06.13.2025
Կատեգորիա
Դիմանկար
դերձակ

Թումանյան փողոցում, Երևանի սրտում, կա մի փոքրիկ կարի արհեստանոց, որի ցուցափեղկն անցորդներին ոչնչով չի գրավում։ 

Վարագույրը կիսաբաց էր։ Ձեռքերը կտորն էին տեղաշարժում կարի մեքենայի տակ։ Ներս մտա։ Հին կարի մեքենայի հետևում առավոտյան ժամը 9-ից աշխատում է Պետիկ պապիկը, ով, հետո պարզ դարձավ, որ Երևանի այս անկյունի կենդանի խորհրդանիշն է:

«Հիմա ի՞նչ, վաղվանից ռոզիսկի մե՞ջ եմ», - կատակում է նա, երբ ասում եմ, որ ուզում եմ իր մասին պատմել: Ակնոցի հետևից կյանքով լեցուն աչքերն այնպես են փայլում, այնքան անմիջական է զրուցում՝ կարծես հանդիպել եմ հին ընկերոջս։ 
 

դերձակ
դերձակ

Սովետական «Զինգեր» կարի մեքենան, որը նրա ամենօրյա գործիքն է, ինքնին մի պատմություն է: «Նոր կարի մեքենաները նուրբ են», - լրջորեն բացատրում է նա՝ մատները սահեցնելով մետաղյա մեխանիզմի վրայով:

«Ամեն տարի ընտանիքով գնում ենք ճամփորդելու, - անսպասելիորեն շեղվում է մեր զրույցի թեմայից, - պարտադիր տեսախցիկ եմ տանում հետս»: Լուսանկարչությունը, պարզվում է, նրա երկրորդ կիրքն է, բայց՝ ոչ հեռախոսով: «Canon տեսախցիկ ունեմ, մի հատ էլ հին Zenit», - հպարտությամբ նշում է նա:

«Առաջին կոստյումը կարելուց հետո առաջին գումարս աշխատեցի ու հասկացա, որ գործը դուրս գալիս է», - հիշում է նա: «Էդպես էլ մինչև հիմա»:

դերձակ
դերձակ
Նարե Շավինյան