկիզբ էր։
Արվեստի հանդեպ սերը նրա մեջ արթնացել էր դեռ վաղ մանկությունից, երբ փոքրիկ ձեռքերով սիրով կարում էր, գործում ու ստեղծագործում։
«Չեմ հիշում կոնկրետ մի պահ, որ մտածած լինեմ՝ վերջ, այս ճանապարհն եմ ընտրում։ Դա փոքրուց է եկել․ այն, ինչ սիրով ես անում, դառնում է քո մասնագիտությունը»,- ասում է նա։
Բուհ ընտրելիս երկար ուսումնասիրեց արվեստի բոլոր կրթօջախները։ Գեղարվեստի ակադեմիայի մասին պատմությունները՝ իրենց ստեղծագործական շնչով, վերջնականապես հուշեցին ընտրությունը։ Արվեստանոցի աղմուկի մեջ նա մի պահ կանգ է առնում, մի փոքր հեռվից ուսումնասիրում իր նոր ծնվող կտավը.
-Ուսանողական կյանքը միայն լսարանն ու ստեղծագործելը չէ։ Երկու անգամ փորձել եմ աշխատել ընտրածս մասնագիտությամբ։ Բայց սիպված եղա հրաժարվել՝ ընտրելով ուսումը,-ասում է Աննան։
Ես փորձում էի նրա հայացքում ափսոսանք որսալ, որովհետև ուսանողները հաճախ են համատեղում ուսումն ու աշխատանքը, հաճախ` հենց ուսման հաշվին։ Բայց զգուշությամբ կտավին վրձնահարվածներ հասցնող այս աղջկա հանգստությունը հուշում էր, որ իր համար հենց այդ ընտրությունն է օրինաչափը։ Առայժմ նրա կեցության ու ուսման ծախսերը հոգում են ծնողները։
-Ուզում էի ֆինանսապես որոշ չափով անկախանալ,- շարունակում է,-բայց հասկացա, որ դա դեռ խանգարում է։ Իհարկե, երբ ընտանիքից հեռու ես, ամեն ինչ ինքնուրույն ես անում, սովորում ես ավելի պատասխանատու լինել, ամեն լուման հաշվարկել։ Ոչինչ, կգտնեմ այնպիսի մի աշխատանք, որն ինձ ստեղծագործելու ու ինքնակատարելագործվելու նոր լիցքեր կտա»,- ասում է նա՝ դասամիջոցի հնչող զանգի ղողանջի ներքո հավաքելով վրձինները։
Ուսումն ավարտելուց հետո Աննայի ճանապարհն այլևս դեպի Ջավախք չի տանի․հայրենի եզերքը, չնայած իր վրձնի ու երևակայության համար անսահման հնարավորություններ էր տալիս, բայց ինքնազարգացման տարածքն ու հեռանկարյերը չափազանց նեղ են։
-Դեռ կշարունակեմ այստեղ,- կարծես կռահում է մտքիս ընթացքը,- միջավայրն արդեն հարազատ է դարձել, իսկ մասնագիտական հորիզոնները՝ շատ ավելի բաց ու լայն են։
Ուսանողները միջանցքներում վայելում են դասամիջոցի մի քանի րոպեների ազատությունը։ Աննան նստում է պատուհանագոգին։ Դանդաղ թերթում է հեռախոսի հաղորդագրությունները։ Դեմքին թույլ, կարոտախառը ժպիտ է խաղում։
-Ամենադժվարը,- ասում է կարծես քթի տակ, ինքնաբերաբար,- ֆինանսական սահմանափակումները չեն, այլ... կարոտը։
Հայրենի Ջավախք հաճախ գնալ չի ստացվում. ճանապարհը երկար է, ծախսատար։
-Վերջին անգամ տանն եմ եղել COP17-ի շրջանակում տրված երկշաբաթյա արձակուրդի ժամանակ։ Այդ երկու շաբաթն այնքան արագ անցավ, որ չհասցրի բոլորից կարոտս առնել»,- ժպտում է Աննան: Հայացքում տխրություն կա, որ տարալուծվել է լուսամուտից այն կողմ ընկած հորիզոններում. կարծես հեռվում իրենց տունն է փնտրում։
Երևանյան արվեստանոցում կտավի վրա աստիճանաբար ուրվագծվում է նոր նկարը։ Հարցնում եմ՝ ի՞նչ է ստեղծում։ Աչքերը փայլում են. «Գծանկարների վրա եմ հիմա կենտրոնացած։ Աֆրիկյան դիմանկար է»։
Անգամ հեռավոր մայրցամաքի կերպարները նկարելիս՝ կտավի շուրջ հյուսվում է Աննայի ներկայի ու հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ գտնվող Ջավախքի անտեսանելի կապը։ Քիչ այն կողմ նրա մեկ այլ կտավ է, վրձինը չի զլացել կտավին պայթեցնել Ջավախքի տաք գույները` նրա ինքնության հետքերը, որոնք չեն խամրել երևանյան հարազատ աղմուկներում։
Աննայի պատմությունը մեկն է այն հարյուրավոր ջավախքցի երիտասարդների պատմություններից, որոնց համար Հայաստանում կրթություն ստանալը ոչ միայն մասնագիտություն ձեռք բերելու, լեզվական արգելքները, հեռավորությունն ու կարոտը հաղթահարելու, այլ նաև սեփական ինքնության վերահաստատման ու մի քիչ էլ կյանքում սեփական տեղը գտնելու ամենօրյա պայքարի մասին է։