Պետական քաղաքականության համատեքստում թվայնացման գործընթացը նպատակ ունի պարզեցնել վարչարարությունն ու կրճատել թղթաբանությունը։ Սակայն վերջին շրջանում տնտեսավարողները, հաշվապահներն ու ֆինանսիստները պարբերաբար բախվում են պետական եկամուտների կոմիտեի e-Invoicing համակարգի և Mobile ID էլեկտրոնային ստորագրության հաճախակի ու տևական խափանումներին։ Այդ տեխնիկական խնդիրների պատճառով անհնար է դառնում էլեկտրոնային փաստաթղթերի ժամանակին դուրսգրումը, ստորագրումն ու հաշվետվությունների ներկայացումը։
Ստեղծված իրավիճակն ունենում է լուրջ գործառնական հետևանքներ բիզնեսի համար։ Հաշվապահական ընկերության ներկայացուցչի փոխանցմամբ՝ ամենօրյա աշխատանքը պարզապես կուտակվում է, իսկ մասնագետները չեն կարողանում անգամ տարրական գործողություններն անել։
«Ամեն օր աշխատանքի ենք գալիս այն մտքով, թե գոնե այսօր նորմալ կաշխատի, գոնե այսօր խնդիր չի լինի, բայց ապարդյուն՝ արդեն մեկ ամիս է՝ նույն վիճակն է։ Չենք կարողանում ո՛չ հաշիվ-ապրանքագիր դուրս գրել, ո՛չ ստորագրել, ո՛չ էլ հաշվետվություն հանձնել։ Ստիպված աշխատանքային ժամերից ավելի երկար ենք մնում՝ սպասելով, թե երբ է համակարգը վերջապես աշխատելու»։
Մեկ այլ մասնագետ էլ ընդգծում է, որ e-Invoicing-ի և Mobile ID-ի խափանումների պատճառով ամբողջ առևտուրն ու լոգիստիկան պարզապես կանգ են առնում։
«Առաքումները կանգնում են․ առանց հաշիվ-ապրանքագրի ո՞ւր գնա առաքիչը, կամ ինչպե՞ս ապրանքը տեղ հասցնի։ Անգամ վերադարձի հաշիվ չենք կարողանում ստեղծել։ Ուշացումների պատճառով լարվում են հարաբերությունները գործընկերների հետ»։
Ապրանքաշրջանառության կանգի ակնհայտ օրինակ է ներմուծմամբ ու մատակարարմամբ զբաղվող ընկերություններից մեկի փորձը։ Անանուն մնալ ցանկացող ընկերության ներկայացուցիչն ասում է։
«e-Invoicing-ի խափանման պատճառով 3 առաքման մեքենա շուրջ 4 ժամ կանգնել էին պահեստում։ Առանց էլեկտրոնային փաստաթղթի ապրանքը տեղափոխել չենք կարող՝ խոշոր տուգանքների ռիսկ կա, իսկ պահեստում սպասելը պարզապես խաթարում է մատակարարման ողջ գրաֆիկը»։
Խնդիրը խորանում է նաև իրավական ու ֆինանսական ռիսկերով։ ՀՀ հարկային օրենսդրությամբ տեղափոխվող ապրանքը պարտադիր պետք է ուղեկցվի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթով, իսկ առանց դրա առաքում իրականացնելու դեպքում կարող են խոշոր տուգանքների հանգեցնել։ Թեև իրավական տեսանկյունից պետական համակարգերի տեխնիկական խափանման դեպքում տնտեսավարողները չպետք է ենթարկվեն պատասխանատվության (պայմանով, որ համակարգի վերականգնումից հետո փաստաթղթերն անմիջապես ձևակերպվում են), գործնականում բիզնեսը հայտնվում է բարդ երկընտրանքի առջև։ Տնտեսավարողները կա՛մ ստիպված են ռիսկի դիմելով առաքել ապրանքը և հետագայում վարչական կամ դատական կարգով ապացուցել խափանման փաստը, կա՛մ սպասել համակարգի կարգավորվելուն՝ կրելով պարապուրդի ու լոգիստիկ ուշացումների վնասները։
Մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊԵԿ «ՋԻ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ալինա Ավետիսյանի ստացված պաշտոնական գրության մեջ նշվում է, որ e-Invoicing համակարգի խափանումները պայմանավորված են բացառապես էլեկտրոնային ստորագրության գործընթացով, որն իրենց իրավասության տիրույթից դուրս է։
«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում նկատվող խնդիրները պայմանավորված են ստորագրման գործընթացների ժամանակ առաջացող խնդիրներով, ինչը դուրս է ՀՀ ՊԵԿ գործառույթների շրջանակից»:
Գերատեսչությունից նաև հավելել են, որ իրենք արդեն դիմել են էլեկտրոնային ստորագրությունը սպասարկող մասնավոր կազմակերպությանը՝ առաջացած խնդիրներին կարգավորում տալու նպատակով:
Սլաքները, բնականաբար, ուղղվում են դեպի Mobile ID էլեկտրոնային ստորագրության ծառայությունը մատուցող «ԻՄ ԱՅԴԻ» ՓԲԸ-ն։ Բայց արդյո՞ք այստեղ պատրաստ են վերցնել ամբողջ պատասխանատվությունը։
Ընկերության տնօրեն Կարեն Մկոյանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչ Սվետլաննա Մալեչյանն ընդունել է, որ համակարգում առկա են լուրջ ծանրաբեռնվածություններ և խափանումներ, սակայն նկատել է, որ դրանց պատճառները միշտ չէ, որ իրենց տիրույթում են։
«Հաստատում ենք, որ Mobile ID համակարգում առկա ծանրաբեռնվածության պատճառով վերջին շրջանում առաջացել են աշխատանքի խափանումներ, որոնք ազդել են ծառայության հասանելիության և գործարքների բնականոն իրականացման վրա։ Այնուամենայնիվ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ համակարգի խափանումները հաճախ տեղի են ունենում նաև «ԻՄ ԱՅԴԻ» ՓԲԸ-ի իրավասության տիրույթից դուրս»։
Ստեղծված իրավիճակին տեխնիկական տեսանկյունից գնահատական տալու համար դիմեցինք ՏՏ մասնագետ Արթուր Պապյանին։ Վերջինս նշում է, որ առանց համակարգերիին, սերվերային հզորություններին ու ճարտարապետությանը ներսից ծանոթանալու, կոնկրետ ծրագրային լուծումներ մեկնաբանել չի կարող, սակայն որպես օգտատեր պատկերն ակնհայտ է։
«Դրանք փոխկապակցված համակարգեր են և առանձնապես զարմանալի չէ, որ մեկի արգելափակումը հանգեցնում է մյուսի վատ աշխատանքին և հակառակը»։
Անդրադառնալով պատասխանատվությունը միմյանց վրա գցելուն և համակարգային խոտաններին՝ Արթուր Պապյանն ընդգծում է, որ առաջնայինը պետության կողմից այլընտրանքային լուծումների ապահովումն է։
«Խնդիրները շարունակական են, և կարծում եմ՝ պետությունը այս իրավիճակում պետք է ստեղծի այլընտրանքային իդենտիֆիկացման և էլեկտրոնային ստորագրման համակարգ։ Ժամանակին կար ID քարտերով ստորագրման համակարգը, հասկանալի չէ՝ այն կվերականգնվի և կվերագործարկվի, թե ոչ»։
Մասնագետը նաև փաստում է, որ նմանատիպ տեխնիկական խնդիրները գլոբալ առումով անհաղթահարելի չեն․ «Այս խնդիրը աշխարհի շատ ավելի բազմամարդ երկրներում լուծվել է, ինչ-որ անհնար կամ դժվար բան այդտեղ չկա, և առնվազն տարօրինակ է, որ նման խնդիրներ ենք տեսնում մինչև հիմա»։
Զուգահեռաբար, որպես երկարաժամկետ տեխնիկական լուծում, «ԻՄ ԱՅԴԻ» ՓԲԸ-ն հայտնել է, որ մշակվել է նոր սերնդի բջջային հավելվածի վրա հիմնված համակարգ, որն առաջիկայում նախատեսվում է ինտեգրել ՊԵԿ համակարգերին՝ ծառայության կայունությունն ապահովելու համար։
Այսպիսով, ստացվում է փակ շրջան․ ՊԵԿ-ը պատասխանատվությունը փոխանցում է էլեկտրոնային ստորագրությունը սպասարկողին, վերջինս նշում է, որ խնդիրներն իր տիրույթից դուրս են, իսկ բիզնեսը ստիպված է կրել մատակարարումների խափանման կորցված ժամանակի, իրավական անորոշության ողջ ծանրությունը։ Քանի դեռ պատասխանատու կողմերը քննարկում են ապագայի տեխնիկական լուծումներն ու նոր հավելվածների ինտեգրումը, օրակարգային է մնում պետության կողմից անհապաղ այլընտրանքային ու կայուն համակարգերի ապահովումը։ Առանց հուսալի թվային ենթակառուցվածքների՝ հայտարարված պարզեցված վարչարարությունն ու լիարժեք թվայնացումը ոչ թե թեթևացնում են տնտեսավարողների գործը, այլ դառնում լրացուցիչ խոչընդոտ բիզնեսի բնականոն աշխատանքի համար։